
«Էյր Արմենիա»-ն չորրորդ անգամ չվերթ է հետաձգում. ուղևորները փոխհատուցում են պահանջում
«Էյր Արմենիա» հայկական փոխադրողն արդեն չորրորդ անգամ հետաձգում է Երևան-Կրասնոդար չվերթը:
Լուսինե և Հայկ Մուրադյանները հոկտեմբերի 25-ին Երևան-Կրասնոդար չվերթով պետք է վերադառնային Ռուսաստանի Դաշնություն: «Էյր Արմենիա» ընկերությունից հոկտեմբերի 23-ին զանգահարել և ասել են, որ իրենց չվերթը տեղափոխվում է մեկ օր առաջ՝ հոկտեմբերի 24-ին:
«Մենք չավարտած գործեր և պայմանավորվածություններ ունեինք հոկտեմբերի 24-ին և չէինք կարող նախատեսվածից շուտ մեկնել, խնդրեցինք մեր թռիչքը տեղափոխել հաջորդ չվերթին, որը հոկտեմբերի 27-ի կեսօրին էր: Այսինքն՝ մենք դեռ երկու օր պետք է ավել մնայինք մեր նախատեսածից»,-պատմում է Լուսինե Մուրադյանը:
Սակայն հոկտեմբերի 26-ին նորից «Էյր Արմենիա» ընկերության ներկայացուցիչը զանգահարել և զգուշացրել է, որ Երևան-Կրասնոդար չվերթը կրկին հետաձգվում է, այս անգամ հոկտեմբերի 29-ին: Հարցին, թե ինչն է հետաձգման պատճառը, աշխատակիցը հրաժարվել է պատասխանելուց:
«Ընդ որում՝ մեզ ասում են, եթե համաձայն չեք, կարող եք գալ ձեր տոմսերը ետ վերադարձնել: Բայց մենք այդ նույն գումարով այլ ավիաընկերությունից տոմս գնել չենք կարող, քանի որ մենք իրենց տոմսերը նախօրոք էինք գնել, և թռիչքի օրը կամ դրանից մեկ օր առաջ տոմսերը շատ ավելի թանկ արժեն»,-շարունակում է Լուսինեն:
Լուսինեն պահանջել է իրենց անպայման հոկտեմբերի 27-ին որևէ այլ ընկերությամբ ուղարկել Ռուսաստանի Դաշնություն, քանի որ հոկտեմբերի 27-ին արձակուրդից պետք է վերադառնար աշխատանքի, ինչը արդեն իսկ չի արել՝ թռիչքի ուշացման պատճառով:
«Ես նախատեսածից երկու օր ավել մնացի, քայքայեցի նյարդեր և ավելորդ գումարներ ծախսեցի, ուշացա աշխատանքից, իսկ ինձ ասում են՝ եկեք տոմսը ետ վերցրեք ու վերջ: Հայկական փոխադրողը պետք է հասկանա, որ այս աշխատաոճով չի կարող ուղևորներ գրավել և շարունակել իր աշխատանքը, այլ շուտով կփակվի, որովհետև որևէ քաղաքացի չի վստահի անպատասխանատու ավիափոխադրողի»,-ասում է նա:
Հայկ և Լուսինե Մուրադյանները հոկտեմբերի 27-ին այցելել են «Էյր Արմենիա»-ի գրասենյակ և պահանջել այդ օրվա՝ այլ ընկերության չվերթով իրենց ուղարկել, այլապես այս ամենի մասին տեղյակ կպահեն ԶԼՄ-ներին: Ընկերությունը ստիպված գնել է «Աերոֆլոտ» ընկերության չվերթի տոմս և ապահովել ուղևորների հետդարձը Կրասնոդար:
Նույն պահին գրասենյակում գտնվող Աշտարակի մեկ այլ բնակիչ, որը կնոջ համար նույնպես այդ չվերթով տոմս էր գնել, պահանջել է իր կնոջ համար էլ տոմս ձևակերպել, սակայն ընկերության աշխատակիցները հրաժարվել են, և ետ են վերադարձրել տոմսի գումարը: Աշտարակի բնակիչը նույնպես նոր տոմս է գնել՝ գումար ավելացնելով:
Մուրադյանները երկու օրվա համար փոխհատուցման պահանջ են ներկայացրել, սակայն ընկերության տնօրենն ասել է՝ գրավոր դիմում գրեն, երբ գումար ունենան, դիմումը կքննարկեն: Թե դա երբ կլինի, ընկերության ղեկավար անձինք հստակ ոչինչ չեն ասել. «Երբ գումար լինի»: Լուսինեի հարցին, թե ինչպես է փոխհատուցումը սահմանված օրենքով, ղեկավարը պատասխանել. «Եթե ամեն ինչ օրենքով լիներ»:
Գրավոր դիմումը Մուրադյանները թողել են գրասենյակում՝ նշելով այն վնասները, որոնք կրել են ընկերության պատճառով: Գրասենյակի ղեկավարությունն ասել է, որ չվերթի հետաձգման պատճառը տեխզննումն է, որն այժմ անցնում են ընկերության օդանավերը:
«Զվարթնոդ» օդանավակայանի տեղեկատուից պարզեցինք, որ հոկտեմբերի 24-ին, երբ պետք է թռչեր իբրև թե փոփոխված չվերթը, «Էյր Արմենիան» Երևանից Կրասնոդար չվերթը չի իրականարցել, հոկտեմբերի 27-ի չվերթը չի իրականացրել: Այսօր՝ հոկտեմբերի 29-ին ընկերության հետաձգված չվերթը նույնպես չի կայանալու: Այն հանվել է չվացուցակից և հետաձգվել նոյեմբերի 1-ին:
Սակայն ընկերությունը շարունակում է այդ ուղղությամբ տոմսեր վաճառել:
Մեկնաբանել