
Ռ.Պարամոնով. «2012թ. կսկսենք հավաքագրել անհայտ կորածների հարազատների ԴՆԹ տվյալները»
Ըստ Կարմիր խաչի միջազգային կազմակերպության տվյալների' արցախյան պատերազմի ժամանակ և պատերազմից հետո անհայտ կորածների թիվը Ղարաբաղում 438 մարդ է, Հայաստանում' 306, իսկ Ադրբեջանում' 3727:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Լեռնային Ղարաբաղի առաքելության ղեկավար Ռոման Պարամոնովն ասում է, որ նշված տվյալներն իրենց ներքին վիճակագրություն է:
«Դրանք տվյալներ են այն անձանց մասին, որոնց հարզատներն իրենք են մեզ դիմել' օգնելու և համապատասխան փաստաթղթեր են լրացրել: Եթե մեր վիճակագրությունը համեմատենք իշխանությունների վիճակագրության հետ, թվերը կարող են տարբեր լինել: Մենք գիտակցաբար չենք փորձում այդ թվերը քչացնել, քանի որ անհայտ կորածների հարցը մեզ համար առաջնահերթ է: Մենք լիովին հասկանում ենք այն մարդկանց զգացմունքները, ովքեր ոչ մի տեղեկություն չունեն իրենց որդիների, ամուսինների ու հայրերի մասին»,-ասում է Ռ.Պարամոնովը:
Առաքելության ղեկավարը Կարմիր խաչի և իշխանությունների վիճակագրական տվյալների տարբերության գլխավոր պատճառը համարում է այն, որ իրենց տվյալները հիմնված են զուտ կազմակերպությանը դիմած հարազատների թվի վրա: Իսկ քանի որ պատերազմի ակտիվ փուլն ավարտված է, որոշ անհայտ կորածների ընտանիքներ մեկնել են Ղարաբաղից:
«Բանն այն է, որ անհայտ կորած մարդու ընտանիքը պիտի մեզ դիմի մարդուն փնտրելու խնդրանքով և լրացնի համապատասխան փաստաթղթեր: Եվ այդ տվյալների հիման վրա մենք հետագա քայլեր ենք ձեռնարկում: Հասկանում եք, եթե օգտագործենք այլ ինֆորմացիայի աղբյուրներ, ապա մենք կարող ենք վիճակագրության զոհ դառանալ: Կարևորն այն է, որ մենք քաղաքականությունից դուրս ենք և ուղղորդվում ենք արդեն հաստատված գործընթացներով, որում մենք փորձ ունենք»,-ասում է նա:
Ռ.Պարամոնովն ասում է, որ Ղարաբաղի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունների հետ եռակողմ համագործակցության շնորհիվ ստեղծվել է ռազմագերիների, անհայտ կորածների և գերիների գծով հատուկ հանձնախումբ, որն էլ ունի իր վիճակագրությունը:
«Օրինակ' Ղարաբաղի անհայտ կորածների հարազատներին հարցաքննել են, որից հետո ստացված տեղեկությունները տրամադրվում է հանձնախմբին, որն էլ այն տեղադրում է համապատասխան տեղեկությունների բազայում: Ղարաբաղում, Հայաստանում և Ադրբեջանում հավաքված տեղեկատվությունը հասանելի ենք դարձնում ոլորտում համագործակցող կառույցների համար: Ներկա դրությամբ այդ տվյալնները մենք համակարգում ենք»,-բացատրում է Ռ.Պարամոնավը:
Անհայտ կորածների մասին տվյալների հավաքագրումն ծրագիրը մեկնարկել էր 2008թ. և ներկա դրությամբ արդեն ավարտված է:
Ռոման Պարամոնովի խոսքով, այս ծրագրի հաջորդ քայլը կլինի անհայտ կորածների հարազատներից ԴՆԹ-ի տվյալների հավաքագրումը, որը նույնպես կտեղադրվի տվյալների պահոցում: Զրուցակիցս համոզված է, որ ԴՆԹ-ի տվյալները մեծապես կօգնեն երկրների ղեկավարություններին'անհայտ կորածների փնտրման գործում: Ծրագիրը կմեկնարկի 2012թ.:
Ինչ վերաբերում է ռազմագերիներին, ապա չկան տվյալներ այն մասին, որ ղարաբաղում կան ադրբեջանցի ռազմագերիներ: Ըստ Կարմիր խաչի տվյալների' Ադրբեջանում կան Հայաստանից 3 ռազմագերի, ինչպես նաև 5 անդամից բաղկացած մի ընտանիք:
2011թ. սկզբից Մարտունու, Ասկերանի և Հադրութի շրջաններում մեկնարկած 43 անհայտ կորած ընտանքիներին միկրոտնտեսական օգնություն ցուցաբերելու ծրագրի շրջանակներում ներկա դրությամբ օգնություն ստացել է 11 ընտանիք' 9 ընտանիք չորսական մեղվափեթակ ,1 ընտանք' կարի մեքենա և 1 ընտանիք էլ'տեսախցիկ:
Ռոման Պարամոնովի խոսքով միկրոտնտեսական ծրագիրը հնարավորություն կտա անհայտ կորածների ընտանքիներին ֆինանսապես անկախ լինել:
«Հաջորդ տարվա համար ընդգրկել ենք Մարտակարետի շրջանում 70 ընտանիքին միկրոտնտեսական օգնություն ցուցաբերել և Ասկերանի, Մարտունու և Հադրութիշրջաններից 5 ընտանքի կօգնենք տների մասնակի վերակառուցման գործում: Այս ծրագիրը իրականացնում ենք ԼՂՀ քաղաքաշինության նախարարության հետ, որոնք և տրամդրում են շինանյութը, իսկ շինջոկատները մենք ենք վարձում»,- ասում է Ռ. Պարամոնովը:
2011թ. Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի միջազգային առաքելության բյուջեն կազմում է 600 հազար շվեյցարարական ֆրանկ և, ըստ առաքելության ղեկավարի, իրենք ստիպված էին որոշ կրճատումներ անել: Իսկ ահա 2012թ. Բյուջեն, կապված միկրոտնտեսական ծրագրի հետ, կկազմի 618 հազար շվեյցարական ֆրանկ:
Մեկնաբանել