
Ամենաշատ փայտանյութը Հայաստանը ներմուծում է Թուրքիայից
Չնայած Հայաստանը և Թուրքիան չունեն դիվանագիտական հարաբերություններ, և սահմանները փակ են, այդուհանդերձ, փայտ, փայտից իրեր, փայտածուխ Հայաստան վերջին 4 տարիներին անընդմեջ ներմուծվել է ամենաշատը Թուրքիայից:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ ներմուծումների առավելագույն ծավալը գրանցվել է 2011-ին, երբ գումարը կազմել է ավելի քան 20 մլն դոլար:
Թուրքիայից հետո մեծ ծավալի փայտ, փայտե իրեր և փայտածուխ ներկրվում է Ուկրաինայից, Չինաստանից և Վրաստանից:
ԱՎԾ արտաքին առևտրի տվյալների համաձայն՝ վերջին երկու տարիներին Հայաստանը մեծ քանակությամբ փայտ է արտահանում Մոլդովա և Կանադա: Մինչդեռ դրան նախորդող երկու տարիներին Հայաստանի փայտն առավելապես արտահանվում էր Ռուսաստան, Իրան և Կանադա: Արտահանումների ընդհանուր ծավալը չնչին է՝ համեմատած ներկրումների հետ. առավելագույն ծավալը գրանցվել է 2010-ին, երբ արտահանվել է ավելի քան 282 հազար դոլարի փայտանյութ: Արտահանումների դինամիկան, 2010թ. համեմատ, նվազել է:
Արտահանումների ծավալը դեպի Եվրամիության երկրներ տարեցտարի աճել է, իսկ ԱՊՀ երկրներ՝ նվազել վերջին մեկ տարում:
Փայտ, փայտից իրեր և փայտածուղ առավելապես ԱՊՀ երկրներից են ներմուծվում: 2013-ին, սակայն, ներմուծումներն էլ են նվազել:
Մեկնաբանել