
GILD Arbitrage Risk Capital Fund-ը 20 մլն եվրո է ներդրել Հայաստանում. Բլե՞ֆ, թե՞ իրականություն
Էստոնական GILD Arbitrage Risk Capital Fund-ը հրապարակել է 2008 թվականի իր հաշվետվությունը, որտեղ նշված է, որ ֆոնդը Հայաստանում ներդրել է 20 մլն եվրո:
Ըստ հաշվետվության` ներդրումները կատարվել են հանքարդյունաբերության ոլորոտում՝ Կիպրոսում գրանցված «Melorama Holding Ltd»-ի միջոցով: Այս ընկերությունը Հայաստանում գրանցել է մի քանի դուստր ձեռնարկություններ, որոնք էլ ձեռք են բերել ոսկու հանքավայրեր, կատարել հանքավայրերի ուսումնասիրություններ, եւ այս ամենի համար, ըստ հաշվետվության, արդեն ծախսվել է 20 մլն եվրո:
Ո՞ր հանքավայրերն է ձեռք բերել օվշորում գրանցված այս ընկերությունը: Ինչու՞ Հայաստանի կառավարությունը չգիտի այս մասին, եւ ինչու՞ հանրությունը տեղյակ չէ հայկական ընդերքի՝ պետության սեփականության առքուվաճառքի մասին:
Մենք որեւէ ձեւով առ այսօր չենք կարողացել պարզել՝ նման ներդրումներ Հայաստանում կատարվե՞լ են, թե՞ ոչ: Որեւէ պետական կառույցից դա հնարավոր չէ իմանալ:
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2008-ին Կիպրոսից ներդրումները կազմել են մոտ 10 մլն դոլար: Սակայն, այս թիվը որեւէ առնչություն չունի հանքարդյունաբերության մեջ կատարված ներդրումների հետ:
Էստոնացի լրագրողներից մեկը խիստ կասկածում է, որ նման ներդրումներ ընդհանրապես եղել են: Կառավարությունը մեր հարցումներին առայժմ չի պատասխանել:
Չի բացառվում, ավելի ճիշտ` հավանական է, որ 2008 թվականին իսկապես ոսկու մի քանի հանքավայրեր վաճառվել են օվշորային գոտում գրանցված այս ընկերությանը:
Դա նշանակում է, որ այդ գործարքից պետությունը որեւէ լումա չի ստացել: Ու՞մ էր պատկանում այդ հանքավայրերի ուսումնասիրման կամ շահագործման լիցենզիան, ովքե՞ր են եղել այն պաշտոնյաները, որ վաճառել են այդ հանքավայրերը, պարզ կդառնա շուտով:
Մեկնաբանել