
ԱԺ ճաշարանում ՀԴՄ կտրոն չեն տալիս
Ազգային ժողովի նախորդ քառօրյայի ընթացքում քննարկվող հիմնական հարցը «Շրջանառության հարկի մասին» օրենքն էր: Մի կողմից՝ փոքր ու միջին բիզնեսով զբաղվողներն էին բողոքի ցույցեր կազմակերպում ԱԺ դարպասների դիմաց, մյուս կողմից՝ ԱԺ 6 խմբակցություններն էին փորձում ընդհանուր հայտարարի գալ: Առևտրականները դժգոհում էին թղթարարարության բեռից և պահանջում էին հանել այդ դրույթը: Այդ օրենքով նախատեսվում է, որ յուրաքանչյուր գնած կամ ձեռքբերած ապրանքի համար առևտրականը պետք է ներկայացնի փաստաթուղթ: Կառավարությունն էլ պնդում էր, թե փոքր ու միջին առևտրականների միջոցով փորձում են հարկային դաշտ բերել խոշորներին:
Սակայն պարզվում է, որ այդ նույն օրենսդիրները չեն էլ նկատել, որ Ազգային ժողովի ճաշարանում ՀԴՄ-ն անջատված դրված է մի կողմում: Ընդ որում՝ պատգամավորներից շատերը պարբերաբար են օգտվում ճաշարանից: ԱԺ ներկա նախագահն էլ նախկինում ճաշարանի մշտական այցելուներից էր:
Արդեն 1,5 ամիս է՝ ճաշարանը շահագործում է «Դավիթ-Սարգիս Նավասարդյաններ» ՍՊԸ-ն: Այս ընթացքում բազմիցս օգտվելով ճաշարանից՝ որևէ անգամ ՀԴՄ կտրոն չեմ ստացել: Կան մի քանի հանգամանքներ, որոնք միանգամից ուշադրություն են գրավում ճաշարանում: Օրինակ, բոլոր աթոռները ցելոֆանապատ են, նախկինում ճաշարանի անկյունում դրված սուրճի տեսականու փոխարեն այսօր միայն «Lavazza» սուրճի մեքենան է՝ իր տեսականիով և գովազդային թերթիկներով: Այդ սուրճի մեկ բաժակի գինը 330 դրամ է, իսկ մնացյալ լուծվող սուրճերի տեսականին, որոնք 200 դրամը չեն գերազանցում, ներս են տարվել, բայց եթե հարցնեք, կբերեն: Հենց այսպես ներկայացրեց աշխատակիցը մեզ:
Նույնն ասաց նաև ընկերության հիմնադիր, տնօրեն Սարգիս Նավասարդյանը: Ըստ նրա՝ այս սուրճը լավորակ է, և գինն էլ հարմար է: Ի պատասխան նրա, երբ ասացինք, որ համը լավ չէ, Նավասարդյանը հակառակը պնդեց, թե միայն գովեստներ է ստանում, ու նշեց, թե այդ նույն սուրճը «Պարմա» սուպերմարկետում վաճառվում է ավելի թանկ՝ 300-400 դրամով: «Լավացցա» սուրճը Հայաստան է ներկրում «Անդակո» ՍՊԸ-ն, որին էլ պատկանում է «Պարմա» սուպերմարկետների ցանցը: ՍՊԸ-ի հիմնադիրը Աշոտ Կարապետյանն է: Այս ընկերությունը հայտնի է մի շարքապրանքատեսակների ներկրմամբ, այդ թվում՝ ալկոհոլային խմիչքների և հյութերի («Santal», «Jack Daniel's», «Martini» և այլն):
Ինչ վերաբերում է ԱԺ ճաշարանին, Սարգիս Նավասարդյանը մեր զրույցն անհասկանալի պատճառներով չթույլատրեց ձայնագրել, թերևս մտածելով, որ այդկերպ ավելի հեշտ կլինի իր պատասխաններից հրաժարվելը կամ հակառակը պնդելը: Հարցին, թե ինչու ՀԴՄ կտրոններ չեն տալիս ճաշարանում, ասաց՝ սպասում են նոր հաշվիչ-մեքենայի տեղադրմանը: Երբ հետաքրքրվեցինք, թե ինչքան ժամանակով են կնքել պայմանագիրը, պատասխանեց, որ դեռևս չեն կնքել պայմանագիր:
Այս ընկերությունը հիմնվել է 2011-ի մայիսին և նախկինում նույնպես շահագործել է ԱԺ ճաշարանը: Դրա գործունեությանը մամուլն անդրադարձել էր, մասնավորապես, նշվել էր ՀԴՄ կտրոն չներկայացնելու, հարկային պարտավորությունները չկատարելու, աշխատակիցների թիվը քիչ ներկայացնելու մասին: ԱԺ-ն 2013-ից մեկ տարի ժամկետով պայմանագիր էր կնքել «Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ի հետ: Այս ընկերությունը փոքր շահույթ ունենալու պատճառով, ըստ դրա ղեկավար Բակուր Մելքոնյանի, հետագայում չէր երկարաձգել պայմանագրի ժամկետը:
ԱԺ ճաշարանի սննդի մատակարարումը նրանցից հետո, փաստորեն, վերստին հանձնվել է Սարգիս Նավասարդյանին: Երբ նրան հարցրեցինք, թե ինչու 2013-ին իր ընկերությունը չէր շահագործում ճաշարանը, ասաց, որ անձնական պատճառներ ուներ` այլևս չմանրամասնելով դրանք: Եկամտաբերության մասին էլ նշեց, որ դեռևս 1,5 ամիս են աշխատում, պետք է մի քիչ աշխատեն, հետո կունենա դրա պատասխանը:
Ինչ վերաբերում է ցելոֆանապատ աթոռներին, ընկերության տնօրենն ասաց, թե նախորդ շահագործողի աշխատակիցները տարել են իրենց գույքը, իրենք նորն են գնել և դեռևս ցելոֆաններից չեն հանել դրանք, ինչը կանեն առաջիկայում:
Մեկնաբանել