
Կուղարկի՞ ԼՂՀ-ն Եվրախորհրդին «գրողի ծոցը»
ԼՂ հարցում եվրոպական ուղղությամբ դիվանագիտական պատերազմում Հայաստանը Ադրբեջանից հերթական ծանր պարտությունը կրեց, թերևս` ամենախոշորը 2005թ. ԵԽ խորհրդարանական վեհաժողովի կողմից ԼՂ հարցով թիվ 1416 տխրահռչակ բանաձևն ընդունվելուց հետո: ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությանը չհաջողվեց կասեցնել Ադրբեջանի նախաձեռնությամբ շրջանառության մեջ դրված և Վեհաժողովի բյուրոյի կողմից հաստատված «Բռնությունների ահագնացումը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» սադրիչ վերնագրով զեկույցի հաստատումը: Դրա հիման վրա Մեծ Բրիտանիան ներկայացնող Ռոբերտ Վոլտերը մեկ-մեկուկես տարվա ընթացքում պետք է պատրաստի համապատասխան զեկույց և ներկայացնի ԽՎ-ի քննարկմանը, որից հետո պետք է որոշվի` կհանգեցնի՞, արդյոք, այդ զեկույցը մի նոր հակահայկական բանաձևի, թե, այն կընդունվի միայն ի գիտություն:
Հայկական պատվիրակությունն անհաջողության մատնվելուց հետո, իհարկե, բոյկոտել է հանձնաժողովի աշխատանքը, հայտարարել, որ չի մասնակցելու զեկույցի նախապատրաստմանը: Բայց դա այլևս եղանակ չի փոխում: Ադրբեջանը լիարժեքորեն հասել է այդ նախաձեռնության միջոցով հետապնդած իր երկու հիմնական նպատակներին: Առաջին` զեկույցն այդ վերնագրով ընդունելով` փաստացի ներկայիս ԼՂ-ն ճանաչվում է Հայաստանի կողմից օկուպացված ադրբեջանական տարածաշրջան: Երկրորդ` բռնությունների հեղինակի, գուցե նաև խրախուսողի կարգավիճակում հայտնվում է հայկական կողմը, և անկախ այն հանգամանքից` զեկուցողը կհաստատի՞ բռնությունների ահագնացման մասին ֆանտաստիկ պնդումները, թե՞ ոչ, մարդու իրավունքների գերեզմանոցի վերածված Ադրբեջանը եվրոպացիների թեթև ձեռքով հանդես է գալու ոչ ավել, ոչ պակաս` բռնությունների զոհի կարգավիճակում:
Սա ԵԽ-ում բացարձակ նախաձեռնողականություն չցուցաբերելու և հետևողականորեն միայն պաշտպանվողի դեր ստանձնելու` մինչ այսօր Երևանի ունեցած ուղեգծի արդյունքն է: Եթե բանը հասել է նրան, որ ողջ միջազգային հանրության կողմից բռնապետական ճանաչված ադրբեջանական սուլթանական ռեժիմը կարողանում է նման վերնագրով զեկույցի պատրաստման հասնել, նշանակում է գործ ունենք թե́ պառլամենտական դիվանագիտության և թե́ ԱԳՆ-ի կատարյալ անգործունակության հետ:
Պարզ է, իհարկե, որ ադրբեջանական խավիարային քաղաքականությանը և բացահայտ կաշառքին շատ բան չես հակադրի: Բայց հայկական պատվիրակների համար սրանցից անընդհատ «կախվելն» արդեն ոչ միայն բնավորություն է դարձել, այլև պատասխանատվությունից խուսափելու միջոց: Ի՞նչն էր, ասենք, խանգարում նման զարգացումները չեզոքացնելու համար շրրջանառության մեջ դնել բանաձևերի, զեկույցների հայկական նախագծեր: Դրանց առիթները, օբյեկտներն առավել քան ակնհայտ են` օգոստոսյան դիվերսիոն սադրանքներ, դիպուկահարներին շփման գծից չհեռացնելու, սահմանային միջադեպերի համակողմանի ուսումնասիրություն անցկացնելու պարտավորությունից խուսափելու, ադրբեջանական գերության մեջ հայտնված խաղաղ բնակչներին ֆիզիկապես ոչնչացնելու խայտառակ իրողություններ, որոնք կարող էին բարձրացվել ԵԽԽՎ-ում` օգտվելով միջազգային հանրության մոտ Բաքվի նկատմամբ ձևավորված ներկայիս անվստահության իրողությունից: Այս հարցերում ցուցաբերվող անտարբերությունը, անգործությունը որևէ բացատրություն, հիմնավորում ունենալ չեն կարող:
Մինչդեռ անգամ հիմա, երբ արդեն պարզ է, թե ինչպիսի բացահայտ սադրիչ և ապակառուցողական քայլ է կատարվում այս կառույցի կողմից, Հայաստանի արտգործնախարարությունը չի համարձակվում կամ ցանկանում անգամ չնչին կերպով արձագանքել: Ի վերջո, կատարվում է մի քայլ, որ ոչ միայն բնույթով ուղղված է խաղաղ կարգավորման շուրջ կողմերի միջև երկխոսության հաստատման, այլև` ինքնին խաղաղ կարգավորման դեմ, և որը հակադրվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ընթացող բանակցային գործընթացի տրամաբանությանն ու նպատակներին, ուղղված է բացառապես հակամարտության կողմերից մեկի` Ադրբերջանի շահերի միակողմանի սպասարկմանը: Սրանք իրողություններ են, որոնք դուրս են գալիս զուտ պառլամենտական դիվանագիտության սահմաններից և դառնում առհասարակ պետական քաղաքականությունը վերանայելու հարց:
Հայաստանը հուսահատ կերպով հղում է կատարում նրան, որ ԵԽ-ն հակամարտությունների կարգավորման մանդատ չունի: Բայց որտե՞ղ էր Հայաստանը, երբ 2005թ. Վեհաժողովն ընդունում էր հայտնի 1416 բնաձևը, որով թույլ տվեց ԵԽ-ին ձեռք բերելու այդ մանդատը: Արդեն ավելորդ է «հետողորմյա» կանչել:
Այդ խայտառակ բանաձևը, որով ԼՂ-ն ճանաչվում է օկուպացված, կառուցված է ԼՂ հարցի վերաբերյալ ՄԱԿ ԱԽ-ի հայտնի չորս բանաձևերի, ավելի ճիշտ` դրանց ադրբեջանական մեկնաբանությունների վրա: Հայկական դիվանագիտությունը միայն վերջերս է հասկացել, որ այդ բանաձևերը շատ ավելի կոնկրետ պահանջներ են պարունակում Ադրբեջանի նկատմամբ, քան Հայաստանի: Մինչև հիմա Երևանը չգիտեր, որ դրանք կարող է դարձնել իր դիվանագիտական հիմնական զենքերից մեկը, այլ ոչ թե թույլ տալ Բաքվին միակողմանի մեկնաբանություններով միջազգային հանրությանը մոլորեցնելով` իրեն ցանկալի արդյունքները քաղել բանաձևերից, Հայաստանին հանիրավի ագրեսորի պիտակ կպցնել և դա ամրագրել տալ տարատեսակ փաստաթղթերում: Եթե ժամանակին այս հարցում աններելի փնթիություն չդրսեւորվեր, երևի ոչ 1416 բանաձևն այս տեսքն ունենար, ոչ էլ ԵԽԽՎ-ն իրեն այսքան լկտի պահեր:
Բայց անգամ 1416 բանաձևում չի խոսվում Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների օկուպացման մասին: Այնտեղ խոսվում է «հայկական ուժերի» մասին ընդհանուր ձևակերպմամբ` դրանք ներկայացնելով որպես անջատողական ուժեր: Այդ տեքստերից չի բխում, որ Հայաստանը դրանց հետ որևէ կապ ունի: Հետևաբար, Երևանը կարող էր հենց սկզբից իրեն իրավունք վերապահել ԵԽԽՎ ձևաչափում նման դիսկուրսների մեջ չմտնել և կամ չստանձնել ագրեսորի կարգավիճակը:
Բայց եթե հիմա ԵԽԽՎ-ն հարցն այսպես է դնում, ուրեմն թող գնա ու լեզու գտնի ԼՂ «անջատողականների» հետ: Հայաստանի դերը, ըստ այդ բանաձևի եւ ՄԱԿ-ի 4 բանաձևերի, սահմանափակվում է ընդամենը ԼՂՀ-ի վրա իր ազդեցությունը բանեցնելու հնարավորությամբ: Հետևաբար, առավելագույնը, ինչ կարող է անել Հայաստանը այդ զեկույցը պատրաստելիս Ռոբերտ Վոլտերին օգնելու կամ չօգնելու համար, միջնորդելը կամ չմիջնորդելն է Ստեփանակերտին, որ վերջինս թույլ տա զեկուցողի մուտքը իր տարածք: Եթե կազմվելիք զեկույցը դեռ չգրված` ԵԽԽՎ-ն առաջնորդվում է ԼՂ-ի` օկուպացվված տարածք լինելու կանխատրամադրվածությամբ, առանց հաշվի առնելու հայկական կողմի դիտողությունները, ապա կարող է նաև իր զեկույցում գրել, որ ԼՂՀ իշխանություններն իրեն թույլ չի տվել մուտք գործել իր տարածք, կատարել այդ աշխատանքները, և որ Ստեփանակերտն իրեն, գրվելիք զեկույցով հանդերձ, ուղարկել է «գրողի ծոցը»: Գուցե այդ ժամանակ հասկանան, որ այնտեղ անելիք չունեն:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել