
Հ. Քուշկյան. «Եթե նորմալ հայ ես, պետք է անպայման մի բան անես Ղարաբաղի համար»
ՀՀ առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանն այս տարվա մարտի 14-ին նշանակվել է ԼՂՀ առողջապահության նախարար: Նախարարը պատասխանում է «Հետքի» հարցերին
-Վեց ամիս է` նախարար եք, եթե դասակարգելու լինենք Ղարաբաղի առողջապահության ոլորտի խնդիրները, որո՞նք են դրանք:
Առաջինը կադրերն են, որակավորման բարձրացման եւ համալրման կարիք ունենք:
Մյուսը կազմակերպչական հարցերն են` սկսած նախարարությունից, ոչ թե վատ է, այլ պիտի ավելի լավ լինի: Բնակչության հետ աշխատանքն է, կանխարգելիչ աշխատանքը:
Մարդկանց սպասարկման ձեւը պետք է փոխենք: Տարրական բաներ, վերաբերմունքը, շատ տեղեր հերթեր են, դրանք: Հաճախ եմ բնակչության հետ հանդիպում, հիվանդների, նրանց հարազատների հետ եմ հանդիպում: Այսինքն` տարբեր տեղերից ինֆորմացիա ունենում: Ինձ մոտ համարյա ամեն օր ընդունելություն է, չնայած հիմնականում ուրբաթ օրն է ընդունելության համար նախատեսված:
-Ի՞նչ առանձհատուկ խնդիրներ կան Ղարաբաղի առողջապահական համակարգում:
-Հիմնական խնդիրները շատ նման են Հայաստանի խնդիրներին: Սկսած շրջանների հիվանդանոցների ֆիզիկական վիճակից: Շրջաններում ինչպես այստեղ, այնպես էլ Հայաստանում կան հիվանդանոցներ, որ կուզենայինք այլ վիճակում լինեին, քան հիմա ունենք: Մյուսը կադրերի վիճակն է, ինչպես ասացի արդեն, թափուր տեղերը, կադրերի բացակայությունը, նույնատիպ է, ինչ որ Հայաստանում: Բայց հիմա մենք ակտիվ զբաղվում ենք կադրերի որակավորմամբ:
-Ինչպե՞ս եք զբաղվում, ի՞նչ է դա նշանակում:
-Առաջինը` ուղարկում ենք Հայաստան, հիմնականում «Էրեբունի» եւ «Նաիրի» բժշկական կենտրոններ, Բժշկական պետական համալսարանի հետ պայմանավորվածություն ունենք, նաեւ այնտեղ ենք ուղարկում: Արդեն գիտենք, թե ինչ մասնագետների պակաս ունենք, սկսել ենք պատրաստել: Իսկ այդ ընթացքում մասնագետներ ենք բերում Հայաստանից: Համարյա ամեն շաբաթ լավագույն մասնագետների խումբ ենք հրավիրում: Ում որ գիտեք, լսել եք մեր լավագույն բժիշկների, պրոֆեսորների մասին, այստեղ են եկել` վնասվածքաբաններ, վիրաբույժներ, թերապեւտներ: Այստեղ ենք հրավիրել նաեւ ավագ բուժքույրերի` կազմակերպչական աշխատանքների հետ կապված: Սեմինարներ ենք կազմակերպում, դասախոսություններ են կարդում, որպեսզի աստիճանաբար այդ գիտելիքները փոխանցենք եւ նաեւ ասենք, որ այսպես պետք է աշխատենք:
-Իսկ Երեւան գնալու ձգտումը, որ հիվանդների մոտ կա, ինչպե՞ս եք փոխելու:
-Այստեղ պետք է ուժեղացնենք: Մեխանիկորեն են գնում: Բայց մարդիկ հիմա տեսնում են, որ այդ վիրահատություններն այստեղ շատ լավ են անում, ինչո՞ւ պետք է գնան Երեւան: Լեղապարկի համար ինչու՞ պետք է գնան Երեւան, այստեղ 100 տոկոս վիրահատում են: Երեւան գնալն, ի վերջո, դժվարություն է, մեծ ծախսեր են:
Այստեղ բնակչության 95 տոոկսն անվճար է բուժօգնություն ստանում, նրանք որեւէ սոցիալական խմբում են ընդգրկված: Միայն հինգ տոկսն է վճարովի:
-Իսկ կառավարությունն ինչու՞ այդ հինգ տոկոսն էլ չի դարձնում անվճար:
-Այդ մասին քննարկումներ եղել են, չի բացառվում, որ այդպես լինի: Այսինքն` պետությունը հայտարարի, որ այդ հինգ տոկոսի բուժօգնության ծախսերն էլ է վերցնում իր վրա: Քարվաճառում, Ասկերանում, Գետավանում անելիք ունենք, երեք փոքր ծրագրեր ենք անելու, փոքր հիվանդանոցներ ենք կառուցելու` 10 մահճակալով եւ շտապ օգնության մեքենայով:
-Սփյուռքահայերի չեք հրավիրու՞մ, գուցե կոչով դիմեք նրանց: Ես գիտեմ բժիշկների, ովքեր կգան մեկ կամ ավել ամիսներ այստեղ կաշխատեն:
-Անում ենք: Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի հայ բժիշկների միությունների հետ ենք հանդիպել: Իրենք էլ շատ մեծ ոգեւորությամբ եւ պատրաստակամությամբ արձագանքել են: Ռուսաստանից, Կանադայից են արդեն եկել այստեղ: Ոզում եմ ասել` այդ աշխատանքների կազմակերպչական մասն ակտիվացրել ենք:
Լրիվ փոխել ենք շտապօգնության վիճակը, ինչպես Հայատասնում փոխեցինք:
Կապի ժամանակակից միջոցների և համակարգչային տեխնիկայի ներդրմամբ: GPRS և նավիգացիոն համակարգեր ենք ներդրել` ինտերակտիվ քարտեզի վրա բրիգադների տեղաբաշխվածության որոշման հնարավորությամբ: Անձնակազմն անցել է թե՛ բժշկական, թե՛ արդիական տեխնիկայի հետ աշխատելու դասընթացներ: Երեւանից հրավիրված մասնագետները երեք ամիս աշխատեցին: Կադրերի խնդիր կար, թոշակառուներ էին հիմնականում, նրանց տեղափոխեցինք, ամբողջ աշխատաոճը փոխել ենք, մոտավորապես 15 օրից կբացենք: 15 օրից կբացենք նաեւ Կովսականի հիվանդանոցը: Շատ անհրաժեշտ հիվանդանոց է, սարքավորումներն արդեն գնել ենք, տեղադրում են: Այնտեղ լավ գլխավոր բժիշկ ունենք ու լավ անձնակազմ: Հոկտեմբերին կբացենք նաեւ Մարտունու հիվանդանոցը, այնտեղ էլ հիմա սարքավորումներն են տեղադրում: Հետո կբացենք Մարտակերտի պոլիկլինիկան:
Ստեփանակերտի բժիշկները գնում են տեղերում են վիրահատություններ անում: Այսինքն` տեղերում էլ ենք ուժեղացնում: Վերջերս բժիշկների մի խումբ գնացել է Հադրութի հիվանդանոցում 18 վիրահատություն է կատարել: Մյուս շաբաթ Արտավազդ Սահակյանն է գալիս Հադրութ: Նա համարյա ամեն ամիս գալիս է Ղարաբաղ` վիրահատությունների:
-Բնակիչներն ասում են, որ ակնաբույժներ չկան:
Ակնաբույժներ անպայման բերելու ենք, պարզապես մի քանի սարքավորումներ կան, որ չունենք, բայց պատվիրել ենք, դրանք կբերենք եւ ակնաբուժական ծառայությունը կուժեղացնենք:
Առաջին նպատակն այն է, որ պարզ հիվանդությունների դեպքում մարդիկ չգնան Երեւան: Թե չէ` ինչ լինում է գնում են Երեւան, դա միայն պետք է լինի այն դեպքում, եթե այստեղ այդ հնարավորությունը չունենանք, եւ այնտեղ գնալու կարիք լինի:
Բացի դրանից, Անգիոգրաֆիկ ստենտավորման կենտրոն ենք ստեղծում, սրտի անոթների ստենտերը դնելու ենք այստեղ: Կենտրոնը պատրաստ կլինի մինչեւ տարվա վերջ:
-Իսկ ովքե՞ր են այդ կենտրոնի բժիշկները:
Այստեղի բժիշկներն են, արդեն վերապատրաստվում են «Էրեբունիում»: Բացի դրանից, սկզբնական փուլում վիրահատությունները կանեն «Էրեբունու» բժիշկները: Կենտրոնը ոտքի կկանգնեցնեն, հետո կգնան: Բազմաթիվ մարդիկ են ստենդավորման համար գնում Երեւան, դեպքեր են լինում, որ շտապ պիտի օգնես, իսկ այստեղից մինչեւ Երեւան հասցնելն արդեն պրոբլեմ է: Այսինքն` կարեւորագույն օղակ ենք ստեղծում, որ մեծ նշանակություն է ունենալու այստեղի առողջապահության համար: Գումարած դրան` ուռուցքաբանության կենտրոն ենք սկսում կառուցել, սեպտեմբերի վերջին կմեկնարկի ծրագիրը: «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղն է ֆինանսավորում:
-Իսկ մասնագետների հարցն ինչպե՞ս եք լուծելու:
Այդ ծրագիրը ներառում է նաեւ վերապատրաստում Փարիզում: Վերապատրաստվելու են թե բժիշկները եւ թե բուժքույրերը: Կառուցվելու է հանրապետական հիվանդանոցի հարեւանությամբ, եւ դրանք իրար հետ միացնող հատված է լինելու:
-Հնարավոր չէ՞ այնպես անել, որ Սյունիքից էլ այստեղ գան վիրահատությունների ու չհասնեն Երեւան:
-Հաստատ կգան: Երեւանից մի հիվանդ եկավ այստեղ վիրահատվեց, որովհետեւ այնպիսի գնային քաղաքականություն ենք վարում, որ այստեղ շահավետ է: Այսինքն` եթե Երեւանում, օրինակ, վիարահատությունն արժե 300 հազար, այստեղ 150 հազարով է վիրահատվել: Համոզված եմ, ցանկացողների թիվը մեծ է լինելու: Հանրապետական հիվանդանոցի շենք որ մտնում ես, տեսնում ես, որ լուրջ հիմնարկ ես մտել: Մասնագետներ կան, գումարած մեր կենտրոնների համագործակցությունը, անպայման կհասնեն դրան: Նաեւ մասնագետներ պետք է հրավիրենք, երեք չորս օրով գալը հարցի լուծում չէ:
-Իսկ ծախսերն ո՞վ է հոգալու:
-Այդ երեք չորս օրվա այցելությունները հիվանդանոցների վրա է, տրանսպորտը, հյուրանոցը մեր հաշվին է: Իսկ երբ 1,2,3 ամսով են գալիս, կառավարության վրա է: Կառավարության որոշումներ կան, որոնցով կարողանում ենք հրավիրված մասնագետներին բավականին լավ վճարել: Երիտասարդ մասնագետների համար, բայց ոչ անփորձ, իհարկե, լավ հնարավորություն է, նրանք կգան կաշխատեն:
-Իսկ ինչու՞ պետք է գան:
-Առաջինը՝ Ղարաբաղի համար, այդ գաղափարը կա` եթե նորմալ հայ ես, պետք է անպայման մի բան անես: Հենց մարդու միջի էդ կանչի, երկրոդը` բժշկի պատվախնդրությունը, իր կոչումն է պարտադրում, իր մասնագիտությունը: Գումարած, իհարկե, ռոմանտիզմը: Ես էլ եմ երեք տարի աշխատել Աշտարակի շտապօգնությունում: Ինչու՞ պիտի երիտասարդը չուզենա գալ, մի քանի ամիս այստեղ աշխատել: Մանավանդ` լավ վարձատրվում է, մնալու տեղով ապահովվում է: Հիմա Էրեբունի հիվանդանոցում խումբ է ձեւավորվում, որ պետք է գա, 1-3 ամիս մնա: Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցն այնքան գրավիչ է, որ բոլորն են ուզում այնտեղ աշխատել: Ռուսաստանաբնակ գործարար, բարերար Սամվել Կարապետյանի ֆինանսավորմամբ այնպիսի մի հիվանդանոց է կառուցվել, որ այդպիսի հիվանադանոց կարող ես հանդիպել Շվեյցարիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում: Բոլոր սարքավորումները գերմանական են, ամենավերջին արտադրության: Ես լավ հեռանկար եմ տեսնում, շատ արագ փոփոխություններ են լինելու:
-Տարիներ շարունակ այստեղից նպատակային ուսման էին ուղարկում, մեծ մասը չէր վերադառնում: Հիմա՞ էլ եք ուղարկում:
-Այդ էլ ենք անում, բայց հիմա խստացրել ենք: Եթե մասնագետին մենք ենք ֆինանսավորում, պայմանագիր ենք կնքում, որ եթե հանակարծ հետ չեկավ, պետք է փողը հետ տա, գումարած` տույժ պիտի մուծի, խստացրել ենք, որպեսզի հետ գան: Առաջ այդպես չէր, գնացողները ոչ մի պարտավորություն չուենին, չնայած գնացել են նպատակային ուղեգրով, հիմնականում չեն վերադարձել: Բայց հիմա այդպես չի լինելու:
Լուսանկարը` Ֆոտոլուրի
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել