
Հայ հունահռոմեականներն այսօր անհաջող ելույթ ունեցան
Տաշքենդում շարունակվող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում այսօր գորգ են դուրս եկել 66, 80 եւ 130 կգ քաշային հունահռոմեական ըմբիշները: 80 կգ քաշի որակավորման փուլում Հրաչ Հովհաննիսյանը պարտվել է հարավկորեացի Կիմին, իսկ գերծանրքաշային Վաչիկ Եղիազարյանը նույն փուլում պարտվել է գերմանացի Պոպին: Քանի որ կորեացին եւ գերմանացին հետագայում պարտվեցին, մեր մարզիկները զրկվեցին երրորդ տեղի համար պայքարելու իրավունքից:
66 կգ քաշային կարգի 1/16-րդ եզրափակիչում Միհրան Հարությունյանը հաղթեց շվեդ Օվե Գյունտերին: 1/8-րդում մեր ըմբիշը հաղթեց թուրք Ատական Յուկսելին: 1/4-րդում, սակայն, մեր ըմբիշը պարտվեց հունգարացի Տամաշ Լորինցին: Վերջինս էլ հաջորդ գոտեմարտում տանուլ տվեց իրանցի Նորուզիին, որը մտավ եզրափակիչ: Իսկ Միհրան Հարությունյանը դուրս մնաց սփոփիչ գոտեմարտերից:
Վաղը՝ մրացաշրի վերջին օրը, գորգ դուրս կգան 59 կգ քաշային Ռոման Ամոյանը, 71 կգ-ում՝ Վարշամ Բորանյանը, իսկ 98-ում՝ Արթուր Ալեքսանյանը: Հատկապես մեծ են սպասելիքները Եվրոպայի եռակի ու գործող չեմպիոն Ալեքսանյանից:
Հիշեցնենք, որ ըմբիշներից միայն Արսեն Ջուլֆալակյանն է մեդալ նվաճել: Նա երեկ դարձավ աշխարհի չեմպիոն 75 կգ քաշային կարգում:
Մեկնաբանել