
Մարտունու գինու գործարանը կարտադրի տանձի, դեղձի, ծիրանի և խաղողի օղիներ
«Ստեփանակերտի կոնյակի գործարան» ՓԲԸ-ի Մարտունու տեղմասն այս տարի մթերել է մինչև 2500 տոննա խաղող, որը, համեմատած անցյալ տարվա հետ, 700 տոննայով քիչ է: Վերջին տարիներին մթերում էին միջինը 5-6 հազար տոննա խաղող:
Ըստ գործարանի Մարտունու տեղամասի պետ Արարատ Հայրապետյանի՝ մթերվող խաղողի ծավալը նվազել է անբարենպաստ եղանակի, հաճախակի կարկտահարության և դրանց հետևանքով առաջացած մի շարք հիվանդությունների պատճառով:
Այս տարի մեկ կիլոգրամ խաղողն ընդունել են 100-120 դրամով: Անցած տարվա համամատ (100-125 դրամ) տարբերությունը չնչին է:
Գործարանը հիմնականում արտադրում է գինիներ, օղի և կոնյակ: «Երկու տարի է, ինչ սկսել ենք մրգային օղիների արտադրությունը: Ներկա դրությամբ արտադրում ենք թթի և հոնի օղի: Նախատեսվում է տանձի, դեղձի, ծիրանի և խաղողի օղիներ ևս արտադրել»,- ասում է տեղամասի պետը:
Մարտունու տեղմասում պատրաստված գինին, օղին և կոնյակն ուղարկվում են Ստեփանակետի գործարան, որտեղ և կատարվում է շշալցումը: Ինչ վերաբերում է կոնյակի արտադրությանը, ապա, Արարատ Հայրապետյանի հավաստմամբ, ֆրանսիական հատուկ սարքավորումների միջոցով թորում են կոնյակի սպիրտը, ապա լցնում տակառներ, և միայն հնեցումից հետո այն ուղարկվում է շշալցման:
Արտադրանքը հիմնականում սպառվում է տեղական շուկայում, ինչպես նաև ՀՀ-ում, նաև արտահանվում է Ռուսաստան:
Մեր այն հարցին, թե ի՞նչն է խանգարում, որ Ռուսաստանից բացի, արտադրանքն արտահանվի նաև այլ երկրներ, Արարատ Հայրապետյանն ասաց, որ այլ երկրներ կարտահանեն այն ժամանակ, երբ արտադրության որակը համապատասխանի միջազգային բոլոր ստանդարտներին:
«Նախատեսում ենք շեշտը դնել կոնյակի արտադրության վրա, այն ավելի զարգացնել և դարձնելով հիմնական ուղղություն՝ արտահանել արտասահման»,- ասում է Ա. Հայրապետյանը՝ հավելելով, որ 2010թ. 7 տարեկան «Գանձասար» կոնյակը Մոսկվայում ցուցահանդեսի ժամանակ ոսկե մեդալ է շահել:
Այն հարցին, թե ինչո՞ւ կոնյակ և ոչ գինի, զրուցակիցս պատասխանում է, որ ներկայում հայկական կոնյակի պահանջարկն ավելի մեծ է, քան գինունը:
Մարտունու տեղամասում տարեկան արտադրում են 20.000 դեգալիտր բացարձակ ալկոհոլ, որի մի մասն, ըստ պայմանավարվածության, արդեն 6-7 տարի է, վաճառվում է Երևանի կոնյակի գործարանին:
Ա. Հայրապետյանը հավաստիացնում է, որ իրենց արտադրած գինին վաճառվող ապրանքատեսակներից ամենաէժանն է: «Արտադրվող 5 տեսակի գինիների գինը տատանվում է 550-750 դրամ, իսկ կոնյակներինը՝ 2200-3000 դրամ»,- ասում է նա:
Զրուցակիցս նշում է, որ արտադրանքն իրացնելու խնդիրներ անշուշտ կան՝ և արտահանման, և տեղական շուկայում սպառելու հետ կապված:
Այժմ Մարտունու տեղամասում աշխատում է 25 մարդ, որոնց միջին աշխատավարձը ոչ սեզոնին 65-70 հազար դրամ է, իսկ սեզոնին՝ 100-120 հազար դրամ: Աշխատողները ոչ սեզոնային աշխատավարձ ստանում են միայն ամռան ամսիներին, երբ աշխատանքը քիչ է, և հերթով արձակուրդի են գնում:
Աշխատողների թիվը 120-ից կտրուկ իջել է, երբ շշալցման բաժինը տեղափոխվել է Ստեփանակերտ: Արարատ Հայրապետյանի խոսքով՝ կախված արտադրության ծավալից՝ նախատեսվում է ավելացնել աշխատատեղերը:
31-ամյա Արսեն Անդրեասյանն արդեն 6 տարի է, ինչ բանվոր է աշխատում Մարտունու տեղամասում:
Արսենը մասնագիտությամբ գինեգործ է, համալսարանի երկրորդ կուրսից տեղափոխվել է հեռակա ուսուցման ու սկսել աշխատել գործարանում:
Նա ասում է, որ գործն այնքան էլ ծանր չէ, միայն թե աշխատավարձը չի հերիքում: Ընտանիքում միակ աշխատողն ինքն է, և միայն աշխատավարձով շատ դժվար է ծայը ծայրին հասցնել:
80-ամյա Շմավոն Ավագյանն արդեն 50 տարի է, աշխատում է Մարտունու տեղամասում: Ներկայիս տեղամասը հիմնվել է խորհրդային տարիներին գործող Մարտունու մթերքների և խաղողի մշակման 3 գործարանի հիմքի վրա:
Այդ տարիների ընթացում Շմավոն պապը հասցրել է մի քանի մասնագիտություն փոխել: Այսօր նա աշխատում է որպես գլխավոր մեխանիկ:
«Աշխատելուց չեմ հոգնում. տանը լինեմ, թե այստեղ՝ պիտի աշխատեմ: Ինչ վերաբերում է աշխատավարձին, ապա ինձ հերիքում է, որովհետև մենակ ես եմ ու կողքից էլ թոշակ եմ ստանում»,- ասում է Շմավոն պապը:
Մեկնաբանել