
8 երեխա ունեցող Ադամյաններն ամենաաղքատներից են Ակնաբերդում
Ղարաբաղի Ակնաբերդ գյուղում Ադամյանների տան մետաղացանցե ցանկապատի մոտ կանգնել է 8 երեխաների մայրը՝ Ռիտա Ադամյանը: Սկզբից չի նկատում մեզ, թոնրի շուրջն է կարգի բերում, հետո ավելը մի կողմ դնելով, ձեռքով մաքրելով ճակատի քրտինքը, բարևում է, անմիջապես հարցնում, թե «էս ղոլերում» ինչ ենք կորցրել: Ժպտում ենք: Նա սկսում է ծիծաղել, հետո անմիջապես ձեռքով փակում է բերանը: Ասում է՝ ամաչում է, բերանում ատամ չի մնացել, չնայած 38 տարեկան է: Մետաղացանցին է մոտենում երեխաներից ամենափորքը՝ երեքամյա Նաիրան: «7 տղա, մի աղջիկ օնիմ: Շատըմ լյա օզում աղջիկ ընի»,- ասում է, հետո շոյում Նաիրայի ոսկեգույն մազերը: Ռիտայի հայացքում հպարտություն կա: Տան փոքրիկ դարպասն առանց ճռռոցի բացվում է, որդիներից մեկը փայտով բարձած ավանակին է տուն տանում: Մեզ տեսնելով ցանկապատի մոտ՝ փախչում է դեպի բակի խորքը: Ռիտան նախատում է նրան՝ «ղոնաղներին» չբարևելու համար, հետո թե. «Կներես, էնքան շաշմիշմ լյա, տոն էլ չըմ հրավիրում»:
Ընթացքում Ռիտան պատմում է, որ 8 երեխա ունի՝ մեծը դեռ 21 տարեկան չկա, մի որդին ժամկետային զինծառայող է, իսկ մնացած երեխաներն անչափահաս են: Բակում գունավոր, համաչափ փռված լվացքի դիմաց կանգնած՝ անընդհատ ներողություն է խնդրում, թե՝ կներեք, տան պայմանները լավ չեն:
Ռիտան և նրա ամուսինը Ակնաբերդ տեղափոխվել են 1995 թ.: Երկուսն էլ Գետաշենից են, որտեղից Վարդենիս են տեղափոխվել Գետաշենի գրավումից շաբաթներ առաջ: «91 թվի ապրիլի 30-ին կռեվըն ընգավ, մունք մայիսի 6-ին տուս եկանք գյուղան, մինչև ամսի 9-ը մըր գյուղում արդեն մարդ չկար: Ապրիլի 30-ին Կրպեյան Թաթուլը զոհվեց, հետո արդեն գյուղն սկսեց դատարկվել: Լյոխ տուս եկան գյուղան»,- ասում է նա ու ժպտում: Ժպիտի մեջ տխրություն կա: Հայացքս թեքում եմ նրանից, ինքը շարունակում է պատմությունը. «Հայրական ընտանիքս՝ 4 երեխա էինք, հայրս ու մայրս: Փախանք, էլի, պիպիկ, տկլոր փախանք, սկի հասցրալ չընք մի տոպրակ տես-տեն յոր անինք ճամփին օտելու, հետո մըզ պերան Ստեփանակերտ, 10 օր սադիկում պահեցին, իմ հորը թուրքերը զալոժնիկ տարածըն լյա, մի ամիս բիթուն պահածըն լյա: Հետո մըզ տարալն Երևան, Ծաղկաձորի պանսիոնատներ, դահան մըր գլխե ճարը տըսալ ընք, քեցալ ընք Վարդենիս, ընդեղ ալ ամուսնացըլ, մնացալըմ»:
![]() |
![]() |
Երեխաներից Արարատը մեծ, կլորավուն աչքերով մորն է նայում, մնացածը ցրված են բակով մեկ: «Մի օր մըր գյուղը նշաս տվեցին, մեջին արդեն ապրում ըն: Ասում ըմ՝, աղջի, մըր բախչեն տակնըն ցույց տալիս, գետը տաղավ լյա քինում»,- ավելացնում է Ռիտան, ու մենք էլի լռում ենք:
«Հիմա ո՞նց եք ապրում»: 8 երեխաների մայրը սկզբից պատասխանում է՝ յոլա ենք գնում, հետո, կարծես, ներսում ինչ-որ անհանգիստ նյարդ պայթում է: Ասում է՝ խանութներից պարտքով են ապրանք վերցնում, որոնց մի մասին էլ այնքան պարտք ունեն, որ մթերք չեն տալիս: Առավոտյան հարևանն է մի թաս կարտոֆիլ տարել, հպանցիկ ասում է 8 երեխաների մայրը՝ թվարկելով տան ունեցվածքը. մի էշ, 6 ոչխար ու մի խոզ ունեն, խոզն էլ պահել են՝ զինվոր տղայի վերադարձին մորթելու համար: Երեխաների համար 54.000 նպաստ են ստանում: Դա է ընտանիքի միակ եկամուտը:
Խոսակցությանը միանում է ամուսինը՝ 46-ամյա Աշոտ Ադամյանը: Ասում է՝ աշխատանք չկա, տնամերձ հողամասն են մշակում, մեկ-մեկ մեծ որդին է անտառ գնում՝ ուրիշների համար փայտ է բարձում, դրա դիմաց գումար են տալիս, իսկ աշխատելու ուրիշ տարբերակ չունի: Աշոտն, իր ասելով, 3 տարի ծառայել է Վարդենիսի ջոկատում, 6 տարի էլ՝ Հաթերքի պայմանագրային գումարտակում, բայց օրենքը հիմա, ըստ նրա, իր տարիքի մարդկանց արգելում է զինծառայության անցնել: Ասում է՝ եթե աշխատանք լինի, ինքը չի հրաժարվի աշխատելուց:
Քիչ անց տուն ենք մտնում: Շքամուտքի մոտ փայտե վառարանն է: Ռիտան բացատրում է, որ հենց վառարանի վրա էլ ճաշ են պատրաստում ամառ-ձմեռ: Դրսի լույսը միանգամից խամրում է տան ներսում:
Աշոտը վառում է հյուրասենյակի լույսը. աղոտ, դեղին լույսը մոմից ավելի քիչ լույս է տալիս: Հին բազմոցից ու հեռուստացույցի բացի՝ սենյակում իր չկա, մյուս երկու սենյակները ննջարաններն են՝ խիտ-խիտ դասավորված մահճակալներն են: Երկու ննջասենյակներում բացի մահճակալներից այլև գույք չկա: Տան մյուս սենյակներից մեկը խոհանոցն է, որտեղ անկանոն իրերն են ու հարևանի տված մի թաս կարտոֆիլը:
![]() |
![]() |
Ռիտան շփոթվում է տան տեսքից: Տան պայմաններին հարմարվելուց բացի ուրիշ ճար չունեն:
Հարցնում եմ՝ ԼՂՀ կառավարությանը դիմե՞լ եք օգնության համար, Ռիտան պատասխանում է. «Ինձ շատ ըն ասալ՝ կառավարությանը դիմեմ, բայց տենց տեղեր քեցած չըմ, ճընանչում չըմ, հենա ապրում ըմ, էլի» (6-րդ երեխայի ծնվելուց հետո պետությունը տվյալ ընտանիքի համար տուն է կառուցում, Ռիտայենց տունը հենց այդպես է կառուցվել):
Տնից դուրս գալուց ասում է. «Տանն էլ մի պեն չիլալ, ղոնաղ մարդըք, որ հյուրասիրիմ»:
Նրանց տնից դուրս գալուց առաջ խնդրում ենք միասին լուսանկարել ընտանիքի անդամներին: Ռիտան սկսում է ծիծաղել, թե «իրար գլխի հավաքվելը դժվար է»: Լուսանկարում ենք, իսկ ամուսինները ժպտում են, թե ինչ լավ է, գոնե միասին մի նկար ունեցան: Ռիտայի տնից դուրս գալուց հետո հարևաններից մեկն ասում է, որ նրանց ընտանիքը գյուղի աղքատ ընտանիքներից է: «Օգնության կարոտ են»,- ասում է հարևանուհին ու քշում երեկոյան արոտավայրից տուն վերադարձած նախիրը:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել