
«Եհովայի վկային», որ հարվածել էր քահանային, առաջադրվել է նոր մեղադրանք
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության դատախազը, վերանայելով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող եկեղեցու եւ հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու վերաբերյալ քրեական գործի նյութերը, որոշում է կայացրել մեղադրյալ Ա. Մակվեցյանին առաջադրված մեղադրանքի ծավալը փոփոխելու եւ նրան նոր մեղադրանք առաջադրելու մասին:
Որոշումը հրապարակվել է այսօր տեղի ունեցած դատական նիստի ժամանակ: Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը ներկայացնում է դռնբաց դատական նիստում հնչեցված որոշման բովանդակությունը:
Այսպես, 2011թ. մայիսի 15-ին` ժամը 09:00-ի սահմաններում, Րաֆֆու փողոցի «Սուրբ Երրորդություն» եկեղեցու քահանա Տեր Եսայի Քահանա Արթենյանը՝ նկատելով, որ «Եհովայի վկաներ» աղանդավորական կազմակերպության անդամներ Ա. Մակվեցյանը եւ Ս. Գրիգորյանը եկեղեցու բակում զբաղված են երկու քաղաքացիների քարոզչությամբ, մոտեցել է նրանց եւ խնդրել հեռանալ եկեղեցու տարածքից:
Քրեական գործի նյութերի համաձայն՝ Ա. Մակվեցյանը եւ Ս. Գրիգորյանը հրաժարվել են եկեղեցու բակից հեռանալ եւ վիճաբանել են Տեր Եսայի Քահանա Արթենյանի հետ: Տեսնելով, որ նրանք չեն հեռանում` քահանան փորձել է բջջային հեռախոսով նկարել Ա. Մակվեցյանի եւ Ս. Գրիգորյանի` քարոզչությամբ զբաղվելը:
Սակայն Ա. Մակվեցյանը թույլ չի տվել քահանային նկարել` նրա ձեռքից վերցնելով բջջային հեռախոսը: Քահանան փորձել է ետ վերցնել իր հեռախոսը, բայց Ա. Մակվեցյանը բռունցքով հարվածել է նրա ձեռքին` սպառնալիքներ հնչեցնելով քահանայի հասցեին: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Ա.Մակվեցյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով, 137-րդ հոդվածի 1-ին մասով եւ 322-րդ հոդվածի 1-ին մասով:
Դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցները վկայում են այն մասին, որ բացի վերոհիշյալ հանցավոր արարքները կատարելուց, ամբաստանյալ Ա. Մակվեցյանը կատարել է այլ հանցանք եւս, այն է` վերջինս, քրիստոնեական եկեղեցու նկատմամբ ատելություն դրսեւորելով եւ իր գաղափարախոսությունը քարոզելու շարժառիթից ելնելով, խախտել է քաղաքացի Պարգեւ Բադոյանի` առաքելական եկեղեցուն դավանելու, եկեղեցի այցելելու, ինչպես նաեւ` քահան Տեր Եսայի քահանա Արթենյանի` «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության մեջ իր կրոնի հետեւորդներին ներգրավելու փորձ կատարող անձանց գործողությունները կանխելու իրավունքը:
Ա. Մակվեցյանը հարվածել է Տեր Եսայի քահանային, ապօրինի վերցրել նրա հեռախոսը, սպառնալիքներ տվել` էական վնաս պատճառելով Պ. Բադոյանին եւ Տեր Եսայի քահանա Արթենյանի օրինական շահերին` խախտելով ՀՀ Սահմանադրության 8.1 հոդվածով վերջիններիս վերապահված իրավունքներն ու ազատությունները:
Դատարանում մեղադրանքը պաշտպանող դատախազը որոշել է փոփոխել Ա. Մակվեցյանին առաջադրված մեղադրանքի ծավալը եւ նրան առաջադրել նոր մեղադրանք` ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով, 137-րդ հոդվածի 1-ին մասով, 322-րդ հոդվածի 1-ին մասով եւ 143-րդ հոդվածի 1-ին մասով:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել