
ՏՄՊՊՀ նախագահ Շաբոյանը մեկնում է Ֆրանսիա
Ֆրանսիայի մրցակցության պաշտպանության պետական մարմնի ղեկավար Բրունո Լասեռի հրավերով հոկտեմբերի 24-ին Ֆրանսիա կմեկնի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:
Ինչպես հայտնում են ՏՄՊՊՀ մամուլի ծառայությունից, Հանձնաժողովի նախագահի այցը կարևորվում է հատկապես հայ-ֆրանսիական գործարար հարաբերությունների զարգացման համատեքստում:
Երկու երկրների մրցակցության պաշտպանության մարմինների ղեկավարները կքննարկեն ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ինչպես նաև կանդրադառնան պետական գերատեսչությունների միջև ստեղծված հարաբերություններին և դրանց ակտիվացման ուղիներին:
Առաջիկայում նախատեսվում է Հայաստանում ստորագրել երկկողմ համագործակցության հուշագիր: Աշխատանքային հանդիպման ընթացքում Ա. Շաբոյանը և Բ. Լասեռը կքննարկեն հուշագրի հիմնական ուղղությունները՝ համատեղ վարույթների իրականացման, տեղեկատվության և փորձի փոխանակման, երկու երկրներում բարենպաստ մրցակցային միջավայրի ստեղծման և այլ հարցերի շուրջ:
Հանձնաժողովը շարունակում է տնտեսական մրցակցության խթանման առումով ընդլայնել և զարգացնել հարաբերությունները միջազգային կազմակերպությունների և արտերկրի համանման գերատեսչությունների հետ: Նման փոխհարաբերությունները նպաստում են տնտեսական մրցակցության ոլորտում նոր մոտեցումների ձևավորմանն ու դրանց հետագա իրականացմանը:
Մեկնաբանել