
Վարչապետի՝ հավասար տնտեսական դաշտում գործելու կոչերը նրա կնոջ վրա չեն ազդում
Արարատի մարզի Մրգավետ գյուղում գործող «ART city» սուպերմարկետն այն տասնյակ բիզնեսներից մեկն է, որը պատկանում է Հովիկ Աբրահամյանի ընտանիքին: Երկհարկանի սուպերմարկետի հիմնադիրը «Արտաշատ Սիթի» ՍՊԸ-ն է: Այս տարվա ապրիլից ՍՊԸ-ի 100 % բաժնետեր է դարձել վարչապետի կինը՝ Ջուլիետա Աբրահամյանը:
Սուպերմարկետում առեւտուրը եռում էր: «Ստուգողական» նպատակներով ջուր գնեցինք, եւ վաճառողուհին առեւտրի դիմաց տրամադրեց ոչ թե ՀԴՄ, այլ ներքին հաշվարկի կտրոն: Մոտ մեկ ժամ անց վարչապետի կնոջ սուպերմարկետից դարձյալ ջուր գնեցինք: Վաճառողուհին, ջրերը տեղավորելով պոլիէթիլենային տոպրակի մեջ, զարմացած հայացքով նայեց մեր ուղղությամբ, հավանաբար մտածելով, թե ինչու ենք սպասում: «ՀԴՄ կտրոն չե՞ք տալիս»,- հարցնում եմ նրան: Առանց որեւէ խոսքի, մի անկյունում «լքված» ՀԴՄ ապարատից տպեց կտրոնը եւ գցեց սեղանին:
ՀԴՄ կտրոնի վրա ֆիքսված էր առեւտրի ժամը՝ 13.10: Հենց այդ ժամին օրվա առաջին կտրոնը մեզ է տրամադրվել: Ակնհայտ է, որ վարչապետի կնոջ սուպերմարկետը, ՀԴՄ կտրոն չտրամադրելով, թաքցնում է իրական առեւտրաշրջանառությունը, հակառակ դեպքում, ի՞նչ լուծում ունի այն հանելուկը, որ սուպերմարկետը մեկ ժամվա կտրվածքով հաճախորդների պակաս չի ունեցել, սակայն նրանցից ոչ մեկին ՀԴՄ կտրոն չի տրամադրվել:
Ընդհանրապես վարչապետի հայրենի Մխչյան գյուղի եւ Արտաշատ քաղաքի խանութներում միայն պահանջելուց հետո էին ՀԴՄ կտրոն տրամադրում, եւ այդ մասին դժվար թե հարկային մարմինների պատասխանատուները տեղյակ չլինեին:
Այս տարվա մայիսի 9-ին «Հաղթանակ» զբոսայգում վարչապետ Հովիկ Աբրահամյանը տեսախցիկների առջեւ լրագրողներին վստահեցնում էր, որ հավասար տնտեսական դաշտ է ստեղծելու բոլորի համար: Վարչապետը խոստացել էր ամեն ինչ անել, որպեսզի յուրաքանչյուր ներդրող, գործարար հասկանա եւ տեսնի իրականում, որ տնտեսական դաշտում բոլորը հավասար են:
«Դա, իհարկե, դժվար է լինելու, շատ-շատ մեր մերձավորներին փորձելու ենք ցավացնել, նեղացնել, բայց մենք գնալու ենք այդ քայլին: Այլընտրանք մենք չունենք: Դա պետք է բոլորը հասկանան, իմ մերձավորները պետք է հասկանան, որ ես ինձանից եմ սկսելու, եւ դա ինձ համար լինելու է սկզբունքային»,- ասել էր Հովիկ Աբրահամյանը: Վարչապետը գրեթե նույն միտքը կրկնել էր նաեւ մայիսի 15-ի կառավարության նիստի ժամանակ:
Վարչապետի խոսքերն այդպես էլ կյանքի չկոչվեցին: Տեսախցիկներից հեռանալուց հետո նա մոռացավ, որ եւ ինքը, եւ իր մերձավորները պետք է գործեն նույն տնտեսական դաշտում, ինչ, օրինակ, սահմանամերձ Վահան գյուղի խանութի սեփականատերը:
Ի՞նչ կլիներ «թիկունք» չունեցող մի փոքր ու միջին բիզնեսով զբաղվող գործարարի հետ, եթե նա ՀԴՄ կտրոն չտրամադրեր. հարկային տեսուչներն անմիջապես «նեղը» կգցեին նրան, բայց քանի որ Ջուլիետա Աբրահամյանը, հանձին վարչապետ ամուսնու, մեծ թիկունք ունի, նույն գործընթացը նրա հետ չի կարող կատարվել:
Ահա, սա է վարչապետի խոստացած հավասար տնտեսական դաշտը. այդ ամենը Հովիկ Աբրահամյանն իրենից է սկսում՝ ցուցաբերելով խիստ սկզբունքայնություն:
Մեկնաբանություններ (6)
Մեկնաբանել