
Արցախյան արտադրանքի ամենամեծ շուկան Ռուսաստանն է (ֆոտոպատմություն)
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Արցախֆրութ» ՓԲԸ-ի արտադրանքի ամենամեծ շուկան Ռուսաստանի Դաշնությունն է: Հայաստան արտադրանք ընդհանրապես չի արտահանվում և բացի տեղական՝ արցախյան շուկայից, ընկերության հիմնադրման օրից ի վեր (2008թ.) «Արցախֆրութ»-ի արտադրանքն արտահանվել է Ֆրանսիա, Հունգարիա, Ուկրաինա, Ղազախստան և Դուբայ:
«Արցախֆրութ»-ի Ստեփանակերտի արտադրամաս մտնելուն պես չես հասցնում ուշքի գալ դրսի օգոստոսյան տոթից, երբ դեմքիդ է խփում արևից էլ կիզիչ վառարանների տաք օդի ալիքը՝ իր հետևից թողնելով հոտառությունդ ու ախորժակդ գրգռող եփած, խորոված ու տապակած բանջարեղենների ու մրգերի անուշ մի բուրմունք:
Վարդագույն համազգեստով կանայք բանջարեղեններն ու մրգերը սկզբում տեսակավորում, հետո հմտորեն մաքրում, կտրատում ու վերամշակում են, որի արդյունքում ընկերությունը տարեկան արտադրում է 28-30 տեսակի արտադրանք:
Ով գոնե մեկ անգամ եղել է ընկերության արտադրամասում, հաստատ ճանաչում է 84-ամյա Էլլա Մարտիրոսյանին: Էլլա տատիկը 7 տարի բոլորին հավասար աշխատում է «Արցախֆրութ»-ում: Չնայած աչքերը լավ չեն տեսնում, բայց օրական մի քանի արկղ սոխ ու սխտոր է մաքրում:
Ընկերության արտադրության պետ, գլխավոր տեխնոլոգ Կարինե Հակոբյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ ներկա դրությամբ արտադրամասում աշխատում են մոտ 100 բանվորներ, որից 95-ը կանայք են, այդ թվում և թոշակառու:
«Աշխատողների քանակը սեզոնը բացվելուն պես ավելացնում ենք, իսկ ձմռան ամիսներին՝ կախված պատվերներից՝ մեր հին բանվորներից թողնում ենք 20-25 աշխատող»,- բացատրում է տիկին Կարինեն:
Ձեռնարկությունում աշխատավարձը գործարքային է, հաշվարկվում է ըստ կատարած աշխատանքի: Բացի դրանից՝ աշխատանքային ժամից հետո (18:00-ից հետո) հավելյալ աշխատող բանվորների աշխատավարձը բարձրանում է 15-20 տոկոսով: Կարինե Հոկոբյանը բարձրացումը բացատրում է նրանով, որ ամենադժվար աշխատանքը բաժին է ընկնում վեցից հետո աշխատողներին:
Մասնագիտությամբ ուսուցչուհի Մելանյա Բաբայանը հաճախ մնում է մինչև երեկոյան ժամը իննը: Հարցին, թե չի հոգնում արդյոք, Մելանյան, ցույց տալով ոտքերի պայթած երակները, խոստովանում է. «Իհարկե, հոգնում եմ, բայց ճարս ինչ: Մենակ երեք երեխա եմ մեծացնում և գումարի կարիք շատ ունեմ: Ուսուցչուհու աշխատավարձով անհնար է չորս հոգու հոգսը քաշել: Արդեն չորս տարի է՝ այստեղ սեզոնային աշխատանքով եմ հացի փող վաստակում»:
Մելանյան, չնայած աշխատանքի դժվարությանը, չի բողոքում, ավելին ուրախ է, որ գոնե դա էլ կա, այլապես անհնար կլիներ գոյատևել օրեցօր գնաճի պայմաններում:
Կես ժամվա ընթացքում մինչ նկարում էինք արտադրամասում, բանջարեղենով բարձած ավտոմեքենաներ էին իրար հետևից բեռնաթափում: Տիկին Կարինեից հետաքրքրվեցի, թե մթերքները բոլորն են արդյոք տեղական: Ի պատասխան՝ զրուցակիցս ասաց, որ նախապատվությունը տալիս են տեղականին, բայց նախ միշտ չէ, որ տեղական արտադրողները կարողանում են ապահովել անհրաժեշտ քանակ, և երկրորդ՝ կան տեսակներ, ինչպես օրինակ ծիրանը, որ ներկրվում է Հայաստանից:
[gallery id=166]
Մեկնաբանել