
Ռուսաստանը 50 մլրդ դոլար պետք է վճարի «Յուկոս»-ին
Հաագայի դատարանը որոշել է, որ Ռուսաստանը խախտել է Էներգետիկայի խարտիան «Յուկոս»-ի գործում, և, փաստորեն, ճանաչել է, որ նավթային ընկերությունը «բռնագրավվել է»: Այս մասին «Կոմերսանտ» թերթին հայտնել է գործին տեղյակ աղբյուրը:
Այս գործը սկսվել է դեռևս 2005թ.: Դատարան դիմել է «Յուկոս»-ի մեծ բաժնետեր Group Menatep Limited-ը (GML), որը դատարանում ներկայացրել է ընկերության խոշոր բաժնետերեր Լեոնիդ Նևզլինի և Վլադիմիր Դուբովի շահերը: GML-ը պահանջել է 114 մլրդ դոլարի փոխհատուցում, սակայն դատարանը ընկերության կորուստը գնահատել է 50 մլրդ դոլար: Բացի դրանից, Ռուսաստանը պետք է փոխհատուցի դատական ծախսերը՝ 65 մլն դոլարի սահմաններում:
Հիշեցնենք, որ նավթային «Յուկոս» ընկերությանը մեղադրանք էր առաջադրվել հարկերից խուսափելու համար, ինչի հետևանքով կալանավորվել էր ընկերության նախագահ և մեծ բաժնետեր Միխայիլ Խոդորկովսկին և այլ աշխատակիցներ, այդ թվում «Յուկոս»-ի գործադիր փոխնախագահ, իրավաբան Վասիլի Ալեքսանյանը:
Սա «Յուկոս»-ի մի ճյուղի դատավարությունն էր: Ամստերդամի դատարանում դեռևս ընթանում է «Յուկոս»-ի հայաստանյան դստեր խմբի դատավարությունը: Նավթային «Յուկոս» ընկերությունը, հիշեցնենք, Հայաստանում հիմնադրել էր «Յուկոս ՍՆԳ Ինվեստմենտ»-ը, որի դուստր ընկերությունների ակտիվները կրկնակի գերազանցել են ՀՀ պետական բյուջեն:
Լուսանկարը՝ այստեղից
Մեկնաբանել