
Վահրամ Բաղդասարյանը՝ Հովիկ Աբրահամյանի հայտարարության մասին. «Ենթադրություններ են»
Երեկ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը համոզմունք հայտնեց, որ Հայաստանը 2015 թվականի հունվարի 1-ից կդառնա Եվրասիական տնտեսական միության անդամ: ԱԺ իշխող Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը մեզ հետ զրույցում հորդորեց անդամակցության վերջնական ժամկետների մասին չխոսել ու համբերել:
«Վերջնական ժամկետի մասին խոսք չկա՝ ո́չ հունվարի 1, ո́չ հոկտեմբերի 1: Համբերեք մի քանի օր, որոշ ժամանակ. ամառվա ընթացքում կլինի նախագահների հանդիպում, ու վերջնական որոշում կլինի միայն այդ ժամանակ: Իսկ մնացած բոլոր ժամկետները ենթադրություններ են»,- «Հետք»-ի հետ զրույցում ասաց Վահրամ Բաղդասարյանը:
Մեր դիտարկմանը, թե նման հայտարարությամբ հանդես է եկել երկրի վարչապետը, արդյոք նա նույնպես ենթադրություններ է անում, ՀՀԿ խմբակցության ղեկավարն արձագանքեց այսպես. «Դե հա, Հովիկ Աբրահամյանն էլ նույնպես կարծիք է հայտնել, նա չի ասել անդամակցության օրն ու ժամը: Ես էլ հիմա կարող եմ կարծել, որ մինչև հունվարի 1-ը հարցը իր հանգուցալուծումը կստանա, որովհետև մեր կողմից փաստաթղթային հարցերն ավարտված են, պայմանագրերն ուղարկված են երեք պետություններին, որոնք հանդիպման ժամանակ կբարձրաձայնեն իրենց դիրքորոշումը: Այն, ինչ մեր կողմից պետք է արվեր, արել ենք, հայկական կողմն իր բոլոր պարտավորությունները կատարել է»:
Հիշեցնենք, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ հայտարարել էր. «Ես ասել եմ, որ մենք մինչեւ հոկտեմբերի վերջ կստորագրենք ԵՏՄ անդամակցության փաստաթղթերը։ Դա գործընթաց է, որը կավարտենք սեպտեմբեր-հոկտեմբերին։ Ես համոզված եմ, որ 2015թ. հունվարի 1-ից մենք կդառնանք Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ»:
Ի դեպ, վաղը ՀՀԿ-ն Գործադիր մարմնի նիստ կհրավիրի: Այս առնչությամբ հետաքրքրվեցինք, թե արդյոք ԵՏՄ անդամակցության հարցը նախագահ Սերժ Սարգսյանը քննարկելո՞ւ է: Վահրամ Բաղդասարյանն ասաց, թե առայժմ այդ հարցին պատասխանել չի կարող, որովհետև քննարկման օրակարգը որոշվում է տեղում:
Փոխարենը նա հայտնեց, որ հնարավոր է նախագահ Սարգսյանը գնահատական տա վարչապետ Հովիկ Աբրահամյանի 100-օրյա պաշտոնավարմանը: «Մարդը 100 օր աշխատել է, հնարավոր է, որ Ս. Սարգսյանը անդրադառնա: Թե ի՞նչ կասի՝ չգիտեմ, բայց ես իմ կողմից կարող եմ ասել, որ 100 օրում գնահատել հնարավոր չէ մարդու աշխատանքը»,- հավելեց նա:
Մեկնաբանել