
Նշվեց Ալավերդու օրը
Երեկ «Ալավերդու օր» տոնը նշելու համար «Մետալուրգ» մարզադաշտում հավաքվել էին գրեթե ողջ ալավերդցիները: Ժամը 17:00-ից մարզադաշտում սկսվեց քաղաքի ինքնագործ խմբերի համերգը: «Մենք տոնից տոն ժամանակահատվածում փորձել ենք Ալավերդու բնակչությանը ներկայացնել մեր համայնքային ծառայությունների, նախադպրոցական հաստատությունների , արտադպրոցական հիմնարկների աշխատակիցների և սաների ելույթները: Այս գաղափարախոսությունն էլ ընդգրկել ենք տոնական միջոցառման սցենարի մեջ»,- ասաց քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը: Ըստ վերջինիս՝ տոնից տոն անցած ժամանակահատվածում վերանորոգվել է «Ալավերդի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն, վերականգնվել է Սանահին գյուղական թաղամասի խմելու ջրամատակարարման ներքին ցանցը, արդեն մեկնարկել է ալավերդցիների կողմից երկար սպաված քաղաքային զբոսայգու կառուցումը:
«Ամռան վերջին կունենանք արդեն թվով 6 արհեստական խոտածածկով խաղահրապարակներ: Այսօր վերաբացվեց վերանորոգված քաղաքի գեղարվեստի դպրոցը»,- ձեռքբերումները թվարկեց քաղաքապետը: Արտավազդ Վարոսյանը չմոռացավ նաև Ալավերդու հիմնախնդիրները: Ասաց, որ քաղաքը դեռևս խնդիր ունի իր 180 բազմաբնակարան շենքերի պահպանության, մասնավորապես տանիքների վերականգնման գործում:
Նշեց, որ Ալավերդին ունի խոշորացված համայնքի մոդել, համայնքի վարչական սահմաններում գտնվում են 4 բնակավայրեր` Ալավերդի, Ակներ, Սանահին, Մադան թաղամասերը , այդ առումով էլ նա քաղաքապետարանի համար ակտուալ խնդիր համարեց թաղամասերի համաչափ զարգացումը:
Մինչ քաղաղաքապետը ներկայցնում էր Ալավերդու հիմնախնդիրները, մարզադաշտ էին մտնում քաղաքապետարանի թիվ 6 մանկապարտեզի սաները, քաղաքային թատրոնի և «Լազուր» ժողգործիքների անսամբլի կոլեկտիվները, մարզադպրոցի, երաժշտական և գեղարվեստի դպրոցների սաները, քաղաքի պարի ինքնագործ խմբերը, որոնք իրենց կատարումներով բարձրացնում էին հոգսաշատ ալավերդցիների տոնական տրամադրությունը: «Վալեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանը տոնական օրվա շրջանակներում պարգևներ հանձնեց պղնձաձուլական գործարանի մի խումբ մետալուրգների:
Քաղաքապետ Արտավազդ Վարոսյանն էլ պատվոգրերով, դրամական պարգևներով և առողջարանային ուղեգրերով պարգևատրեց իրենց գործին նվիրված ալավերդցիներին:
Երեկոյան տոնի առթիվ իրենց կատարումներով ալավերդցիներին շնորհավորեցին հայ էդրադայի երգիչներ Սոնա Շահգելդյանը, Լիլիթ Կարապետյանը, Արսեն Գրիգորյանը և էլի ուրիշներ: Տոնակատարությունը շարունակվեց միչև ուշ երեկո և ավարտվեց հրավառությամբ: Ալավերդցիները բարձր տրամադրությամբ և մեծ ակտիվությամբ նշեցին քաղաքի օրը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել