
Հովիկ Աբրահամյանին՝ կարդալու համար
«Նաիրիտ գործարանի» աշխատակիցները հուլիսի 10–ին կառավարության շենքի դիմաց բողոքի ցույց էին կազմակերպել: Նրանք պահանջում էին վերագործարկել «Նաիրիտը» և վճարել իրենց 14 ամսվա աշխատավարձի պարտքը: «Մենք կոլապսի մեջ ենք, երկու ամիս է ուսումնասիրում ենք, չենք կարողանում ծայրը գտնել՝ ինչ են արել, ոնց են տարել, ոնց են բերել,- ասել է վարչապետ Աբրահամյանը,- երկու ամիս է` փնտրում ենք սեփականատիրոջը, չենք կարողանում գտնել»:
|
Թե ինչու մինչ օրս որևէ մեկը չի պատժվել «Նաիրիտը» այս վիճակին հասցնելու համար, Հովիկ Աբրահամյանը պատասխան չուներ. «Պիտի ճշտենք, որ պատժենք»: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ճիշտ չի ասում, ավելին՝ նա «Նաիրիտի» կեղտոտ գործարքները քողարկողներից մեկն է: Երբ մեկ տարի առաջ մի քանի պատգամավորներ փորձում էին «Նաիրիտի» գործարքներն ուսումնասիրող հաձնաժողով ստեղծել, այն ժամանակ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ամեն ինչ արեց, որպեսզի ձախողվի պատգամավորների այդ նախաձեռնությունը: Հանձնաժողով այդպես էլ չստեղծվեց: «Նաիրիտի» աշխատողներին Հովիկ Աբրահամյանն ասել է, թե երկու ամիս է` չեն կարողանում պարզել՝ ով է «Նաիրիտի» սեփականատերը: Հատուկ Հովիկ Աբրահամյանի համար ներկայացնում ենք հոդվածների շարքը, որտեղ մանրամասն տրված են նրան «հուզող» բոլոր հարցերի պատասխանները: Եթե Հովիկ Աբրահամյանն ուզում է ավելին իմանալ, կարող է միջնորդել գլխավոր դատախազին, որ կալանավորեն նախագահի խորհրդական Արմեն Մովսիսյանին եւ Միջպետական բանկի Հայաստանի ներկայացուցիչ Վահան Մելքոնյանին: Վարչապետը եթե ուզում է, որ բացի իրենից՝ հանրությունն էլ տեղյակ լինի, թե իրականում ինչ է կատարվել «Նաիրիտի» հետ, թող Հանրային հեռուստատեսությամբ «Հետքին» մեկ ժամ եթեր տրամադրի: Մենք էլ հանրությանը կներկայացնենք այն հանցագործությունները, որ կատարել են պաշտոնյաները եւ մնացել անպատիժ: «Նաիրիտի» մասին նյութերը հավաքված են նաեւ Ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում: Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրահանգով գործը կարճվել է: Վարչապետը կարող է ծանոթանալ նաեւ կարճված քրեական գործերի նյութերին, այնտեղ կան ուշագրավ ցուցմունքներ: Հ.Գ.Պարոն վարչապետ, հոդվածները կարդալու համար սեղմեք ձախ կողմի հղումները: |
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել