
Վահագնաձորում ըմպում են Մագդայի գինին
Մագդա Օսյանն ավելի քան տասը տարի Լոռու մարզի Վահագնաձոր գյուղում գինի պատրաստելով թեթեւացնում է ընտանիքի հոգսը: Ասում է` իրենց մոտ միրգն ու հատապտուղը շատ է: Առաջ դրանից հյութ ու մուրաբա էր պատրաստում, հետո մտածեց, որ կարելի է նաև գինի պատրաստել:
«Կանայք գինի շատ են խմում»
Մագդան իրավաբան է, ժամանակին աշխատել է իր մասնագիտությամբ, բայց այժմ նրա հիմնական զբաղմունքը գինի պատրաստելն է: Սկզբում պատրաստում էր միայն իր ընտանիքի համար, այնուհետև սկսեց ավելի մեծ քանակությամբ պատրաստել և վաճառել: Տարվա ընթացքում Մագդան կարող է 100-200 լիտր գինի արտադրել: Գինու պատրաստման մեթոդներն ու գաղտնիքները նա սովորել է իր պապից: Մագդայի պապն ու տատը եղել են Ալավերդիից: Այստեղ ևս միրգն առատ է, և պապը պատրաստել է թե́ գինի, թե́ օղի: Սակայն Մագդան օղի չի պատրաստում:
«Գինին ավելի շատ կանայք են խմում, դրա համար դա եմ պատրաստում», - ժպտալով ասում է կին գինեգործը:
Ամենադժվարը մասուրից գինի պատրաստելն է
Մագդայի պատրաստած գինու տեսականին բազմազան է: Բացի ավանդական` խաղողի գինուց նա պատրաստում է նաև ազնվամորու, մոշի, սալորի, սև թթի եւ մասուրի գինիներ: Մասուրից գինի պատրաստելը համեմատաբար դժվար է, որովհետև այն փշոտ է: Պետք է մոտ 10 անգամ բերքը մաքրել, մաղել, որպեսզի հանկարծ դրա փշերը չանցնեն գինու մեջ: Գինու պատրաստման ամբողջ գործընթացը Մագդան ինքն է անում. տակառների մեջ ճզմում է միրգը, հյութը քամում, զտված զանգվածը թողնում մոտ քառասուն օր, որպեսզի դրանից այլևս փրփուր չբարձրանա, այնուհետև տարաների մեջ է լցնում:
Մագդան ասում է, որ գինու համի գաղտնիքը տակառների մեջ է. կաղնու փայտից պատրաստված տակառները յուրահատուկ համ են հաղորդում խմիչքին: Գինեգործը հավաստիացնում է, որ ապակե շշերի մեջ պահած գինին չունի նույն համը:
Ամենաթանկը ազնվամորու և մոշի գինին է
Այն մրգերից, որոնցից գինի չի պատրաստում, Մագդան պատրաստում է լիկյոր` ծիրանի, դեղձի, կեռասի: Բայց նա դրանք դեռևս վաճառքի չի հանել:
Հուլիսին սկսվում է ազնվամորու գինու պատրաստման շրջանը, ապա` մոշինը: Քանի որ ազնվամորին ու մոշը մյուս մրգերի համեմատ թանկ են գնահատվում, դրանցից պատրաստված գինին էլ մյուսների համեմատ թանկ է: Ազնվամորու գինու մեկ լիտրը Մագդան վաճառում է մոտ հազար դրամով: Սև թթի գինի մեկ անգամ է պատրաստել, բայց համեղ էր ստացվել. պետք է հաջողված փորձը կրկնել:
«Կարող է` ազնավամորու գինին ավելի համեղ է, գույնն ավելի սիրուն է, բայց խաղողինն ավելի օգտակար է»,- ասում է Մագդան:
Մագդայի պատրաստած գինիները հիմնականում սպառվում են տեղացիների շրջանում եւ մարզկենտրոն Վանաձորում: «Երևի հավանում են, որ վաճառվում է», - ասում է Մագդան:
Լոռիում զբոսաշրջության զարգացման մեծ պոտենցիալ կա
Այժմ Մագդան գինու պատրաստման գործը համատեղելու է «Լոռվա օրրան» հայկական մշակույթի, արվեստի և խոհարարության ժամանցային տան աշխատանքների հետ, քանի որ նշանակվել է նորաբաց կենտրոնի տնօրեն: Լոռվա մարզի Փամբակ գյուղում բացված կենտրոնի նպատակը մարզում զբոսաշրջությունը զարգացնելն է: Այստեղ լոռեցիները զբոսաշրջիկներին են առաջարկում թոնրի լավաշ տեղական պանրի տեսականիով, հայկական ավանդական թխվածքներ և ուտեստներ, տեղական մեղր, մուրաբաների և գինիների ընտրանի և այլն: Մագդա Օսյանը համոզված է, որ Լոռվա մարզում զբոսաշրջության զարգացման մեծ պոտենցիալ կա, և այն իսկապես կարող է գրավիչ լինել զբոսաշրջիկի համար: Պարզապես պետք է տրանսպորտը լավ աշխատի, որպեսզի կապ ապահովվի շրջակա համայնքների միջև:
Մագդան համոզված է, որ կենտրոնի աշխատանքները չեն խանգարի իր հիմնական զբաղմունքին` գինու պատրաստմանը:
Նա հույս ունի, որ կենտրոնի միջոցով իր արտադրած գինու պահանջարկը կմեծանա թե́ Հայաստանի մյուս շրջաններում, թե́ Հայաստանից դուրս:
Մեկնաբանել