
Րաֆֆի Հովհաննիսյան. «Հայ ժողովուրդը պետք է պատրաստվի արտահերթ հրապարակների»
«Ինձ մեղադրեցին նրա համար, որ ես Սերժ Սարգսյանի մասին լավ եմ խոսել, բայց հանուն Հայաստանի ու իր փրկության, մենք պետք ունեինք ՀՀ՝ առանց պարոն Սարգսյանի նախագահության»,- այս մասին «Ժառանգության» 10-րդ համագումարում հայտարարեց կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա ասաց, որ թեև քաղաքական ուժերը խոսում են միասնությունից, բայց համագումարներ են անում առանձին, հանրահավաքներ են հրավիրում առանձին:
«Միասնությունից հետո ամեն մեկն իր առանձին համագումարն է անում է, մեկը միտինգ է անում, մեկը տարբեր պատվիրակություններ է ընդունում… Մենք կարող է փող չունենք, կարող է մի մինուճար գրասենյակով հաղթում ենք… »,- նշեց նա: Րաֆֆի Հովհաննիսյանը նկատողություն արեց քաղաքական ուժերին. «Ոչ թե սպառնալիք, այլ ուզում եմ նկատողություն անել. եթե այնպես ստացվի, որ մենք չկարողանանք միանալ, որ մենք հուսախաբ անենք մեր ժողովրդին, որը հիմա սպասում է միասնական բռունցքի, էլի մենք պետք է հաղթենք, մենք հաղթելու ենք մեկ առ մեկ մեր մրցակիցներին: Դա այս ելույթի նպատակը չէ, սա հակառակը հասկացեք, որ սա կոչ է, որ ամեն մեկը սթափվի: Ոչ մեկն առանձին վերցրած, ոչ չորս կամ հինգ կուսակցություններն առանձին խորհրդարանում չեն կարող առանձին անել, հնարավոր չէ: Դրա համար եկեք դուրս գանք մեծամտությունից, Հիսուս լինելու բարդույթից: Եթե բոլորը կամ կեսը միասին կանգնեն ու պահանջեն ոչ թե տասներկու կետ, այլ հարյուր քսան կետ, այդ թվում` ամբողջական իշխանափոխություն, ժողովուրդը կլինի հրապարակում, ու ժողովուրդը հիմա սպասում է դրան: Եվ մենք առաջարկեցինք: Մենք պետք է կանգնենք միասին, կամ այսպես երկար պետք է շարունակվի…»:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը նաեւ քննադատեց նախագահ Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականությունը: Նա ասաց, որ իրենք կողմ են Հայաստանի եվրաինտեգրմանը, ապա նկատեց. «Գնում են ՌԴ, ասում են` այո, գնում են Եվրոպա, Բրյուսել, ասում են` այո: Հիմա ես հայտարարում եմ` եթե Հայաստանը ստորագրեց որևէ մի բան որևէ օտար երկրի հետ, որը սահմանափակում է մեր երկրի անկախությունը, ազատությունը, հայ ժողովուրդը պետք է պատրաստվի արտահերթ հրապարակների: Պարոն Սարգսյանն իր իշխանությամբ հանդերձ պետք է հրաժարական տա: Իսկ եթե այսպես շարունակվեց, մեղավոր է ոչ միայն նա, այլև` մենք»:
Րաֆֆի Հովհաննիսյանը կրկնեց, որ եթե քաղաքական ուժերն առանձին պայքարեն, ապա ոչնչի չեն հասնի: «Ոչ մեկը թող չմտածի, որ ինքը կարող է ստվածատուր ծրագրերով առանձին բան անել, ոչ, մենք պետք է ի մի գանք: Մեզնից բացի ոչ մեկը չի անելու…»:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել