
Երեկ ոստիկանի կողմից բռնության ենթարկված քաղաքացու դատաբժշկական փորձաքննությունը ձգձգում են
Էլեկտրաէներգիայի սակագնի դեմ պայքարի դուրս եկած եւ ոստիկանության կողմից բռնությունների ու ծեծի ենթարկված քաղաքացիները հաղորդում են տվել հանցագործության մասին: Ինչպես վկայում են դեպքի հետ առնչվող տեսաձայնագրություններն ու լուսանկարները՝ ոստիկաններն այնքան ուժեղ են սեղմել Արա Ղարագյոզյանի քունքերին, որ վերջինս ուշագնաց է եղել, այնուհետեւ ուշքի գալով՝ տեղափոխվել Մասիվի հիվանդանոց: Հիվանդանոցում նա մնացել է մոտ 3 ժամ, ստացել 6 ներարկում, բայց ինչպես ինքն է նշում, դեռեւս թուլություն եւ գլխացավեր ունի:
Արա Ղարագյոզյանն այսօր այցելել է 1-ին հիվանդանոց՝ դատաբժշկական փորձաքննության, որտեղ նրան մերժել են հետազոտել. «Պատճառաբանեցին, որ Մասիվի հիվանդանոցում ստացիոնար բուժման փաստաթղթերն իրենք չունեն եւ չեն կարող փորձաքննության ենթարկել, մինչեւ չունենան այդ փաստաթղթերը: Ես կապվեցի հետաքննիչ Ա. Առուստամյանի հետ, ով փորձեց խոսել դատաբժշկի հետ, որ այս վիճակում ստուգի: Դատաբժիշկը հրաժարվեց, հետաքննիչն էլ ինձ ասաց, որ իրենք պետք է գրություն պատրաստեն, ուղարկեն հիվանդանոց, որից հետո նոր կարող եմ փորձաքննություն անցնել: Հետաքննիչն ասաց, որ դա կարող է տեւել 1-2 օր»,- ասում է Արա Ղարագյոզյանը:
Ղարագյոզյանը կարծում է, որ ոստիկանությունը դիտմամբ հետաձգում է դատաբժշկի փորձաքննությունը, քանի որ այսօր 2-րդ օրն է, իսկ եւս 1-2 օր ուշացնելու դեպքում՝ հետքերը կարող են վերանալ. «Ըստ քրեական դատավարության օրենսգրքի՝ դատաբժշկական փորձաքննությունը անհետաձգելի քննչական գործողություն է եւ հետաքննիչը անհապաղ պետք է փորձաքննություն նշանակի: Մինչեւ օրս ինձ չի հետազոտել դատաբժիշկը եւ դեռ երկու օր էլ փորձում են հետաձգել: Ես համարում եմ, որ սա դիտմամբ է արվում՝ հետքերը վերացնելու համար»,- ասում է բռնության ենթարկված քաղաքացին:
Լուս.՝ Նազիկ Արմենակյանի
Ոստիկանների կողմից ծեծի ենթարկված Արա Ղարագյոզյանն իր խոսքն է ուղղում ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին եւ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին՝ նշելով. «Անընդհատ Վովա Գասպարյանն ասում է, որ ոստիկանները մեր պաշտպաններն են, բայց երեկ մենք տեսանք ճիշտ հակառակը: Ոստիկանները միայն խոշտանգելով ու բռնություն գործադրելով են զբաղված»,- ասում է նա:
Հ. Գ. Մոտ մի ժամ առաջ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատակիցների ուղեկցությամբ Արա Ղարագյոզյանը անցել է դատաբժշկական փորձաքննություն:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել