
Ցուցարարների նկատմամբ կիրառված բռնության տեսագրությունները կուղարկեն ԵԽԽՎ
Քիչ առաջ ոստիկանության Կենտրոնի բաժանմունքից դուրս եկան ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը և ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Ինչպես «Հետքի» հետ զրույցում հայտնեց Արամ Մանուկյանը, ոչ իշխանական խմբակցությունների քառյակը ոստիկանությունից պահանջել է ազատ արձակել բերման ենթարկվածներին: Պատգամավորը նշեց, որ քառյակի պահանջը ոստիկանությանը աննախադեպ է, քանի որ մինչ այդ 4 ուժեր միասնական պահանջ երբևէ չեն ներկայացրել:
«Մենք արձանագրել ենք, որ ոստիկանների կողմից կան խախտումներ, կիրառվել է բռնություն, ուժ, մարդկանց ապօրնի բերման են ենթարկել ոստիկանություն: Մենք այս կատարվածի մասին տեղյակ ենք պահել ոստիկանապետին և ասել ենք, որ բոլոր փաստերը, նյութերը, որոնք նկարահանվել են դեպքի վայրում, ուղարկվելու են ոստիկանություն»,- նշեց Ա. Մանուկյանը:
ՀԱԿ պատգամավորը հավելեց, որ իրենք ոստիկանություն դիմելով չեն բավարարվելու ու բոլոր նյութերն ուղարկելու են նաև ԵԽԽՎ հայկական պատվիրակությանը, որտեղ, հիշեցնենք, այս պահին ընթանում է ամառային նստաշրջանը:
«Հետքի» հարցին, թե արդյոք դա նշանակում է, որ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը գնահատական է տալու կամ հայտարարություն է անելու կատարվածի առնչությամբ, պատգամավորը պատասխանեց. «Իրենք կորոշեն, թե ինչպես օգտագործեն տվյալ նյութերը. եթե հնարավորություն ունենան, կտարածեն, հայտարարություն կանեն, բայց այն, որ մենք ամեն փաստ ուղարկելու ենք նրանց, դա միանշանակ է: Այնտեղ բոլոր պատգամավորներն արդեն դեպքի մասին գիտեն»:
Մեկնաբանել