
«Բրենդը» գյուղում տոննաներով փչանում է, որովհետև շուկայում եռակի թանկ են վաճառում
«Գնացեք, հարցրեք նրանց՝ գազարը ծառի՞ վրա է աճում, թե՞ հողի մեջ, կասեն՝ ծառի վրա»,- վրդովված ասում է Արամուսի համայնքապետ Հրայր Նիկողոսյանը: Խոսքը երևանցի վերավաճառողների մասին է: Համայնքապետը փորձում է բացատրել, թե որքան հեռու են նրանք հողագործությունից, բայց գյուղացու փոխարեն հենց նրանք են եկամուտ ստանում: Վերավաճառողները, Հրայր Նիկողոսյանի ասելով, «բրենդ» դարձած գազարը շուկայում վաճառում են 250-300 դրամով, բայց գյուղից գնում են 100 դրամից ոչ ավել գնով:
«Նման եկամուտ աշխարհում չկա: Գոյություն ունի շուկայական արժեք, առնում ես 100 դրամով, վաճառի 120 դրամով, եղբա’յր, 20% եկամուտ ունեցիր, էդ դեպքում էլ առնողը կառնի ոչ թե կես կիլոգրամ, այլ 1-2 կիլոգրամ: Ինքնըստինքյան գյուղացու արտադրածի արժեքը կմեծանա»,- ասում է համայնքապետը:
Նա հաշվարկում է գազարը մշակելու ընթացքում գյուղացու ծախսերը՝ հողի հարկ, ջրի վարձ, իսկ եկամուտը ամբողջ տարվա ընթացքում կատարած աշխատանքի դիմաց մեկ ընտանիքի դեպքում չի գերազանցում 600 հազար դրամը 6 տոննա գազարի բերքի դեպքում: Վերավաճառողներն ընդամենը շուկայում վերցրած տեղի փողն են տալիս` առավելագույնը 100 դրամով գնած բերքը վաճառելով առնվազն 300 դրամով:
«Ո՞վ թույլ կտա արամուսցուն տանել, իր արտադրածը Երևանում վաճառել: Երևանցին էնտեղ նստած, թո՞ւյլ կտա` գազար տանես, վաճառես: Ես միշտ էլ ասել եմ` աշխախատեղ է ստեղծվել երևանցիներ համար: Երևանցին էնքան եկամուտ ունի, ինչքան որ գյուղացին չունի»,- ասում է Հ. Նիկողոսյանը:
Ժամանակին գյուղից չորս ավտոբուս շուկա գնացողներին տարել է Երևան՝ բերքը վաճառելու: Հիմա ոչ մի ավտոբուս չի գնում: Գյուղատնտեսական մթերքների տոնավաճառները, որոնք, ըստ գյուղնախարարի, գյուղում «աղքատներ» չպետք է թողնեին, համայնքապետ Հրայր Նիկողոսյանի կարծիքով` ձևական բնույթ են կրում: «Դրանից կարողանում է օգտվել մեկ-երկու արամուսցի,- նշեց համայնքապետը,- գյուղում մարդ կա, որ վեց տոննա բերք ուներ, երեք տոննան չի կարողացել վաճառել: Փչացավ, հանեց թափեց»:
Ստեղծված իրավիճակի արդյունքում գյուղացիները չեն արձագանքում հողերի աճուրդ-վաճառքների վերաբերյալ համայնքապետարանի հայտարարություններին: Մեր այցելության օրը պետք է կայանար գյուղատնտեսական նշանակության 3 լոտ հողի աճուրդ-վաճառք: Հայտ էր ներկայացրել միայն արամուսցի Աշոտ Սարգսյանը: Սակայն, ըստ աճուրդի կանոնակարգի, աճուրդը կայանում է միայն այն դեպքում, երբ առնվազն երկու հայտ կա ներկայացրած: Այդ օրվա աճուրդը համարվեց չկայացած:
![]() |
![]() |
Հողը, եթե եկամուտ չի ապահովում, պահանջարկ չի կարող ունենալ՝ պատճառաբանում է համայնքապետը: Ժամանակին՝ 1990-ական թթ.-ին, գյուղում բոլորը սեփականշնորհման արդյունքում ջրովի վարելահողեր են ստացել, որոնցում հիմա գազար են մշակում: Երեք անդամ ունեցող ընտանիքն ստացել է մեկ բաժին՝ 630 քմ, չորս անդամ ունեցողը՝ 2 բաժին, 6 անդամ ունեցողը՝ 3 բաժին, և այլն: Հիմա այդ ընտանիքները թեև մեծացել են, սակայն, ինչպես նշում է համայնքապետը, համայնքի հողային հաշվեկշռում մնացած վարելահողերը ձեռք բերել չեն ցանկանում:
Չնայած այս հանգամանքին` բոլոր արամուսցիները բարեխիղճ մուծում են հողի հարկը: Համայնքի բյուջե միայն հողի հարկից 2013թ. 6 մլն 735 հազար դրամ է մուտք եղել: «Ես շատ շնորհակալ եմ: Մեկը կար, եկավ վարձ տալու, ընդամենը 3600 դրամ էր, ասեցի պետք չի, ինքը իրոք աղքատ էր, ասեց` չէ, ես կմուծեմ, որովհետեւ էս հողից ես եկամուտ եմ ստանում»,- ասաց համայնքապետը՝ ավելացնելով, որ մնում է` շուկան վերադարձնեն գյուղացուն:
«Էդ որ ասում են՝ օգնեցինք սիլիտրայով, պարարտանյութ տվեցինք, պարարտանյութը օգնություն չի: Լավ, ասենք՝ մի երկու պարկ պարարտանյութ է պետք, մի երկու հազար դրամ է տարբերությունը, 4000 դրամով, ենթադրենք, օգնեցիր, գյուղացու հարցը լուծեցիր, պրծա՞ր: Ջուրն էլ կրկնակի թանկացնում ես: Մենակ մի բան հաշվեք՝ 1,8-2 մլն խմ ջուր է օգտագործվում Արամուսում: Էս շրջանի հինգ գյուղ՝ Նոր Գյուղը, Ակունքը, Կոտայքը, Կաթնաղբյուրը, Կամարիսը, միասին էդքան ջուր չեն օգտագործում, ինչքան Արամուսն է վերցնում: Էս գյուղը մինչև 10 հազար տոննա գազար է արտադրում: Գյուղացուն օգնելն էն է, որ ես արտադրել եմ, ես էլ վաճառեմ»,- ասում է Հրայր Նիկողոսյանը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել