
«Մեդիա գերազանցություն» մրցանակ՝ «Հետքին»
«Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխություն-2014»-ի շրջանակներում «Հետքն» այսօր արժանացավ «Մեդիա գերազանցություն» մրցանակի (հետաքննական լրագրության եւ մարդու իրավունքների լուսաբանման մեջ ականավոր լրատվական պրոֆեսիոնալիզմի համար): Մրցանակը «Հետքի» գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանին հանձնեց ԵՄ պատվիրակության գործերի ժամանակավոր հավատարմատար Դիրկ Լորենցը: «Տարբեր առիթներով ԵՄ-ն վերահաստատել է, որ ազատ, անկախ և բազմակարծություն ապահովող լրատվամիջոցները, որոնք նպաստում են տեղեկատվության ու մտքերի ազատ հոսքին ու ապահովում են թափանցիկություն և հաշվետվողականություն, հանդիսանում են ժողովրդավարական հասարակության անկյունաքարը: «Հետքը» հետաքննող լրագրողական գործունեության ակնառու օրինակ է, որն ակտիվորեն ներգրավված է տարբեր ոլորտներին վերաբերող լրագրողական հետաքննություններում: Իրենց գործունեության ընթացքում «Հետքի» լրագրողները ապացուցել են իրենց արհեստավարժությունն ու նվիրումը լրագրողական հիմնարար սկզբունքներին», - ասաց պրնն Լորենցը:
Ընդունելով մրցանակը՝ Էդիկ Բաղդասարյանը շնորհակալություն հայտնեց «Հետքի» աշխատանքը գնահատելու համար եւ ասաց, որ ամենակարեւոր ձեռքբերումը թերթի պրոֆեսիոնալ թիմն է:
Համընդհանուր իրավունքներին նվիրված մրցանակաբաշխությունը կազմակերպել էին Եվրոպայի խորհուրդը, «Քաունթերփարթ Ինթերնեշնլը», Եմ պատվիրակությունը, ԵԱՀԿ-ն, Բրիտանական դեսպանատունը, ՄԱԿ-ը եւ ԱՄՆ դեսպանատունը համատեղ:
Բացի մամուլից, ընտրվել էր եւս վեց անվանակարգ: «Ազատության պաշտպան» մրցանակը շնորհվեց իրավապաշտպաններ Արա Ղազարյանին եւ Արտակ Զեյնալյանին՝ մարդու իրավունքների պաշտպանության մեջ նշանակալի ջանքերի համար:
«Քաղաքացիական ակտիվություն» մրցանակը շնորհվեց «Չենք վճարելու 150 դրամ» քարոզարշավի կազմակերպիչներին՝ հանրային որոշումների կայացման մեջ թափանցիկության և հաշվետվողականության հետապնդման նշանավոր ջանքերի համար:
«Խիզախ կին» մրցանակը շնորհվեց «Կանանց ռեսուրսային կենտրոնին»՝ կանանց իրավունքների ու գենդերային հավասարության խթանմանն ուղղված համարձակ պաշտպանության համար:
Բանակում մարդու իրավունքների առաջխաղացմանն ուղղված նշանակալի ջանքերի համար «Կառավարման բարեփոխիչ» մրցանակը շնորհվեց Պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանին:
Քարահունջ համայնքի բնակչության առաջնորդման գործում իր նշանակալի ջանքերի և համայնքը առավել բարեկեցիկ դարձնելու համար «Տեղական կառավարման բարեփոխիչ» մրցանակին արժանացավ Քարահունջի համայնքապետ Լուսինե Ավետյանը:
Վերջին՝ «Համայնքային ծառայություն» մրցանակին արժանացավ Երևանի մանկական վերականգնողական կենտրոնի տնօրեն Լաուրա Մովսիսյանը՝ հաշմանդամություն ունեցող երեխաներին վերականգնողական ծառայությունների մատուցմանն ուղղված նշանակալի ջանքերի համար:
Մեկնաբանություններ (6)
Մեկնաբանել