
ԲՀԿ-ն համազեկուցողներին ասել է, որ Սահմանադրական բարեփոխումների հանրային պահանջ չկա
ԲՀԿ խմբակցության պատգամավորների ԵԽԽՎ համազեկուցողների հետ հանդիպման ժամանակ շեշտադրվել է Սահմանադրական բարեփոխումների հարցը: Խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտնեց, որ իրենք անդրադարձել են այն հարցերին, որոնք հետաքրքրել են համազեկուցողներին:
«Մենք անդրադարձել ենք այն հարցերին, որոնք իրենց օրակարգում էին, իսկ իրենց հետաքրքրում էր քառյակի գործունեությունը, Սահմանադրական փոփոխությունները, նոր կառավարության աշխատանքը և նաև օրենսդրության հետ կապված մի քանի խնդիրներ: Հիմնական շեշտադրումները եղել է Սահմանդրական փոփոխությունների հարցը»,- նշեց նա:
Զոհրաբյանը հրաժարվեց ներկայացնել, թե ի՞նչ դիրքորոշում է ԲՀԿ-ն ներկայացրել Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ՝ պատճառաբանելով, որ հանդիպումը փակ է եղել ու ձեռք է բերվել մանրամասները չհրապարակելու պայմանավորվածություն: «Ես հարգում եմ պայմանավորվածությունները»,- ասաց նա: Ապա Զոհրաբյանը նշեց, թե իրենք ասել են, որ Սահմանադրական բարեփոխումների հանրային պահանջ չկա:
Նաիրա Զոհրաբյանն ասաց, թե ԲՀԿ-ի հետ Մաքսային միության, Լեռնային Ղարաբաղի, Մարտի մեկի հարցերը, ի տարբերություն մյուս խմբակցությունների, չեն քննարկվել:
Մեկնաբանել