
Նիկոլ Փաշինյան. «Տիգրան Սարգսյանի կառավարությունն ամենասկանդալայինն էր»
Ազգային ժողովում 2013 թվականի բյուջեի կատարողականի վերաբերյալ ելույթում ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հիշեց նախորդ՝ Տիգրան Սարգսյանի կառավարության հետ կապված սկանդալային պատմությունները:
«Տիգրան Սարգսյանի կառավարությունն ամենասկանդալային կառավարությունն էր՝ ամենասկանդալային վարչապետով»,- նկատեց պատգամավորը, ապա թվարկեց սկանդալային պատմությունների թոփ տասնյակը:
Տասներորդ հորիզոնականում Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց 2008 թվականին Տիգրան Սարգսյանի կողմից արված հայտարարությունը: Ի պատասխան ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանի հարցին, թե ինչպես են խուսափելու համաշխարհային տնտեսական ճգնաժամից, Տիգրան Սարգսյանն առաջարկել էր տնտեսական ճգնաժամի մասին հնարավորինս քիչ խոսել, որ աղետը շրջանցի Հայաստանը: «Արդյունքում Հայաստանը 2009թ. արձանագրեց 14.9 տոկոս տնտեսական անկում»,- շեշտեց Փաշինյանը:
Իններորդ տեղում Արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանի հայտարարություն էր, թե կառավարությանն անվստահություն հայտնող ոչ իշխանական ուժերի քառյակը «ղալաթ է անում»: «Նա ասաց, որ խորհրդարանի 1/3-րդը ղալաթ է անում, երբ այդ 1/3-րդը փորձում էր իրականացնել իր սահմանադրական իրավունքը»,- ասաց Փաշինյանը:
Ութերորդ հորիզանականում Տիգրան Սարգսյանի կեցվածքն էր, երբ նա ներկայացել էր հասարակության առաջ հարբած վիճակում. «Տիգրան Սարգսյանն այդպես էլ մինչև վերջ չասաց, որ հարբած է եղել»:
Յոթերորդ սկանդալն, ըստ Նիկոլ Փաշինյանի, Տիգրան Սարգսյանի հայտարարությունն էր արտագաղթի մասին, երբ նախկին վարչապետն ասել էր. «Ի՞նչ անեմ, ամեն ինչ անե՞նք, որ մարդիկ չփախչեն Հայաստանից, այդ կրիտիկական զանգվածը մնա այստեղ ու հեղափոխություն անի՞»: «Ճիշտ է, Տիգրան Սարգսյանն այստեղ ասաց, որ նման բան չի ասել: Բայց հետո եղավ ի՞նչ. «Թերթը» հրապարակեց հարցազրույցի ձայնագրությունը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Վեցերորդ հորիզոնականում գազի հանրահայտ սկանդալն է, երբ կառավարությունը թաքցրել էր, որ գազի գինը թանկացել է, ու արդյունքում Հայաստանը կուտակել էր երեք հարյուր մլն դոլարի պարտք:
Հինգերորդ տեղում արագաչափերի ու տեսանկարահանող սարքեր տեղադրելու՝ նախորդ կառավարության որոշումն էր, որը «ՀՀ քաղաքացու վրա դրել է լրացուցիչ 11 միլիարդ դրամի բեռ»: Պատգամավորն ասաց, որ նախկինում մարդիկ օգտագործում էին այդ գումարն իրենց երեխաներին կոշիկ, սնունդ առնելու համար, իսկ հիմա տալիս են Սերժ Սարգսյանի եղբորը՝ Սաշիկ Սարգսյանին:
Չորրորդ տեղում «Նաիրիտ» գործարանի հետ կապված սկանդալն էր, երբ կառավարությունը վարկ տվեց անհայտ ընկերությանը, որն անգամ գրասենյակ չուներ, ու «Նաիրիտը» սնանկացավ:
Երրորդ սկանդալն, ըստ Փաշինյանի, կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումն էր, որը «անգամ ՀՀ Սահմանադրական դատարարանը ճանաչեց հակասահմանադրական, որովհետև այնքան հակասահմանադրական էր, որ հակասահմանադրական չճանաչել չէր լինի»:
Երկրորդ տեղում Արարատյան դաշտավայրի արտեզյան ջրերի կորուստն է, իսկ առաջին տեղում հանրահայտ օֆշորային սկանդալը: Հիթ-շքերթը ներկայացնելուց հետո Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ Տիգրան Սարգսյանի կառավարության օրոք օտարերկրյա ներդրումները պակասել են: «Այստեղ են ասել՝ կանգ առ երկրագունդ, իջնող կա»,- եզրափակեց նա:
Տեսանյութը` www.a1plus.am-ի
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել