
«Գյուղատնտեսության ոլորտում հայ մարդն աշխատել չի ուզում»
Հարցազրույց «Հունայկա» եւ «ՍԵՐՄՆԱՑԱՆ» ընկերությունների սեփականատեր , Աժ նախկին պատգամավոր Վռամ Գյուլզադյանի հետ: Նրա հետ հանդիպեցինք ընտրությունների օրը Յաղդան գյուղում:
Ձեր ընկերությունները Լոռու մարզում զբաղվում են գյուղատնտեսությամբ: Ինչպե՞ս կգնհատեք Յաղդանի, Վարդաբլուրի և հարևան գյուղերի տնտեսության վիճակը:
Լենին պապը ինչքան սուտ է ասել սուտ, բայց մի հատ ճիշտ բան է ասել. «Ով աշխատի, նա էլ կուտի»: Էսօր դա ֆունդամենտալ ճշմարտություն է: Ինչքան էլ, որ ասում են՝ հայ ենք, հայ ենք, աշխատասեր ազգ ենք, իրականության մեջ, համենայնդեպս, գյուղատնտեսության ոլորտում հայ մարդը աշխատել չի ուզում: Կարող է գնալ Ռուսաստան ու լավ հավեսով 12-14 ժամ աշխատել, բայց էստեղ դաշտում ջրվոր, խոտ հնձող կամ բարձող չի ուզում աշխատել: Գյուղերի ընդհանուր վիճակի մասին կասեմ, որ Յաղդանը և Կողեսը նորմալ են այն առումով, որ հողերի բացարձակ մեծամասնությունը մշակվում է:
Յազդանը 272 հա վարելահող ունի, որից 114 հա մշակում են Ձեզ պատկանող «Հունայկա» ՍՊԸ-ի միջոցով:
Ուրեմն էս գյուղում քարտեզի վրա նկարած, թղթի վրա գրված հողերի քանակը մեծ է, ինչպես բոլոր գյուղերում: Բայց դրանց մի մասը ոչ ոք չի մշակում, որովհետև իզուր են դարձրել վարելահող: Խրուշչովյան կամ Ստալինի ժամանակներ են եղել, երբ խնդիր է դրված եղել , որ ամեն հանրապետություն իրեն պետք է ապահովվի հացով: Եվ դրել են մասնագիտորեն չարդարացված լանջերը վարել են: Էդ 272 հա-ից 100-ը չի մշակվում, չի էլ մշակվելու: Ուղղակի նոր գյուղապետը կարող է էդ հողերի կատեգորիան փոխել և վարելահողից դարձնել խոտհարք կամ արոտավայր և թեման փակել:
Դուք քանի՞ գյուղում եք հող մշակում և որքան:
Երկու: Իմ հայրենի Վարդաբլուր գյուղում և Յաղդանում: Մոտ 300 հա հող եմ մշակում: Աշխատատեղ ապահովում եմ մշտական երևի մի 30, իսկ բերքահավաքի ժամանակ , երկու ամիս ապահովում եմ երևի մի 100 աշխատատեղ: Աշխատողներին օրը 10 դոլար` 4 հազար դրամ աշխատավարձ եմ վճարում:
Փաստորեն երկու գյուղերի տնտեսական լծակները հիմնականում Ձեր ձեռքում են : Ի՞նչ եք արել անցած տարիներին այդ գյուղերի զարգացման համար:
Յաղդան գյուղի տնտեսական լծակներն իմ ձեռքում են, իսկ Վարդաբլուրինը` ոչ: Վարդաբլուրը մեծ գյուղ է, ես այնտեղ 130 հա հող եմ մշակում: Ես Յաղդանի համայնքային բյուջեին վճարում եմ 3 մլն դրամ հարկ: Նույնիսկ տնամերձերի և չմշակվող հողերի հարկերը մենք ենք վճարում: Դրանց տերերը թողել գնացել են: Միշտ 100 տոկոսով Յաղդանի բյուջեի սեփական հարկային եկամուտները ապահովվել են:
Իսկ դուք ինչպե՞ս եք Յաղդանի գյուղացիների հողը վերցնում եւ մշակում:
Պայմանագրային կարգով եմ վերցնում` որը բանավոր, որը գրավոր: Յաղդանի հողատերերը հիմնականում Հունաստանում են` 80 տոկոսը:
Այստեղ շատ բարդ խնդիր կա: Շատ բարդ: Շատերը մահացել են, գյուղապետի մահից հետո այդպես անուններով ոչ ոք չհիշի Յաղդանի հույն հողատերերին: Այս հողերը բոլորը կադաստրով տեր ունեն: Ներկայումս նրանց տանը ով ապրում է, նա լիազորագիր է վերցրել հողատիրոջից ` հողը օգտագործելու համար:
Իսկ կա՞ն հողեր , որոնց տերերը առհասարակ չկան:
Իհարկե կան, 100 հա անմշակ հող կա: Մենք նրանց հարկն էլ ենք տալիս, որպեսզի գյուղապետը լավ զգա իրեն:
Ինչպե՞ս են լուծվում Հունաստանում ապրող յաղդանցի հողատերերի հողը մշակելու ձեր իրավական իրավունքը:
Օրենքով վաղուց նրանց ձեռքից հողը պետք է վերցնեին և դարձնեին համայնքային սեփականություն: Սակայն դա չեն անում, չգիտեմ ինչու դա չեն անում: Յաղդանում գիտեմ ինչու չէին անում: Գյուղապետուհին մեր ընկերն էր, հույն էր ինքը, չէր ուզում որևէ մեկին նեղացնի, բայց ՀՀ հողային օրենսգրքում պարզ գրված է, որ այլ պետության քաղաքացին մեր երկրում չի կարող ունենալ հողի սեփականություն:
Այս դեպքում այդ մարդկանց հողը մշակելու դուք պայմանագրային կողմ ո՞ւմ եք ճանաչել
Հենց հողի տիրոջ անունն էլ մեր պայմանագրի մեջ գրված է: Գյուղապետն էլ պեչատել ա:
Բայց հողի տերը չկա:
Հողերի 80 տոկոսը և ավելին այդ սկզբունքով ենք մշակել: Յաղդանի հողերի 80 տոկոսի տերը կամ մեռած է, կամ այստեղ չէ:
Փաստորեն դուք Յաղդանի վարելահողերը մշակում եք՝ առանց հողատիրոջ պայմանագրային մասնակցությա՞ն:
Մենք 1996 թվականից ենք այս հողերը մշակում, էն ժամանակ դեռ ահագին մարդ կար: Մի մասի հետ էն ժամանակ կնքել ենք պայմանագիր` ասենք 3 տարով: Ով կար`էդ երեքին մի երեք էլ ենք ավելացրել, ով չկար, էդպես էլ այդ պայմանագիրը մնում է: Գյուղապետի հետ մենք թիվը փոխել ենք, ասել ենք` էս թվից սկսել ենք, մինչև, երբ տերը կգա: Չմշակենք անտեր կմնա, ոնց որ Ագարակում, ճանապարհի կեսն անցնում եք, հողն անտեր բրախած է: Հողը բացարձակ չեն մշակում, չեն սիրում մշակել: Կողես գյուղն է հողը մշակում: Յաղդանում հողը հիմնականում մերն է, մենք ենք մշակում ու մեկ էլ տրակտորիստ Ռաշիդ Լազրևը: Իրա հողը մոլախոտի մեջ կորած է, իբր թե մշակում է: Ուրիշ մշակող չկա: Արևածագ գյուղն է, որ մի քիչ նորմալ մշակում են, Կարմիր Աղեկիում լավ են մշակում, Օձունի 3 000 հա վարելահողերից 2900 հա-ը անմշակ է: Գյուլաքարակում էլ է վատ`1000 հա վարելահողից 100-120 հա հող է մշակվում: Էն էլ հա ցորեն են ցանում:
Իսկ հողերը չմշակելը ինչ հետեւանքներ կարող են ունենալ:
Մեր պետությունը, լոռեցու ասած`«Մեր է մտել», այսինքն փոքրացել է: Մեր պետությունն ու Յաղդանը իրար նման են: Վերանում են երկրի երեսից:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել