
Երեւանի գունավոր «շորերը», կամ ինչպես են ծախսվում քաղաքացիների փողերը
Նախորդ տարվանից սկսած՝ Երեւանի քաղաքապետարանը լվանում եւ ներկում է քաղաքի կենտրոնական փողոցների վրա գտնվող շենքերի ճակատային հատվածները: Ներկված շենքերի մեջ որեւէ գույն չի գերակշռում. կան մուգ մանուշակագույն, օխրայի երանգներ, դեղին, մոխրագույն, շագանակագույն` գազարագույնի հետ:
Գործընթացը սկսվել է Գագիկ Բեգլարյանի պաշտոնավարման ժամանակ: Նախորդ տարի ներկվել եւ լվացվել է 30 շենք` միայն Մաշտոցի պողոտայի շենքերից: Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը «Հետքին» ասաց, որ աշխատանքների համար Երեւան քաղաքի համայնքային բյուջեից հատկացվել է 176 մլն դրամ:
Ըստ կանոնակարգի` աշխատանքներն իրականացնելու համար հայտարարվում է տենդեր, հաղթած նախագիծը ներկայացվում է Երեւանի քաղաքապետի հաստատմանը` քաղաքաշինության ու ճարտարապետության վարչության եւ գլխավոր ճարտարապետի խորհրդով, իսկ գործընթացը վերահսկում է քաղաքի գլխավոր դիզայները:
Նախորդ տարվա տենդերը շահել էր «Երեւաննախագիծ» ինստիտուտը, նախագծի հեղինակը դիզայներ Աշոտ Մայիլյանն է:
Ինչպես նշում է Արթուր Գեւորգյանը, արված աշխատանքը դրական արձագանքի է արժանացել, ուստի 2010-ին այս տարվա բյուջեն հաստատելիս գումար է նախատեսվել ավելի մեծ ծավալի աշխատանքների համար:
Այս տարի իրականացվել է 250 շենքի ներկում եւ լվացում, քաղաքային բյուջեից ծախսվել է 1 մլրդ 300 մլն դրամ: Նախագծի հեղինակը դարձյալ Աշոտ Մայիլյանն է, ով արդեն ներկայացնում է այս տարվա տենդերում հաղթած «Դի ար գի շին» ՍՊԸ-ն:
Առաջին հայացքից տպավորություն է, որ հրաշալի գործ է արվում: Եվ, իսկապես: Վերջապես ուշադրություն է դարձվում տարիներ շարունակ անխնամ վիճակում գտնվող շենքերին. մաքրվում են կեղտից ու փոշուց, ներկվում են, քաղաքի տեսքը թարմանում է:
Այլ հարց է, թե աշխատանքի ընթացքում որքանո՞վ է գործում տվյալ դաշտը կարգավորող օրենքը: Քաղաքի գլխավոր դիզայներ Գագա Ամատունին այս հարցին պատասխան ունի. «Չի սխալվում նա, ով գործ չի անում»: Սակայն «սխալվելիս» խախտվել է «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության մասին» ՀՀ օրենքը:
Այդ շենքերի մի մասն ընդգրկված է պետության կողմից պահպանվող անշարժ հուշարձանների ցանկում, եւ ցանկացած փոփոխություն պետք է համաձայնեցվի Մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող Հուշարձանների պահպանության գործակալության գիտամեթոդական խորհրդի հետ:
Գործակալության Երեւանի տարածքային բաժնի պետ Կարո Այվազյանը «Հետքին» ասաց, որ նախորդ տարի բավական հաջող աշխատել են «Երեւաննախագիծ» ինստիտուտի հետ, սակայն այս տարի շատ հարցերում իրենք տարաձայնություններ են ունեցել:
«Թումանյան-Մաշտոց հատման խաչմերուկում գտնվող նախկին Կարապի գաստրոնոմը, որը հայտնի է որպես Իլյիչի շենք, երկու միասնական շենքեր են, որոնք ուզում էին ներկել տարբեր գույներով,- ասաց նա,- սակայն այդ հարցում մենք համաձայնության եկանք»:
Այվազյանը նշում է մի քանի շենքեր, որոնց շուրջ իրենք համաձայնություն չեն տվել, սակայն փոփոխություններն, այնուամենայնիվ, կատարվել են:
Խոսքը Նալբանդյան 41, Նալբանդյան 41/1, Նալբանդյան 23, Տերյան 62, Նալբանդյան 23, Նալբանդյան-Թումանյան խաչմերուկի եռահարկ շենքերի մասին է: «Մենք դեմ էինք, որ Բունիաթովի շենքը (Նալբանդյան 41-ը) ներկվի,- ասում է Այվազյանը,- բայց ներկվեց: Որոշ շենքերի հարցում մեր հետ հաշվի չնստեցին. օրինակ՝ անատոմիկի շենքը, որը ներկվել է կարմիր, սակայն մենք ասացինք, որ սյունաշարը պետք էր սպիտակ ներկել: Այս շենքերի հարցը պետք է անպատճառ քննարկվի»:
Այվազյանը հատուկ ընդգծում է Մոսկովյան-Տերյան խաչմերուկի վրա գտնվող Տերյան 62 շենքը, որը պատված էր դեկորատիվ ավազով. «Մենք ասացինք, որ ներկել պետք չէ, սակայն դա ներկեցին առանց մեր թույլտվության: Հիմա ներկը հանելը ավելի դժվար կլինի, բայց այդ հարցը մենք անպատճառ պետք է բարձրացնենք»:
Ներկի գոյությունը երաշխավորված է 15-17 տարի, դրանք սիլիկատային ծագման են, հիմնականում` գերմանական արտադրության:
Երեւան քաղաքի ճարտարապետությանը քիչ թե շատ ծանոթ մարդը պատկերացում ունի, թե շենքերից որոնք որ ժամանակաշրջանին են պատկանում: Նալբանդյանի նշված շենքերը, որոնք ներկվել են օխրա գույնով, ի սկզբանե եղել են սպիտակ, որովհետեւ Բունիաթյանը, երբ նախագծում էր այդ շենքերը, ուղղակի օխրայի գույնի շենքեր չեն եղել. եղել են սպիտակ:
«Այո,- հաստատում է Ամատունին,- կոմունիստների ժամանակներից մնացած շենքերը գունավորում չեն ունեցել, որովհետեւ այն ժամանակ գունավորում չի եղել, եւ քանի որ նրանք հիմա փոփոխվում են, նոր գույներ են տրվում: Հիմա բազմազան որակյալ ներկեր կան, ինչո՞ւ չփոխել: Սկզբից դա շատ տարօրինակ ու անբնական կարող է դիտվել, սակայն որոշ ժամանակ հետո մարդու աչքը սովորում է»:
Իսկ նախագծի հեղինակ Աշոտ Մայիլյանը «Հետքին» մատնացույց է անում գոյության տարիների ընթացքում այդ շենքերում կատարված արտաքին միջամտությունները:
«Դրանք 30-ականների շենքեր են, եւ այս ընթացքում բնակիչներից մեկը դուռ է բացել, մյուսը իր օբյեկտին հարմար գույնով է ներկել,- պատճառաբանում է նա,- ո՞ւր էին նրանք, դե թող արգելեին, երբ սալիկներով երեսպատում էին, իսկ մենք աշխատանքների ընթացքում բազմաթիվ վերանորոգումներ ենք կատարել. շատ տեղերում ճարտարապետական էլեմենտները քանդած ու կոտրված են եղել, պատշգամբները նույնությամբ վերականգնվել են»:
Նույն Նալբանդյան 41 շենքի մասին Մայիլյանը նշում է, որ առաջին հարկում վարսավիրանոցի սեփականատերը իր տարածքը սալիկով երեսպատել ու ներկել էր իր ուզած գույնով:
«Սալիկապատված հատվածը չի քանդել, մնացած հատվածը բերված է սալիկի գույնի, իսկ նախկինում այն եղել է սպիտակ,- ասում է նա,- տարբեր շենքեր արված են տարբեր ճարտարապետական լուծումներով, հաշվի է առնված ճարտարապետական էլեմենտների առկայությունը. խոյակներ, քիվեր, սվաղված հատվածներ: Նույն շենքում եղել է քարով սվաղված մասեր, կամ մի մասը` սեւ, մի մասը` վարդագույն քար, այդ բոլոր էլեմետները հաշվի են առնված»:
Գույների ընտրությունը կատարվել է՝ կախված լույսի հետ շենքի ունեցած ճակատային դիրքից. այն շենքերի համար, որոնց ճակատը նայում է դեպի հյուսիս, եւ լուսավորությունը քիչ է, ընտրվել են պայծառ գույներ:
Այդուհանդերձ, Մայիլյանը չկարողացավ պատճառաբանել, թե ինչ հիմքով անշարժ հուշարձանների ցանկում ընդգրկված շենքերում փոփոխություններ կատարելիս հաշվի չի առնվել Հուշարձանների պահպանության գործակալության դիրքորոշումը:
«Շենքեր կային, որոնցից ոմանց վրա ցեմենտ էր, եւ սկզբնականը չէր լինում պահպանել, այդ պատճառով ինչ-որ կերպ պետք է ներկվեր` հնարավորինս պահպանելով հուշարձանի գեղարվեստական ու ճարտարապետական արժեքը»,- պատասխանից խուսափում էր նա:
Բացի այդ` ներկված եւ վերականգնված շենքերի մեջ կային այնպիսիները, որոնց հեղինակները կենդանի են, իսկ այդ դեպքում ցանկացած` այդ թվում գունային փոփոխության դեպքում պետք է լինի նախագծի հեղինակի համաձայնությունը:
Ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը «Հետքին» ասաց, որ Նալբանդյան-Թումանյան խաչմերուկի անկյունում գտնվող «Ստեֆանիել» խանութի շենքը, որը նախագծել է Բունիաթյանը, վերակառուցվել է իր նախագծով` 2006 թ., որը հաստատվել է քաղաքապետարանում:
«Սակայն այնտեղ փոփոխություն անելիս ոչ ոք ինձ հետ ոչինչ չի համաձայնեցրել»,- ասում է նա:
Ի պատասխան այս հարցադրման` Մայիլյանն ասաց, որ իրենք ոչ մի բողոք չեն ստացել. «Եթե բողոքներ կային, թող դիմեին»: Խնդիրն այն է, որ աշխատանքային խումբը փորձ չի էլ արել պարզելու, թե վերականգնվող շենքերի մեջ կա՞ն, արդյոք, այդպիսի շենքեր, որոնց հեղինակները կենդանի են: «Ենթադրաբար, այո, կլինեն»,- միայն ասաց Մայիլյանը` նշելով, որ իրենք մեծ դժվարություններ են ունեցել քաղաքացիների հետ աշխատելիս, որոնք կարծում են, թե շենքի ճակատը իրենց սեփականությունն է:
Այս տարի աշխատանքներն արդեն ավարտվել են. 250 շենքերը հիմնականում ընդգրկում են քաղաքի կենտրոնական փողոցները, սակայն Արշակունյաց պողոտայով ծավալվել են մինչեւ Գ. Նժդեհի հրապարակ:
Արթուր Գեւորգյանն ասում է, որ ծրագիրը, ամենայն հավանակությամբ, շարունակական կլինի, այս անգամ՝ կենտրոնից հեռու համայնքներում: «Ամեն տարի շենք չեն լվանում,- ասաց նա,- մյուս տարի կընդգրկվեն այն շենքերը, որոնց վիճակն ավելի վատ է»: Ճարտարապետ Պետրոսյանը այս բացթողումները շատ լուրջ չի համարում` քաղաքում առկա լուրջ ճարտարապետական խնդիրների ֆոնին:
«Այն մի քանի տարի հետո կարելի է փոխել,- ասում է նա,- սակայն ներկելը հսկայական գումարների ծախս է, որը գոյանում է իմ եւ այլ երեւանցիների վճարած հարկերից, մինչդեռ այն կարելի էր քննարկել մասնագիտական հանրության հետ եւ ավելի ճիշտ լուծման հանգել»:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել