
Ընտրացուցակում 30 տարի առաջ մահացած մարդու անուն է հայտնաբերվել
Այսօր Լոռու մարզի Յաղդան գյուղի 32/1 ընտրատեղամասում 159 ընտրողներից ՏԻՄ ընտրություններին մասնակցեց 78-ը: Յաղդանի տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ, ՀԱԿ-ի ներկայացուցիչ Ռուբիկ Շահվերդյանը ժամը 13:10-ին «Հետքին» հայտնեց, որ 159 ընտրողներից ընտրությանը մասնակցել են 70 ընտրողներ:
Մեր այցելության պահին տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներն անգործ էին: Ժամը 13:10-ից մինչև ընտրությունների ավարտը` ժամը 20 :00-ն, Յաղդանում ընտրության ներկայացան ընդամենը 8 ընտրողներ: Հանձնաժողովի նախագահ Ռուբիկ Շահվերդյանը «Հետքի» հետ զրույցում անվստահություն հայտնեց Յաղդանի ընտրացուցակների նկատմամբ. «Ընտրացուցակում 1912թ. ծնված և արդեն 30 տարվա մահացած մարդ էլ կա: Ահա, խնդրեմ` Սարիմախմուդովա Խրիստաֆորի՝ ծնված 1912թ.: Ընտրացուցակում ընդգրկված 70 –ից ավելի մարդիկ շատ վաղուց Յաղդան գյուղում չեն ապրում: Ինչպես Սարիմախմուդովան, այնպես էլ Յաղդանից տասնյակ տարիներով բացակայող այդ յաղդանցիները ՍերԺ Սարգսյանի և գործող ԱԺ պատգամավորների պոտենցիալ ընտրողներն են»,- ասաց հանձնաժողովի նախագահ Ռ. Շահվերդյանը:
Այսուհանդերձ ընտրությանը մասնակցած 78 ընտրողների 74 քվեներով Յաղդանի գյուղապետ ընտրվեց գյուղապետի միակ թեկնածուն` «Հունայկա» ՍՊԸ-ի տօրեն Արամ Ջանջուղազյանը:
Յաղդանում այսօր տեղի ունեցան նաև ավագանու ընտրություններ: Ավագանու առաջադրված 6 թեկնածուներից 5-ը` Նորայր Մելիքսեթյանը, Մերի Մանուկյանը, Ելենա Սիմոնյանը, Ռաշիդ Լազրևը և Քրիստինե Քոչարյանը ընտրվեցին ավագանու անդամներ: Ընտրված ավագանիների մի մասը նույնպես «Հունայկա» ՍՊԸ-ի աշխատողներ են: «Հունայկա» ՍՊԸ-ն պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Վռամ Գյուլզադյանին: ՍՊԸ-ն վարձակալության հիմունքներով 1999թ.-ի սեպտեմբերի 1-ից մշակում է Յաղդանի 114 հա վարելահողերը: Այս հողատերերի մեծ մասը նույնպես բացակայում են Յաղդանից: Այսօր ՏԻՄ ընտրությունների արդյունքներով Յաղդանում տեղական ինքնակառավարումը հայտնվեց Վռամ Գյուլզադյանի վերահսկողության տակ:
Մեկնաբանել