
Սուրեն Խաչատրյան. «Օրվա վերջում կտեսնեք՝ վախի մթնոլորտ է, թե հարգանքի»
Գորիսի քաղաքապետի ընտրություններում քիչ առաջ 37/8 ընտրատեղամասում իր քվեարկությունը կատարեց Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը: Քվերակությունից հետո, պատասխանելով «Հետքի» հարցին, թե արդյոք Սյունիքում վախի և լարվածության մթնոլորտ կա ընտրությունների առնչությամբ, Սուրեն Խաչատրյանը պատասխանեց. «Դուք այսօր այստեղ եք, օրվա վերջում, երբ կփակեն քվեատուփերը, կհաշվեն ձայները, այդ ժամանակ կզգաք՝ վախի մթնոլորտ կա, թե հարգանքի: Եթե վասխի մմթնոլորտ լինի, մարդիկ իրենց խոսքը խցիկում կասեն, բայց երբ կհաշվեն ձայները օրվա վերջում, այդ ժամանակ դուք ինքներդ կեզրակացնեք՝ վախի մթնոլորտ է սա, թե հարգանքի: Դա վիրավորանք է սյունեցու, գորիսեցու համար, և դուք ասում եք, որ նրանք վախենում են: Դա մեծ վիրավորնաք է սյունեցու նկատմամբ, ես չէի ուզի, որ որևէ լրագրող նման կերպ վիրավորեր սյունեցուն, որովհետև այս ժողովուրդը վախկոտ ժողովուրդ չէ. կամ հարգում են, կամ չեն հարգում»:
Մեր ճշտող հարցին՝ արդյոք իրեն հարգում են, Սուրեն Խաչատրյանը պատասխանեց. «Օրվա վերջում կտեսնեք»:
Մարզպետի կարծիքով՝ ընտրությունններն անցնելու են «շատ նորմալ, թափանցիկ, մաքուր, առանց որևիցե խախտումների»: Նա բացառեց խախտումների առկայությունը՝ նշելով. «Նման բան չի կարող լինել»: Նա նշեց, որ Ադունցը, ում ինքը սատարում է թե որպես «վստահված անձի, թե կուսակցության մարզային խորհրդի նախագահի», բավական բարձր ձայներով հաղթանակ է տանելու այս ընտրատեղամասում. «Ադունցին ճանաչում եմ, նա բավական պատասխանատու աշխատանք է տարել Գորիսում, մասնավորապես վերջին 20 տարում նա միշտ աշխատել է այնպիսի համակարգում, որը անմիջական շփում է ունեցել Գորիսի ցանկացած բնակչի հետ: Վերջին տարիներին նա կարողացավ այնպես անել, որ ընտանիքները 24 ժամ ջուր ստանան, նարն ճանաչում են բոլոր գորսեցիները»:
Մեր հարցին, թե արդյոք այն, որ Սուրեն Խաչատրյանը սատարում է Վ. Ադունցին, կօգնի նրան հաղթել ընտրություններում, Սուրեն Խաչատրյանը խոստովանեց. «Կօգնի, անշուշտ կօգնի»:
Ժամը 14:00-ի դրությամբ Գորիսի քաղաքապետի ընտրություններին մասնակցել է 5068 ընտրող:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել