
Մեր ժամանակի խաղամոլը
«Ես այդ լաբորատորիայի վարիչին կսպանեմ, ես դրան մենամարտի եմ հրավիրում, էս ի՞նչ բերեց իմ գլխին»,-հեռախոսով Պոնչի հեկեկացող ձայնը չէր դադարում: Լյովը քսանհինգ տարվա մեջ առաջին անգամ էր ընկերոջ լացը լսում: «Լաբորատորիայի վարիչն ո՞վ է»,-հազիվ հասցրեց հարցնել:
- Աստվածը, ես իրան պետք է տեսնեմ, ես իրա հետ մենակ եմ հարցերս լուծելու…
-Բայց ինչ է՞ պատահել, Պոնչ, Աստված ի՞նչ կապ ունի…
- Գնում եմ պառկեմ ասֆալտին, - Պոնչի հեծկլտոցը չէր դադարում, ուրիշ տեղ չունեմ, ամեն ինչ, ամեն ինչ կրվեցի, տրանսպորտի փող էլ չունեմ, ոչինչ չունեմ, արժանապատվություն էլ չունեմ…ես Աստծո…
- Դեռ մի ընկեր ունես, ասա տեղդ՝ հիմա գալիս եմ:
Լևոնն իր ընկերոջը գտավ Երևան-Պտղնի ճանապարհին, «Շանգրի Լա» խաղատնից վերադառնալիս: Հենց այնտեղ էլ Պոնչը պարտվել էր բոլոր փողերը: Քսանհինգ տարվա ընկերությունից հետո առաջին անգամ գլխի ընկավ, որ իր մոտ ընկերներից մեկը մոլի խաղամոլ է: Պոնչը ևս հասկացավ, որ պետք է բացատրություն տա:
- Հա խաղում եմ, էս հիվանդությունը մեջս Կարենը մտցրեց, հիշում ե՞ս, Մոսկվայում էինք ծանոթացել: Մի երկու անգամ 1000-2000 դոլար հաղթեցինք, ահագին ոգևորվեցինք: Բայց եթե իմանայիր, թե ինչքան հետո կրվեցինք: Գիտեմ՝ ամեն տեղ էլ խաբում են, գիտեմ, որ դրանց համար մսաղացի միս եմ, բայց էս ազարտը հանել չի լինում: Երբ եկա Երևան, մի քանի կազինո փորձեցի, «Շանգրի Լա»-ում ոնց որ ավելի մաքուր են խաղում, բայց հիմա մյուս կազինոները Երևանից հանել են, սա էլ փչացրել են: Անցյալ անգամ 70 հազ. դրամ կրեցի, կարացա երեխուս ծնունդը անել, ինձ համար կոշիկ առա: Մինչև այդ էլ «Շանգրի Լա»-ից կրած եմ դուրս եկել՝ 40 հազ., 50 հազ.: Էսօր որոշեցի, որ կոնը պետք է խփեմ անպայման՝ 250 հազ. դրամ, ու ամեն ինչ տարվեցի, ամեն ինչ…
-Փաստորեն դա է՞ հա պատճառը, որ Ռուսաստանից ընտանիքիդ համարյա փող չես ուղարկում, դրա՞ պատճառով կնոջդ հետ վիճեցիր ու 100 եվրոն խլեցիր, ու էսքան ժամանակ մեր գլխին լոլո էիր հա կարդու՞մ,- Լյովն ահավոր նյարդայնացած էր, որ այս մարդկային դեգրադացիան իր ընկերոջ հետ է պատահել, Ղարաբաղյան պատերազմի մասնակցի հետ: Գիտեր, որ Ռուսաստանում գաղտնի երկրորդ ընտանիքն ունի, մտածում էր, որ գումարները հիմնականում այնտեղ է թողնում, բայց պարզվում է՝ նրանց էլ չի օգնում:
Լյովը գիտեր, որ ընկերոջ վրա ոչ մի խրատ չի ազդի, ավելի լավ է՝ թույլ չտալ որևէ հիմարություն անի, իսկ վաղն արդեն լրջորեն կխոսի հետը:
-Լավ, հիմա գնա տուն ու քնի: Սա քեզ մի քիչ փող, հաց-մաց առ գնա: Իսկ վաղը իրար հետ կգնանք «Շանգրի Լա», տեսնեմ այդ ի՞նչ հիվանդություն է, որ չես կարողանում հաղթել…
Հաջորդ օրը երեկոյան տղաները Լյովի Մերսեդեսով ուղևորվեցին կազինո: Լյովն առաջին անգամ չէ, որ կազինո էր մտնում, բայց վաղուց հասկացել էր, որ այստեղ մի հաղթող կա՝ ով որ դատարկում է ապարատի քեյսը: Մնացածին վիճակված է պարտվել, ու զարմանում էր այն մարդկանց բթամտության վրա, որ դա չեն հասկանում: Որպես ծրագրավորող շատ լավ գիտեր, որ այդ ապարատների վրա կարելի է ծրագրային միջամտություն կատարել, շատ բան, իհարկե, կախված էր խաղաատան տիրոջ ագահությունից կամ չափավորությունից: «Շանգրի Լան» հասցրել էր չափավոր խաղատան համբավ ձեռք բերել՝ շահումների ավելի մեծ հավանականությամբ:
Որքան մոտենում էին կազինոյին՝ Պոնչն այնքան պայծառանում էր, շուտով դեմքի տրտմությունն ընդհանրապես վերացավ: Կազինոյի մոտ արդեն տնավարի էր պահում իրեն, ցույց տվեց, թե մեքենան որտեղ պետք է կանգառի, որ փող չվճարեն, զգուշացրեց, որ անպայման թեյ կպատվիրեն ու մատուցողուհուն 1000 դրամ թեյավճար կթողնեն, թեև դա պարտադիր չէ: «Շանգրի Լա»-ի առաջին հարկը բավական մեծ, լավ օդափոխվող տաղավար էր՝ մի քանի տասնյակ խաղային ապարատներով: Առաջին անգամ տաղավար մուտք գործողին անպայման լուսանկարահանում էին: Լյովին այդ գործողությունն այնքան էլ դուր չեկավ, արդեն փոշմանեց, որ եկել է: Պոնչն իրեն ավելի վստահ էր զգում, մի քիչ շրջեց ապարատների կողքով, ու աշխատակցին խնդրեց ցույց տալ «մեկնոց» ապարատները: Կազինոյում երեք տեսակի ապարատներ կային՝ մեկնոց, երկուսնոց և հինգնոց: Մեկնոց ապարատներում ներդրած գումարը ցույց է տրվում նույնությամբ, ու նույնությամբ էլ վճարում են շահումը: Երկուսնոց ապարատներում ներդրած գումարը կիսում են, սակայն շահումը կրկնապատկում են: Հինգնոց ապարատները ներդրած գումարի 20%-ն են ցույց տալիս, սակայն շահումը հնգապատկում են: Պոնչը նախընտրում էր խաղալ մեկնոց ապարատներով: Լյովը, ինչպես և խոստացել էր, նրան տվեց 5 հազ. դրամ: Այս կազինոների գրավչություններից մեկն այն է, որ խաղալ կարելի է փոքր գումարներով: Երբ մեքենայի վրա նշմարվեց խաղագումարի չափը, Պոնչը սկսեց ընտրել այն պատկերները, որոնցով պետք է ինչ-ինչ համընկնումներ ստանա: Սկզբում ընտրեց գրքերը, հետո տիկնիկներին, հետո թղթախաղ և այլն: Հինգ հազ. դրամը նախ պակասեց, հետո սկսեց աճել: Մի քանի հաջող դասավորությունից հետո ապարատի վրա Պոնչն արդեն 32 հազ. դրամ շահում ուներ:
- Բավական չէ՞, արդեն 32 հազ. դրամ ունես, վերցրու գնանք, - ընկերոջը դիմեց Լյովը:
- Լավ էլի, խնդրում եմ, մի քիչ էլ փորձեմ,- ազարտն արդեն հաղթահարել էր Պոնչին, ոչ մի ուժ ի վիճակի չէր նրան այդտեղից պոկելու:
Շուտով 32 հազարը նվազեց մինչև 4 հազար դրամ, հետո նորից բարձրացավ, ու այդպես մոտ 1 ժամ: Լյովն արդեն հասկացել էր, որ ընկերը նորից պարտվելու է, ուստի սկսեց ուսումնասիրել շրջակայքը: Քիչ հեռվում նստած էր մի հայտնի դերասան, ընտրել էր անկյունի սեղանը, որ շատ ուշադրություն չգրավի: Բայց միևնույն է՝ անընդհատ քրթմնջում էր մատուցողու հետ, երևում է՝ պարտվողի դերում էր: Հարևան սեղանից մեկը պահանջեց իրեն տրամադրել շահած 35 հազ. դրամը, ինչն անմիջապես կատարեցին: Լյովին դա ավելի տրամաբանական թվաց՝ այս ապարատների վրա կարելի է խաղալ միայն փոքր շահումներով, մեծ փողերի ետևից վազողները դատապարտված են: Քիչ անց կողքին հայտնվեց մի նյարդային երիտասարդ, որը երևի երրորդ կամ չորրորդ ապարատն էր փոխում: Նյարդայնությունից անընդհատ հարվածում էր ստեղներին, բայց դրանից շահում չէր գալիս: Այդ ընթացքում Պոնչի գումարը ևս սպառվել էր, բայց Լյովը կտրականապես հասկացրեց, որ այլևս գումար չի տա:
Երբ դուրս եկան, վերջապես որոշեց ընկերոջ աչքերը բացել:
- Գիտես չէ՞, սա ում կազինոն է:
-Հա գիտեմ, Ծառուկյանինն է, -Պոնչը կազինոների մասին ավելի տեղեկացված էր, քան ընկերը, բայց ստիպված էր համակերպվել, որ հիմա իրեն պետք է «խելք սովորեցնեն»:
- Ես քեզ խելք սովորեցնելու ցանկություն չունեմ,- ընկերոջ մտքերը կարդաց Լյովը, ուղղակի հիշի՝ աշխարհում չկա այնպիսի կազինո, որի տերերը սնանկանան շահումների պատճառով: Էս կազինոյի օլիգարխ տերերը հսկայական եկամուտներ ունեն, բայց որպեսզի դա ունենա՝ քեզ նմանները պետք է լացակումած դուրս գան այստեղից: Դու շանս չունես, ու ինչքան շուտ հասկանաս՝ այնքան լավ քեզ ու քո ընտանիքի համար: Աստվածն էլ ոչ մի կապ չունի, բայց երբ կուզես ասֆալտի վրա պառկել, իմացի՝ էս երկրում անտեր ասֆալտի կտոր չի մնացել..
Քիչ լռելուց հետո Լյովը շարունակեց.
- Ես քեզ այլևս պարտք չեմ տա, բայց կօգնեմ գործ կճարես, պահակություն կանես, մի քիչ էլ՝ բանվորություն: Քիչ փող է, բայց ընտանիք կպահես: Մնացածն արդեն դու գիտես: Համաձայն ե՞ս:
- Իսկ ի՞նչ կարող եմ անել, եթե չհամաձայնեմ: Մինչև աշուն կաշխատեմ ու կգնամ նորից Ռուսաստան: Գուցե իրո՞ք քամիները ուղեղս լվան…
Մեկնաբանել