
Ալավերդու պղնձաձուլարանի ասպիրացիոն համակարգն անթերի չէ
Ալավերդցիների աչքից չի վրիպում, որ վերջին ամիսներին «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությանը պատկանող պղնձաձուլական գործարանի Կոշաբերդ սարի գագաթի 20-մետրանոց և գործարանի տարածքում գտնվող 100-մետրանոց խողովակներից միաժամանակ արտանետումներ են կատարվում: Ընկերության ղեկավարները դա բացատրում են գործարանի մետալուրգիական արտադրամասի չկազմակերպված արտանետումների նկատմամբ ասպիրացիոն համակարգի կիրառմամբ:
Գործարանի փոշեկորզման և գազազտման բաժանմունքի ավագ վարպետ Գարեգին Անտաշյանը երեկ «Հետքին» մետալուրգիական արտադրամասում բացատրեց այդ արտանետումների կորզման ասպիրացիոն համակարգի էությունը. «Չկազմակերպված արտանետումները, որոնք տեղի են ունենում մետալուրգիական ագրեգատներից, հավաքվում և վառարանի աջ ու ձախ կողմերում դրված կոլեկտորների միջոցով ուղղվում են դեպի 100-մետրանոց խողովակ: Վինտիլյատորը, որը դուք չտեսաք, արտանետումների նոսրացում է ապահովում և գազը քշում, տանում է»: Մեր հարցին, թե որքանով է հաջողված համարում ներդրված համակարգով չկազմակերպված արտանետումների կորզումը, Գ. Անտաշյանը պատասխանեց, որ կորզումը կազմում է մոտ 60-70 տոկոս. «Ես մոտավոր թիվ եմ ասում»:
Այսուհանդերձ, ավագ վարպետը ներդրված համակարգը լիարժեք չհամարեց. «Որովհետև նոր է ներդրված` թերություններ ունի: Ընթացքում կվերացվեն»: Եթե չկազմակերպված արտանետումների կորզման արդյունավետությունը կազմում է 60-70 տոկոս, ապա ինչով կարելի է բացատրել հատկապես երեկոյան ժամերին արտադրամասից դուրս եկող և քաղաքի վրա տարածվող հսկա արտանետումների կուտակումները: «Չեմ կարող ասել, թե ինչն է պատճառը, բայց որ հիմնական ազդեցությունը տվել է, դա միանշանակ է»,- պատասխանեց ավագ վարպետը:
Գործարանի՝ արտադրության գծով տնօրենի տեղակալ Գագիկ Ավագյանն էլ ասաց, որ խորհրդային տարիներին պղնձաձուլական արտադրամասում չկազմակերպված արտանետումների կորզման համար ասպիրացիոն համակարգը չի կիրառվել, քանի որ այն ժամանակ գործել է ծծմբաթթվի արտադրամասը, որի արտադրության համար կորզվել է արտանետումների ծծմբային անհիդրիդը: «Ասպիրացիոն համակարգը գիտական հայտնագործություն չէ, ընդմենը միջոցառում է, որը մետալուրգիական արտադրամասի բնապահպանական բավարար վիճակ է ապահովում»,- ասաց Գագիկ Ավագյանը: Պատասխանելով «Հետքի» հարցին վերջինս նաև հայտնեց. «Համակարգում դեռ թերի աշխատանքներ կան, այդտեղ մենք հավաքել ենք ընդամենը կոնվերտորների կողքերից փախչող գազերը, բայց կան նաև կոնվերտորի առջևից փախչող գազեր: Մեր տեղադրած գազակլանիչները ընդամենը զբաղեցնում են կոնվերտորի աջ և ձախ կողմերը, իսկ ճակատային մասում առայժմ տեխնիկապես անհնարին է, և չենք կարողացել անկազմակերպ արտանետումները կորզել, բայց առաջիկայում ծրագիր կա կոնվերտորի ճակատային արտանետումները նույնպես մտցնել ասպիրացիոն համակարգ»:
Գործարանի մասնագետներին հիշեցրեցինք, որ ծխնելույզը Կոշաբերդ սարի գագաթ բարձրացնելու ծրագրի ՇՄԱԳ-ի հեղինակ, Լեռնամետալուրգիայի ինստիտուտի բնապահպանական բաժնի պետ Հովիկ Նիկողոսյանը դեռ 2 տարի առաջ ծրագրի հանրային քննարկմանը հայտնել էր, որ մետալուրգիական արտադրամասի ագրեգատների չկազմակերպված արտանետումները բնապահպանական լուրջ և անլուծելի խնդիր են գործարանի համար: «Ասպիրացիոն համակարգով չկազմակերպված արտանետումների կորզումը խնդրի ռադիկալ, այսինքն՝ վերջնական լուծում չի ապահովում: Այն ընդամենը վիճակի բարելավում է»,- պատասխանեց Գագիկ Ավագյանը:
Մեկնաբանել