
Կնքվել է 452 մլն դրամի պետական գնման պայմանագիր՝ դարձյալ Հերմինե Նաղդալյանի ընկերության հետ
Երեւան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական հանրապետության միջպետական նշանակության ճանապարհահատվածի վերանորոգման աշխատանքների «մենաշնորհը» ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-անդամ Հերմինե Նաղդալյանինն է:
Այս տարվա մայիսի 22-ին ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը պետական կարիքների համար կապալային աշխատանքների կատարման պետական գնման պայմանագիր է կնքել ԱԺ փոխնախագահին պատկանող «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ի հետ: Պայմանագրի գինը կազմել է մոտ 452 միլիոն 252 հազար դրամ: Աշխատանքների կատարման ավարտը նախատեսված է հոկտեմբերի 30-ը:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2013թ. հուլիսի 4-ի 777 -Ն որոշմամբ դարձյալ «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ին 416 մլն 769 հազար դրամ էր հատկացվել նշված ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների համար, իսկ օգոստոսի 14-ին տրանսպորտի եւ կապի նախարարությունը ընկերության հետ պայմանագիր էր կնքել:
Ստացվում է, որ ամեն տարի այդ ճանապարհը վերանորոգելու համար ԱԺ փոխնախագահը կլորիկ շահույթ է ունենում: Ըստ մայիսի 22-ին կնքված պայմանագրի՝ այս անգամ Հերմինե Նաղդալյանին պատկանող ընկերության շահույթը կազմելու է մոտ 17 միլիոն 946 հազար դրամ:
Նշենք, որ ըստ Հերմինե Նաղդալյանի 2013թ. գույքի ու եկամուտների հայտարարագրի, նշված տարում նա շահաբաժնից ստացել է 376 միլիոն դրամի եկամուտ: Ենթադրվում է, որ պատգամավորին միլիոնների եկամուտ «նվիրել» է հենց «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ն:
ԱԺ փոխնախագահի գործերն այնքան լավ է եղել, որ մոտ 46 միլիոն դրամով ձեռք է բերել բնակարան, ինչպես նաեւ բազմաբնակարան շենքի ոչ բնակելի երկու տարածք՝ յուրաքանչյուրը 6 միլիոն 120 հազար դրամով:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել