
Գորիս համայնքի ղեկավարի թեկնածուներն ինքնաբացարկ չեն ներկայացրել
Մայիսի 29-ին` ժամը 18:00-ին, սպառվեց այն ժամկետը, ըստ որի Գորիսի համայնքի ղեկավարի թեկնածուներ Վաչագան Ադունցը և Հրայր Յոլյանը կարող էին ինքնաբացարկի մասին դիմում ներկայացնել տարածքային ընտրական հանձնաժողովին: Այսպիսով, երկու թեկնածուները կշարունակեն պայքարել հունիսի 8-ին կայանալիք ընտրություններում: Թիվ 37 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Արմեն Ստեփանյանի տեղեկությամբ` սահմանված ժամկետում թեկնածուներից ոչ մեկը դիմում չի ներկայացրել, և նրանց անունները կընդգրկվեն քվեաթերթիկներում:
Մինչ այսօր շրջանառվում էին խոսակցություններն այն մասին, թե Գորիսի ավագանու անկուսակցական, ինքնաառաջադրված անդամ Հրայր Յոլյանը կարող է ինքնաբացարկ հայտնել` կոչ անելով իր ընտրողներին քվեարկել մյուս թեկնածուի օգտին: Շատերի կարծիքով երկու թեկնածուների պայքարը շահեկան է ՀՀԿ-ի առաջադրած թեկնածուի` Վաչագան Ադունցի համար այն առումով, որ Ընտրական օրենսգրքի 143-րդ հոդվածի համաձայն` մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում նա ընտրվում է, եթե կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին: Երկու և ավելի թեկնածուների դեպքում համայնքի ղեկավար կընտրվի այն թեկնածուն, որին կողմ են քվեարկել առավել թվով ընտրողներ:
Խոսակցություններ են շրջանառվում նաև այն մասին, որ հենց նշված հոդվածում ամրագրված դրույթների պատճառով է, որ Հրայր Յոլյանը շարունակում է ընտրապայքարը, այսպիսով ավելի բարենպաստ պայմաններ ապահովելով մրցակցի համար: Միաժամանակ, առաջադրվելուց ի վեր Հրայր Յոլյանը միշտ հայտարարել է, որ ոչ մի դեպքում պայքարը կիսատ չի թողնի: Այս դեպքում, սակայն անբացատրելի է մնում այն փաստը, որ նա պասիվ քարոզչություն է իրականացնում, մինչդեռ նրա մրցակիցը շարունակում է հանդիպումները բնակչության տարբեր խմբերի հետ և քաղաքի թաղամասերում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Սյունիքի թիվ 37 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ինքնաբացարկի դիմում էին ներկայացրել առաջադրված երկու թեկնածուներ` անկուսակցական Տիգրան Կարապետյանը եւ ՀՀԿ անդամ Արայիկ Բուդաղյանը:
Մեկնաբանել