
Լևոն Զուրաբյան. «Սերժ Սարգսյանը նոստալգիա է ապրում սովետական ժամանակների նկատմամբ»
«Հետքի» հարցերին է պատասխանում «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
- Նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ համագումարում մի քանի հայտարարություն հնչեցրեց մասնավորապես սահմանադրական բարեփոխումների, իշխանության և ընդդիմության համագործակցության անհրաժեշտության մասին: Ի՞նչ գնահատական կտաք այս հայտարարություններին:
- Համագումարում Սերժ Սարգսյանի ելույթից պարզ դարձավ, որ նա, ըստ էության, ասելիք չունի: Երկրի ղեկավար, որն առանց այդ էլ ելույթներ չի ունենում, հրապարակային խոսում է երկար ընդմիջումներով ու թվում էր, թե ինչ-որ ծրագրային, ինչ-որ բովանդակային, նոր հայտարարություններ պետք է աներ այն մասին, թե ինչպես է ինքը տեսնում Հայաստանի կառավարումը, ոչ մի նման բան չասաց: Միակ շեշտը, որն արեց Ս. Սարգսյանը, սեփական իշխանության վերարտադրումն էր, որը կապվում է սահմանադրական փոփոխությունների հետ:
Ս. Սարգսյանը փորձում է ներկայացնել սահմանադրական բարեփոխումների փաթեթը՝ անցումը դեպի նոր խորհրդարանական կառավարում, որն ինքն անձամբ հրապարակայնորեն համարում է քիչ արդյունավետ մոդել, եթե չասենք անհասկանալի է, ապա առնվազն տարօրինակ է, որովհետև սա պատմության մեջ առաջին դեպքն է, երբ երկրի ղեկավարը հանդես է գալիս սահմանադրական փոփոխությունների այնպիսի փաթեթով, որն ինքն անձամբ չի ընդունում:
Բանն այնն է, որ պահպանելով ներկա սահմանադրությունը, նա չի կարող վերարտադրվել, այլևս նախագահ դառնալ չի կարող: Ուստի, ես կարծում եմ, որ Ս. Սարգսյանը ընդամենը լուծում է վերարտադրման խնդիր. առաջարկվել է մի տարբերակ, որն անձամբ նրան դուր չի գալիս, բայց Սարգսյանը դրան էլ կհամաձայնի, միայն թե պահի իշխանությունը:
Երկրորդ հանգամանքն այն է, որ Ս. Սարգսյանը ՀՀԿ-ին պատկերացնում է КПСС-ի տեսքով: Երբ նա խոսում է այն մասին, որ Տավուշ գյուղի բնակիչը պետք է սողանքի հետ կապված խնդիրը լուծելու համար դիմի ոչ թե պատկան պետական մարմնին, այլ հարևան հանրապետականին, ինքն, ըստ էության, դրանով նոստալգիա է ապրում սովետական ժամանակների նկատմամբ, երբ պետական մարմինները նոմինալ նշանակություն ունեին և հարց լուծելու հնարավորությունը գտնվում էր КПСС-ների կամ ռայկոմների ձեռքում: Սարգսյանն իրականում ցանկանում է, որ ՀՀԿ-ն ռայկոմների միջոցով կառավարի երկիրը:
Որպես դեմագոգիայի օրինակ կարելի է գնահատել նրա հայտարարությունը դատական իշխանության անկախության մասին՝ անգամ սահմանադրական փոփոխությունները ներկայացնելով որպես այդպիսին: Մինչդեռ, մենք բոլորս գիտենք, որ դատական իշխանությունն առաջին հերթին կախյալ է հենց Ս. Սարգսյանից, և դրա անկախությունն ով ով, բայց ինքը կարող էր ապահովել մեկ ակնթարթային որոշմամբ, երբ հայտարարեր, որ այլևս երբեք ցուցում չի տա դատական համակարգին:
- Սերժ Սարգսյանը ընդդիմությունն ու իշխանությունը համեմատեց մարդու ձեռքերի հետ՝ նշելով, որ աջ ձեռքը՝ իշխանությունը և ձախը՝ ընդդիմությունը, պետք է համագործակցեն: Այս համեմատության իմաստն ըստ Ձեզ ո՞րն էր:
- Երբ Սերժ Սարգսյանը խոսում է այն մասին, որ իշխանությունը աջ ձեռքն է, իսկ ընդդիմությունը՝ ձախ ձեռքը, մատնում է իր հակաժողովրդավարական մտածելակերպը, որովհետև մարմինը սովորաբար ունենում է նաև գլուխ: Ինքը համարում է, որ ձեռքերը պետք է ղեկավարվեն մեկ կենտրոնից՝ գլխից: Սարգսյանը չի հասկանում կամ չի ուզում հասկանալ, որ ժողովրդավարական համակարգում իշխանությունը, ընդդիմությունը տարբեր գլուխներ են:
- Նա նաև հայտարարեց, որ ընդդիմությունն իրեն շռայլություն, ճոխություն է թույլ տալիս արդեն իսկ մտնել 2017-18 թթ. համապետական ընտրությունների քարոզարշավի մեջ: Ձեզ համար նախընտրական քարոզարշավը իսկապես մեկնարկե՞լ է:
- Գիտեք ինչ, այդ մարդիկ ցանկացած քննադատություն ընդունում են որպես քարոզարշավ: Եթե այդպես են մտածում, թող այդպես էլ ընկալեն: Իր տեսքում Սարգսյանը մի իրատեսական նախադասություն ասաց, որ մինչև 2017-18թթ. ընտրությունները դեռ պետք է ապրել. լավ է, այդ մի բանը ըմբռնել է: Մենք՝ քառյակի գործողությամբ, համախմբմամբ ստեղծել ենք մի իրավիճակ, երբ երաշխավորված չէ ՀՀԿ-ի ընթացքը մինչև հաջորդ ընտրություններ:
- Չե՞ք կարծում, որ համեմատելով ընդդիմությանն ու իշխանությանը մարդու երկու ձեռքերի հետ, Ս. Սարգսյանը հստակ հայտարարում է քաղաքական դաշտը երկբևեռ դարձնելու և ընդդիմությանն այդ կերպ վերահսկելու մասին:
- Այդ խոսակցությունը երկբևեռ համակարգի ստեղծման, նրա (նկատի ունի Սերժ Սարգսյանի,- հեղինակ) իրական երազանքը միակուսակցական համակարգի հաստատման մասին և նրա պատկերացումները ընդդիմության մասին՝ որպես ձեռքի, մատնում են Ս. Սարգսյանի մտածելակերպը որպես աֆտորիտար, բռնապետ մարդու: Այս հայտարարությամբ, ես կարծում եմ, որ այո, նա ուզում է կառավարելի դարձնել ընդդիմությանն իրեն:
-Համաձա՞յն եք այն տեսակետների հետ, որ Ս. Սարգսյանի ելույթը թույլ էր:
- Դա դատարկաբանությունների, ծեծված ակնհայտ ճշմարտությունների, դեմագոգիայի մի խառնուրդ էր, որը միայն մի բան հուշեց հանրությանը՝ մենք չունենք իշխանություն, որը գիտի, թե ինչպես է պետք կառավարել երկիրը:
Մեկնաբանել