
«Սա այն քայլն էր, որից խուսափելն անհնարին էր»
Ասել է Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Տիգրան Կարապետյանը
Երկրորդ օրն է` լրատվամիջոցներն ու համացանցը քննարկում են հունիսի 8-ին կայանալիք ընտրություններում Գորիսի քաղաքապետի թեկնածուներ Տիգրան Կարապետյանի եւ Արա Բուդաղյանի ինքնաբացարկի դիմումները: Եթե վերջինս նախկինում տարբեր հարցազրույցներում, հայտարարություններում նշել էր, թե չի բացառվում, որ մինչեւ օրենքով սահմանված ժամկետը` մայիսի 28-ը, կարող է հանել իր թեկնածությունը, ապա «Գամմա» ԲԲԸ գործադիր տնօրեն, անկուսակցական Տիգրան Կարապետյանի պարագայում այդ քայլն անակնկալ էր, քանի որ նախկինում հերքելով Գորիսում տարածված այն տեղեկությունը, թե իբր ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ընտրատարածքային ընտրական հանձնաժողով, նշել էր, որ որեւէ մեկը կամ ցանկացած տիպի ճնշում չի կարող հարկադրել իրեն` հրաժարվելու ընտրապայքարից: «Սա իմ պայքարը չէ: Ես առաջադրվել եմ նաեւ գորիսեցիների, համայնքի պահանջով եւ պայքարելու եմ միմիայն հաղթանակի համար»,- նշել էր նա:
Գորիսի քաղաքապետ Նելսոն Ոսկանյանի կարծիքով` թեկնածուներից մեկի ինքնաբացարկը կանխատեսելի էր, իսկ Տիգրան Կարապետյանի առումով, ըստ նրա, դա քաղաքական կամքի արտահայտություն է եւ կարծում է, որ որեւէ ճնշում չի եղել: Նրա խոսքով` ինքը պաշտպանում է այն թեկնածուին, ում առաջադրել է Հանրապետական կուսակցության Գորիսի կառույցը` Վաչագան Ադունցին:
Գորիսի ավագանու անդամ Արշակ Մկրտչյանի կարծիքով` Տիգրան Կարապետյանը պիտի տեղյակ լիներ, որ կարող էին լինել խոչընդոտներ, չնայած ինքը միանշանակ չի պնդում, որ ճնշումների արդյունք է նրա քայլը, բայց ենթադրում է, որ «անձրեւներ», «սելավներ», այնուամենայնիվ, եղել են: «Թեկնածուն պիտի դրանք կանխատեսեր եւ պատրաստ լիներ: Այս դեպքում նա, հնարավոր է, նաեւ ապագայում վստահություն չունենա»,- նշեց ավագանու անդամը:
Երկու թեկնածուների ինքնաբացարկի փաստը չմեկնաբանեց նաեւ քաղաքապետի թեկնածու Հրայր Յոլյանը` նշելով, որ դա նրանց որոշումն է: Այն հարցին, թե հնարավո՞ր է, որ ինքը եւս հրաժարվի, Հրայր Յոլյանը պատասխանեց, որ այդպիսի մտադրություն չունի եւ շարունակելու է ընտրապայքարը: Նա հավելեց նաեւ, որ ինքնաբացարկ հայտնած թեկնածուներից` համախմբվելու եւ մյուս թեկնածուից` Վաչագան Ադունցից իր օգտին թեկնածությունը հանելու առաջարկ չի ստացել:
Երկու թեկնածուների` ընտրապայքարից դուրս գալու փաստը քննարկվում է նաեւ ֆեյսբուքում: Խնդրին անդրադարձած օգտատերերի մի մասը նշում է, որ մասնավորապես Տիգրան Կարապետյանի հրաժարականը պայմանավորված է քաղաքական ճնշումներով, մյուսները կարծես թե կանխատեսելի են համարում կատարվածը: Մեկնաբանությունների մեջ քիչ չեն նաեւ այնպիսիք, որոնք շեշտում են, թե դա Սյունիքի նախկին եւ գործող մարզպետների պայքարի արդյունքն է եւ այս առումով նշում, որ առաջադրվելուց առաջ Տիգրան Կարապետյանը պետք է հաշվի առներ այդ հանգամանքը եւ պատրաստ լիներ պայքարելու: Ինքը` Տիգրան Կարապետյանը, ֆեյսբուքի իր էջում հետեւյալ կերպ է մեկնաբանել իր քայլը: «Այսօր ես ինքնաբացարկի մասին դիմում եմ ներկայացրել Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով: Նման որոշում կայացրել եմ բավականին երկար ծանր ու թեթեւ անելուց հետո: Ստեղծված իրավիճակում սա այն քայլն էր, որից խուսափելն անհնարին էր: Կարծում եմ, որ ինձ ճանաչողներն ու իմ համախոհները կհասկանան ինձ ու զերծ կմնան տարբեր գնահատականներից ու որակումներից»:
Խոսելով նման իրավիճակում Գորիսում տեղի ունենալիք ընտրությունների հետագա զարգացման հնարավորությունների մասին` քաղաքագետ Ստեփան Դանիելյանը Ֆեյսբուքի իր էջում նշել է. «Գորիսի ընտրությունները պետք է մի շատ կարեւոր հետեւության հանգեցնեն, որ Հայաստանում ընտրությունների միջոցով իշխանություն ձեւավորելը բացառված է»: Այդ պատճառով նա առաջարկում է բոյկոտել ընտրությունները: «Բոյկոտը պետք է լինի գիտակցված եւ նախօրոք հայտարարված: Եվ դա պետք է սկսել Գորիսից: Սկզբնական փուլում ռեժիմը դրա վրա ուշադրություն չի դարձնի, սակայն հաջորդ փուլերում դա կաթվածահար կանի ռեժիմին»,- նշել է նա:
Մեկնաբանել