
«Դատարանի որոշումը կարող էր ծիծաղ առաջացնել, եթե խոսքը չվերաբերեր մարդու ազատությանը»
Երեկ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաղինակ Մկրտչյանը հրապարակել էր Վարդան Պետրոսյանի կալանքը փոխելու մասին փաստաբան Մարի Լոռ Դոզեի միջնորդության որոշման եզրափակիչ մասը: Փաստաբաններ Դոզեն ու Բաղդասարյանը ուսումնասիրել էին դատարանի որոշումը, որով Վաղինակ Մկրտչյանը մերժել էր փոխել Վարդան Պետրոսյանի խափանման միջոց կալանքը և նրան ազատ արձակել:
«Դատարանի որոշումը կարող էր ծիծաղ առաջացնել, եթե խոսքը չվերաբերեր մարդու ազատությանը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց պաշտպան Դոզեն` տեղեկացնելով, որ որոշման մեջ նշված է Վարդան Պետրոսյանին կալանքի տակ պահելու 2 հիմք` հնարավոր փախուստը Հայաստանից և վկաների վրա ճնշում գործադրելը:
Պատասխանելով «Հետքի» հարցին, թե արդյոք դատարանի որոշմամբ հստակեցված ու հիմնավորված է Վարդան Պետրոսյանի փախուստի մասին վկայությունը կամ վկաների վրա ճնշումներ գործադրելը, փաստաբան Դոզեն պատասխանեց. «Ոչ, նման ապացույցներ դատարանը չի ներկայացրել, թե ինչ փախուստի վտանգի մասին է խոսքը կամ ինչ հիմքեր կան կասկածելու, որ վկաների վրա ճնշում կարող է գործադրվել: Այսինքն` որոշումը բավարար պատճառաբանված չէ: Ի՞նչ փախուստի մասին կարող է խոսք լինել, երբ Վարդան Պետրոսյանի երկու անձնագրերն էլ նա իր կամքով հանձնել է նախաքննությանը»:
«Այսպիսի որոշման համար Հայաստանը կդատապարտվի ՄԻ Եվրոպական դատարանի կողմից. լինի 5-6 տարի հետո, բայց Հայաստանն անպայման կունենա «Վարդան Պետրոսյանն ընդդեմ ՀՀ-ի» հաղթած գործ: Այսքան վստահ եմ ասում, քանի որ անցյալ տարի նման մի որոշման պատճառով Ֆրանսիան դատապարտվեց: Դարձյալ դատարանը բավարար չէր պատճառաբանել, թե ինչու անձը պիտի մնա կալանքի մեջ: Բայց համեմատած ֆրանսիական որոշման հետ` երեկվա որոշումը գլուխգործոց է»,- ասաց փաստաբան Դոզեն:
Նիկոլայ Բաղդասարյանն էլ հիշեցրեց, որ դեռ դեպքից 4 օր անց՝ հոկտեմբերի 24-ին, ոստիկանությունը գրություն էր ուղարկել՝ ցուցում տալով փակել Վարդան Պետրոսյանի առաջ բոլոր ճանապարհները: Բաղդասարյանը նաև նշեց, որ ավտովթարին ականատես եղած մարդիկ չկան՝ բացի տուժողներից և Վարդան Պետրոսյանից: «Աբսուրդ է կարծել, թե վկաների վրա Վարդան Պետրոսյանը կարող է ճնշում գործադրել»,- ասաց փաստաբանը:
Մարի Լոռ Դոզեն մեկ անգամ ևս պնդեց, որ Վարդան Պետրոսյանի նախնական կալանքն անօրինական է, և ինչ-որ «անհասկանալի հալածանք կա նրա նկատամամբ… Արդարադատությունը պարկեշտության կարիք ունի… Ես չգիտեմ, թե այսօր ինչ են քննում դատարանում, բայց հաստատ ճանապարհատրանսպորտային պատահար չեն քննում»,-ասաց փաստաբանը:
Նիկոլայ Բաղդասարյանը տեղեկացրեց, որ Վարդան Պետրոսյանի կալանավորման գործով նյութերն արդեն պատրաստ են, շուտով դրանք կուղարկվեն ՄԻ Եվրոպական դատարան:
Մարի Լոռ Դոզեն նշեց, որ իր պաշտպանյալին այցելել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում. «Տեսա, որ պահման պայմանները ցավալի են, ողբալի ոչ միայն Պետրոսյանի, այլև բոլորի համար»:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել