
Օվկիանոսից օվկիանոս Ամերիկա (ֆոտոպատմություն)
Ատլանտյանից մինչեւ Խաղաղ օվկիանոս ձգվող Ամերիկայի Միացյալ Նահանգները ոչ միայն աշխարհի հզորագույն պետությունն է, այլեւ մի հսկա տարածք է, որտեղ ցանկացած ոք կարող է գտնել իրեն հետաքրքրող բազմաթիվ երեւույթներ ու տեսարաններ՝ սկսած փողոցային անցուդարձից, ամերիկյան կենցաղից մինչեւ բազմաժանր մշակույթ, սովորույթներ, տեսարժան բնություն:
Եթե Սպիտակ տան տանիքին ծածանվում է ԱՄՆ դրոշը, նշանակում է՝ երկրի նախագահը ներսում է: Այս շինությունը նրա համար ծառայում է թե որպես աշխատատեղ, թե որպես տուն:
Վաշինգտոնի Կապիտոլիումն է, որը մայրաքաղաքի ամենաբարձր շենքն է: Այստեղ են գումարվում Կոնգրեսի երկու պալատների՝ Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի նիստերը: Սա շենքի հետնամասն է եւ նայում է Սպիտակ տանը, ինչը նշանակում է, որ խորհրդարանը թիկունք է դարձրել նախագահին: Իմաստը հետեւյալն է. նախագահը, ամեն օր իր պատուհանից տեսնելով պառլամենտի թիկունքը, պետք է հիշի, թե ով է երկրի իրական տերը (ընտրովի խորհրդարանը ժողովրդի եւ նրա քվեի մարմնացումն է): Այս շենքն ԱՄՆ ֆեդերալիզմի խորհրդանիշն է: Բրիտանական միապետությունից անկախացած ամերիկացիները երբեւէ չեն սիրել կենտրոնական իշխանություններ, առավել եւս՝ միահեծան ղեկավարություն: Հենց այստեղ են տեղի ունենում ԱՄՆ նախագահների երդմնակալության արարողությունները:
Դեպի Վաշինգտոնի հուշակոթող բացվող տեսարանը Լինկոլնի հուշահամալիրից է: Սրանք մայրաքաղաքի ամենահայտնի տեսարժան վայրերից են:
Հռոմեական Կապիտոլիումի հայտնի գայլը, որը կերակրում է Հռոմի հիմնադիր-եղբայրներ Հռոմուլոսին եւ Հռեմոսին: Հռոմում պահվող բնօրինակի կրկնօրինակները կարելի է գտնել շատ երկրներում՝ ԱՄՆ, Իսպանիա, Բրազիլիա, Շվեդիա, Ռումինիա եւ այլն: Այս մեկը պահվում է Վաշինգտոնի Արվեստի ազգային պատկերասրահում:
![]() |
![]() |
«Մտածող նապաստակը»՝ Արվեստի ազգային պատկերասրահի քանդակների այգում |
1865 թ. ապրիլի 14-ին Վաշինգտոնի Ֆորդի այս թատրոնում դերասան Ջոն Բուտը կրակեց նախագահ Աբրահամ Լինկոլնի վրա, որը մահացավ հաջորդ օրը: |
Նյու Յորքի Ռոքֆելերյան ֆինանսական կենտրոնի մի հատված, որտեղ կարելի է գտնել բոլոր պետությունների դրոշները, այդ թվում՝ Հայաստանի եռագույնը:
![]() |
![]() |
Ռոքֆելերյան կենտրոնը՝ երեկոյան զարդարանքով: | Նյու Յորքի 6-րդ (Ամերիկայի) պողոտան: |
![]() |
![]() |
Նյու Յորքն աճում է ուղղահայաց: | Երկնաքերներն ամուր հիմքի վրա են: Քաղաքը սեյսմիկ ակտիվ գոտում չէ, իսկ հիմքում ժայռեր են: Նկարում երեւում է Կենտրոնական զբոսայգու տարածքում երկրի մակերես դուրս եկած ժայռաբեկոր: |
Նյու Յորքի կենտրոնական զբոսայգին քարե պարիսպով շրջապատված օազիսի է նման: 4 կմ երկարությամբ եւ 800 մ լայնությամբ այս զմրուխտե գոտին հատկապես հանգստյան օրերին խիստ մարդաշատ է:
Կենտրոնական զբոսայգում կարելի է տեսնել ցանկացած տարիքի վազորդների: Վազքն այստեղ թերեւս ամենամասսայական սպորտաձեւն է: Սակայն մարդիկ վազում են՝ ոչ միայն մարզվելու, այլ պարզապես առողջ լինելու համար:
Զբոսայգին նաեւ պոտենցիալ գնորդների հանդիպելու, այսինքն՝ գումար աշխատելու հարմար վայր է:
Ֆայտոնչին նաեւ զբոսավար (գիդ) է, նա տուրիստներին պատմում է այգու եւ քաղաքի մասին:
Փողոցային այս արտիստները նման են մեր յալանչիներին ու փահլեւաններին: Ելույթների ընթացքում նրանք հանդիսատեսից գումար են ստանում եւ հայտարարում այդ մասին՝ ի լուր բոլորի: Դիտորդները եւս ներգրավվում են այս շոուին՝ մասնակցելով տարբեր համարների:
![]() |
![]() |
Արձան ձեւանալը նույնպես եկամտաբեր է, սակայն անհրաժեշտ է չխզել կապը շնչավոր աշխարհի հետ: |
Կարեւորը փողն է, իսկ թե ով է տվողը, այնքան էլ էական չէ: |
Սկյուռն ամերիկյան անտառների ու զբոսայգիների մշտական բնակիչներից է: Նրան կարելի է տեսնել գրեթե ամենուր:
Նյու Յորք նահանգի խորհրդարանի շենքը՝ Կապիտոլիումը (գտնվում է նահանգի մայրաքաղաք Օլբանիում), այն քչերից է, որ չունի գմբեթ, այնինչ շատ նահանգային խորհրդարաններ կառուցված են Վաշինգտոնի Կապիտոլիումի ոճով:
Օլբանիի Կապիտոլիումը աշխատավայր է թե նահանգապետի, թե խորհրդարանի երկու պալատների պատգամավորների համար: Շենքը 19-րդ դարի կառույց է, համարվում է ճարտարապետության գլուխգործոց: Այն ազատ է ցանկացած մարդու մուտքի համար: Մետաղորսիչ սարքի միջով անցնելուց հետո (զենքի կամ արգելված առարկաների մուտքը արգելելու համար) կարող ես շրջել շենքում առանց որեւէ արգելքի: Ձեզնից անցաթուղթ կամ անձը հաստատող փաստաթուղթ չեն պահանջի, ինչպես ընդունված է ՀՀ Ազգային ժողովում: Ամերիկացիներն առաջնորդվում են հետեւյալ տրամաբանությամբ. ժողովուրդն է ընտրել թե նահանգապետին, թե կոնգրեսականներին, ուրեմն վերջիններս պարտավոր են թափանցիկ լինել իրենց իշխանությամբ լիազորածների հանդեպ:
Ամերիկացիներն աչքի են ընկնում բնության հանդեպ հատուկ վերաբերմունքով: Կանաչ, ընդարձակ տարածքներն այստեղ սովորական երեւույթ են, որտեղ կարելի է գտնել բուսական ու կենդանական աշխարհի տարբեր ներկայացուցիչների:
Խաղաղ օվկիանոսի ափին գտնվող Սիեթլ քաղաքը (Վաշինգտոն նահանգ) «Microsoft», «Boeing» ընկերությունների, ինչպես նաեւ «Starbucks» սուրճի ծննդավայրն է: Այստեղ ապրել ու հիմա թաղված է հայտնի դերասան, արեւելյան մարտարվեստների աշխարհահռչակ վարպետ Բրյուս Լին:
Սիեթլյան համայնապատկեր:
Ծովամթերքի սիրահարների համար Սիեթլի նման քաղաքները իսկական դրախտ են: Այստեղ կարելի է գտնել գրեթե ամեն տեսակի ծովային ուտելիք՝ ձկնեղեն, կակղամորթներ, անողնաշարավորներ եւ այլն:
Ռեստորաններում կարող եք պատվիրել տարբեր տիպի ծովամթերք, որը մատուցվում է հատուկ սոուսների հետ:
![]() |
![]() |
Ծիրանի կես կգ-ն Սիեթլի շուկայում արժե մոտ 6 դոլար: Այն բերվում է արեւոտ Կալիֆոռնիայից, խակ վիճակում, որը հետո կարմրեցվում է: Բնականաբար, չի կարող համեմատվել հայաստանյան ծիրանի հետ: |
Սիեթլի խորհրդանիշը «Space Needle» («Տիեզերական ասեղ») աշտարակն է, որի բարձրությունը 184 մ է: Կառուցվել է 1961-62 թթ.: |
![]() |
![]() |
Ամերիկացի ապակեգործ Դեյլ Չիհուլիի հայտնի շատ գործեր 2012-ից ցուցադրվում են Սիեթլի «Չիհուլիի ապակե այգի» թանգարանում: |
1976-ին ավտովթարի արդյունքում Չիհուլին կորցրել է ձախ աչքի տեսողությունը, սակայն շարունակել է աշխատել, բայց 1979-ին սերֆինգի ժամանակ վնասվածք ստանալով, զրկվել է սիրելի գործով զբաղվելու հնարավորությունից: Նրա ղեկավարմամբ այլ նկարիչներ են այսօր պատրաստում ապակե իրեր: |
«Չիհուլիի ապակե այգին» բնության եւ մարդու ստեղծագործությունների յուրօրինակ համադրություն է:
Սա ոչ թե Վաշինգտոնի, այլ Վիսկոնսին նահանգի Կապիտոլիումն է, որը գտնվում է նահանգի մայրաքաղաք Մեդիսոնում:
Ֆլորիդայի Պենսակոլա քաղաքի Սեւիլյան թաղամասի բար-խաղասրահներն այցելուների պակաս չեն ունենում:
Պենսակոլան գտնվում է Ֆլորիդա նահանգի արեւմտյան ծայրին՝ Մեքսիկական ծոցի ափին: Եղանակն այստեղ տիպիկ ծովային է՝ խոնավ եւ տոթ, հորդառատ անձրեւներն էլ սովորական երեւույթ են: Ջրհեղեղները նույնպես պարբերական են: Փողոցներում կարելի է տեսնել դեռեւս ապրիլյան ջրհեղեղից պաշտպանվելու համար բերված ավազե պարկեր:
Տառեղը ծովածոցի հիմնական բնակիչներից է:
Երկու ձկնորս:
Մեքսիկական ծոցի տաք ջրերը հրաշալի վայր են սերֆինգի համար:
Պենսակոլայի Պլազա դե Լունա ափամերձ հրապարակում կանգնեցված է իսպանացի հետազոտող Տրիստան դե Լունայի արձանը, որն էլ 1559-ին այստեղ բնակավայր է հիմնադրել: Հուշարձանի պատվանդանին 5 երկրների դրոշներ են՝ Իսպանիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Ամերիկայի Կոնֆեդերատիվ Նահանգներ, Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Պենսակոլան այդպես էլ հայտնի է՝ «հինգ դրոշների քաղաք»:
Մեկնաբանել