
«Հակերա» օպերացիան և թիվ 17 բարձունքը
Արդեն երրորդ սիգարետը ճմրթվեց՝ ջղաձգորեն տրորվելով զինվորական կոպիտ կոշիկների տակ: Ադրբեջանական գյուղն այդ բարձունքից չի երևում, ադրբեջանական դիրքերն էլ այնքան հեռու են, որ ցերեկն անգամ պետք է հզոր հեռադիտակով հետևել: Տղաների կարծիքով՝ առնվազն մի 4 կմ հեռու են: Բայց միևնույն է՝ հրամանատարությունը կտրականապես արգելել է գիշերային ժամերին սիգարետ կպցնել կամ անգամ լուցկի վառել: Ասում են՝ Կուբաթլիի կողմից հայտնված տանկն ունի ինֆրակարմիր լուսավորիչ, կարող է գիշերը նշանառության տակ վերցնել ցանկացած լուսավոր կետ: Սրապը թերահավատորեն էր վերաբերում այդ նորահայտ տանկին: Հա ճիշտ է՝ մի երկու օր առաջ խփեց մոտակա գյուղի ծայրամասի տներից մեկին, բայց նշանառու կրակի համար նախ պետք է դուրս գա այն լեռնային գյուղակից, ուր պատսպարվել են Լաչինի մարտերից հետո ջախջախված ադրբեջանական ջոկատների մնացորդները, պետք է բավական երկար ճանապարհ անցնի լեռնային նեղլիկ ու ծուռումուռ ճանապարհներով: «Ոչ մի տանկ էլ սենց գիշերով սար ու ձոր չի ընկնի»,-ինքն իրեն հույս տվեց Սրապը՝ կպցնելով չորրորդ սիգարետն ու նայելով մթագնող երկնքին:
Բարձր սարավանդն իշխում էր շրջակայքի վրա, ու այդ սարավանդի կենտրոնում յուրաքանչյուր 50 մետրը մեկ հայ դիրքապահների վրաններն էին՝ 12 վրան: Յուրաքանչյուր վրան նախատեսված էր 4 հոգու համար, յուրաքանչյուր 2 ժամը մեկ տղաները պետք է փոխվեին հերթապահության համար: Սարավանդն այնքան քարքարոտ էր, որ խրամատներ փորել չհաջողեց, մի քանի ոչ մեծ փոսեր կարողացան փորել միայն: Այդ փոսերից մեկում էլ թիկն տվեց քարին ու արագորեն քաշեց սիգարետի ծուխը: Տղաները հերթապահության ժամանակ զույգերով քայլում էին, երբեմն գնում էին հետախուզության, բայց հիմա Սրապը մենակ էր: Ընկերը խնդրեց թույլ տալ կես ժամ էլ քնել, ինքն էլ չընդդիմացավ: Դա զինվորական կանոնների կոպիտ խախտում էր, որ գալիս էր վտանգի զգացողության թուլացումից: Արդեն մեկ ամիս է այդտեղ են՝ ադրբեջանցիները նույնիսկ ձևի համար մոտ չեն եկել, պատսպարվել են Կուբաթլիի շրջանի գյուղերում ու դուրս չեն գալիս: Միայն այդ տանկն է վերջերս ի հայտ եկել, տղաները համոզված են, որ ուկրաինացիներից բաղկացած անձնակազմ է՝ գումար աշխատելու համար են այստեղ: Սրապն ուզում էր, որ մարտերը վերսկսեն, որ Գոհարին պատմելու բան ունենա: Ո՞մ մտքով կանցներ, որ կսիրահարվի այդ սևահեր, կոպիտ ձայնով ու ճմրթված շորերով աղջկան…
xxxxx
Ճմրթված պիջակով աղջիկը հիվանդանոց մտավ երեկոյան 8-ի կողմերը: Սովորաբար ավելի վաղ էր գալիս, միշտ նույն անփույթ սանրվածքով, բարակ ու կարծես միտումնավոր ճմրթած պիջակով, որից չէր հրաժարվում նույնիսկ օգոստոսյան շոգերին: Հերթով այցելում էր այն հիվանդասենյակները, ուր ազատամարտիկներն էին պառկած, նրանց դեղ, հագուստ կամ ուտելիք էր թողնում, տեղեկանում էր, թե էլ ինչի կարիք ունեն, խոստանում բերել հաջորդ անգամ:
-Իսկ ինչո՞ւ մեզ էլ չեք օգնում…
Հորն այցելության եկած Սրապը հեգնանքով նայեց աղջկան, մտքում 50-50 էր գնահատում նրա պատասխանելու հավանականությունը: Ի զարմանս իրեն՝ աղջիկը կանգ առավ, քչփորեց պայուսակն ու այնտեղից մի կարկանդակ հանեց: Լուռ մոտեցավ Սրապին, կարկանդակը թողեց պատուհանի գոգին, թեթևակի ժպտալով բարի ախորժակ մաղթեց ու անմիջապես անհետացավ մոտակա հիվանդասենյակում: Սրապը շփոթվեց, սովոր էր աղջիկների հասցեին ռեպլիկներ թողնել ու որպես պատասխան արժանանալ սաստող հայացքների կամ «խոցող» արտահայտությունների: Բայց այս մեկի ժպիտի մեջ հեգնանքի նշույլ անգամ չկար, այդ ժպիտը Սրապին գրավիչ մանկական խաղ հիշեցրեց: Միայն թե ձայնը տարօրինակ կոպիտ էր: Ի զարմանս իրեն՝ կծեց կարկանդակը, այն նույնպես համեղ էր, երևի տանն էր պատրաստված: Որոշեց սպասել: Աղջկան առաջարկեց ուղեկցել մեքենայով՝ այդ տարիներին երևանյան տրանսպորտն ահավոր վիճակում էր, մարդիկ երբեմն երթևեկում էին դռներից կախված:
-Մի անհանգստացի, քույրս էլ մեզ հետ է, քեզ կիջեցնենք որտեղ ցանկանում ես, հետո մենք կգնանք տուն:
Տեղ հասցնելուց հետո աղջկան առաջարկեց օգնել վիրավոր ազատամարտիկներին սնունդ ու հագուստ բաժանելու գործում: Գոհարը, այդպես էր աղջկա անունը, չմերժեց, իսկապես էլ օգնականի կարիք էր զգում: Հետո ամեն ինչ արագ ու մի տեսակ բնական ստացվեց՝ առաջին ձեռքսեղմումը, առաջին գրկախառնությունը, առաջին համբույրը: Սկզբում Սրապը մտածում էր, որ հերթական կարճ սիրավեպը կլինի, որ կտևի 1 ամսից ոչ ավելի: Բայց հետո նկատեց, որ իր հետ զարմանալի փոփոխություններ են կատարվում: Աղջկա ճմրթված շորերի վրա այլևս ուշադրություն չէր դարձնում, ընդհակառակը՝ անփույթ հագնվածների մեջ սկսեց ինչ որ հետաքրքիր տպավորություններ փնտրել: Բայց որ ամենակարևորն է՝ դադարեց ամեն 50 մետրը մեկ կոշիկներն անձեռոցիկով փայլեցնել, ինչն անկեղծորեն զարմացրեց նրա բոլոր ընկերներին: Սրապի ընկերների համար մեծագույն անակնկալ էր, որ Սրապը քաղաքում կարող է շրջել առանց փայլեցրած կոշիկների ու հագուստի բոլոր ծալքերը կոկետացնելու: Կասկած չկար, որ տղան սիրահարվել է, ու դա կտրում է նրա միտքը ձևականություններից:
Սրապին երբեմն թվում էր, թե իր երկրորդ մանկությունն է վայելում: Մորը կորցրել էր 4 տարեկանում, ու մի տեսակ մանկության կարոտ մնացել: Գոհարի ընկերակցությամբ Սրապը երեխայի զգացողություն ուներ, ինչ որ բան կար այդ աղջկա մեջ, որ հիշեցնում էր մոր աղոտ տպավորությունները: Գոհարի ժպիտը միշտ էլ զուսպ էր, սակայն այն միահյուսվում էր աչքերի կայծկլտոցների հետ, ու թվում էր, թե աղջիկը ժպտում է ոչ թե բերանով, այլ աչքերով; Սրապը հետևում էր այդ աչքերին այնպես, ինչպես երեխան՝ գույնզգույն խաղալիքներին:
Երբ Սրապին թվում էր, թե իրենց հարաբերություններում ամեն ինչ իդեալական է, մնում է միայն վայելել երջանկությունը, Գոհարն անսպասելի հայտարարեց, որ մեկնելու է ռազմաճակատի առաջին գիծ, տեղում քույրական օգնություն ցուցաբերելու կռվող կամավորներին: Սրապը մինչ այդ համոզված էր, որ աղջկա վազվզոցը հիվանդանոցներով ժամանակավոր տարվածություն է, հարգանքի տուրք Մարտակերտի պաշտպանության ժամանակ զոհված հորեղբորը: Հետո հասկացավ, որ աղջիկն այլ բան է ուզում: Նա ցանկանում է, որ իր ընկերը, իսկ գուցեև ապագա ամուսինը «կռված» տղա լինի: Այդ միտքը նրան շփոթեցնում էր: Շրջապատում նա կռվարար տղայի համբավ ուներ, սակայն զինվորական ծառայությանը միշտ էլ թերահավատ էր վերաբերում: ԽՍՀՄ բանակում գրեթե երկու տարի անցկացրեց շտաբներում՝ հեռու զենքից ու շարային պատրաստությունից: Երբևէ նույնիսկ մտքի ծայրով չէր անցկացրել, որ կարող է կամավորագրվել սահմանների պաշտպանության համար: Սրապը սկսեց լրջորեն մտածել Գոհարի հետ հարաբերությունները խզելու մասին, բայց ընկերներից մեկն այլ խորհուրդ տվեց: Ասաց, որ կարելի է զինկոմիսարիատի հետ 15-օրյա պայմանագիր կնքել ու գնալ նոր ազատագրված Լաչինի շրջան՝ պաշտպանական գիծն ուժեղացնելու համար:
«15 օրն ինչ է՞ որ, այնպես կանցնի՝ չես էլ զգա, Գոհարն էլ առարկելու տեղ չի ունենա»,- Սրապին խորհուրդ տվեց ընկերը: Այդպես նա հայտնվեց Լաչինի ու Կուբաթլիի սահմանագծին գտնվող թիվ 17 բարձունքում; Գոհարի հետ պայմանավորվեցին՝ երկուսով միաժամանակ սահման չեն գնա, մեկը կվերադառնա, մյուսը կմեկնի: Դա 1992 թ. սեպտեմբերն էր, երբ մարտական առաջադրանքը կարելի էր համատեղել աշնան հրաշալի ակնթարթների հետ: Սակայն 15 օր հետո հրամանատարությունը հայտարարեց, որ հերթափոխն ուշանում է, խնդրեց տղաներին՝ ևս 15 օր մնալ: Ցանկացողներին հրամանատարությունը ետ էր ուղարկում՝ այդպես ջոկատի թվաքանակը մեկ քառորդով պակասեց: Սակայն Սրապը որոշեց սպասել, հիշում էր, որ ետ վերադառնալուց հետո Գոհարի հերթն է ռազմաճակատ մեկնելու:
xxxxx
Լեռնային երկինքը վերջնականապես փակվեց ամպերով: Կլիներ մոտավորապես գիշերվա ժամը 4-ը: Սրապը դանդաղորեն վեր կեցավ տեղից՝ համոզված էր, որ անձրև է գալու: «Ժամանակն է այդ անբանին զարթնեցնել, թող անձրևի տակ ինքը թրջվի, իսկ ես կհանգստանամ»,- որոշեց նա՝ ուղղվելով դեպի վրանը: Քամի բարձրացավ, ուժեղ, գիշերային ու սառը քամի էր: Սրապը մի պահ կանգ առավ՝ զինվորական վերարկուի մեջ ավելի ամուր փաթաթվելու համար: Հետո մեխվեց տեղում՝ քամու հետ տարօրինակ ձայներ էին գալիս: Նորից ուշադիր ունկն դրեց՝ ներքևից, ձորի կողմից իսկապես ձայներ կային, ներքևում ինչ որ շարժում կար: Իր համար էլ անսպասելի՝ հանգիստ էր, անմիջապես որոշեց անելիքը: Ոչ թե վրան կգնա՝ տղաներին արթնացնելու, այլ կրակահերթ կբացի, այդպես մյուս պոստերի համար նույնպես ահազանգ կհնչի: Առանց շտապելու դիրքավորվեց քիչ հեռու այն տեղից, ուր նստած էր, զգուշացավ, որ ադրբեջանցիները նկատած կլինեն այրվող սիգարետը: Ավտոմատային կարճ կրակահերթերը ներքևում ինչ որ մեկի կոկորդից աղաղակ պոկեցին: Համարյա բոլոր վրաններից տղաներն անմիջապես դուրս թռան ու դիրքավորվեցին, թեև շատերը չէին էլ պատկերացում, թե ինչ է տեղի ունենում: Սակայն անորոշությունը երկար չտևեց, հայկական դիրքերի վրա պատասխան կրակ տեղաց; Սկզբնական շրջանում թանձր խավարը հայերի կողմից էր՝ բոլոր պոստերում էլ հասցրին դիրքավորվել, բայց հետո ամեն ինչ խառնվեց իրար: Աջ կողմից ադրբեջանական առաջապահ խումբը գրավեց բարձունքի ծայրամասն ու նռնականետային ու գնդացրային կրակ բացեց: Վրաններից մի քանիսը սկսեցին այրվել: Սրապը հազիվ լսեց հրամանատարի հրամանը՝ նահանջել ու դիրքավորվել բարձունքի հակառակ լանջերին: Սրապին այդ հրամանը տարօրինակ թվաց, դա նշանակում էր, որ բարձունքը հանձնում են: Նրա ուղեղը սկսեց արագ վերլուծել իրավիճակը; Ադրբեջանցիները հարձակվում են մի քանի կողմից, հետևաբար՝ սա դիվերսիա չէ, այլ խոշոր հարձակում: Եթե բարձունքի առաջամասը զիջվի նրանց, ապա թվաքանակի շնորհիվ հակառակորդը պարզապես կճնշի մյուս կողմում դիրքավորված տղաներին: Նահանջելն էլ վտանգավոր էր արդեն, բարձունքի ծայրամասում դիրքավորվածները կրակում էին բարձունքի կենտրոնական հատվածների վրա, նահանջողները պետք է դեռ այդ կրակահերթերի միջով անցնեին: Արդեն իսկ առաջին զոհերն ու վիրավորները կային: Իսկ ի՞նչ կլինի, եթե… Սրապը նույնիսկ զարմացավ իր հեռատեսության վրա: Բառացիորեն երեկ նրան հաջողեց թաքստոց փորել հենց այն մասում, որ հիմա ադրբեջանցիների ձեռքում էր: Դա միակ համեմատաբար փափուկ հողակտորն էր ողջ բարձունքում: Թաքստոցը գտնվում էր ժայռի կողամասում, հուսալիորեն ծածկված խոտով: Եթե հաջողի հասնել թաքստոցին, ապա բարձունքի վրա հայտնված ադրբեջանցիները կհայտնվեն իր նշանառության տակ՝ ինչպես ձեռքի ափի մեջ: Այդ պահին էլ ընդունեց երկրորդ ոչ ստանդարտ որոշումը՝ դեպի թաքստոց կվազի ոչ թե բարձունքով, այլ ներքևի դարավանդով: Սրապի հաշվարկով՝ իր ուղղությամբ գործող ջոկատը դեռ չի սկսել գրոհը, կամ առաջ է շարժվում շատ զգուշորեն, քանի որ հայկական դիրքերից ուժեղ գնդացրային կրակ էր տեղում: Առանց վարանելու նա գլորվեց ներքև՝ հայտնվելով դարավանդում: Տեղանքը հրաշալի գիտեր, կողմնորոշվում էր առանց դժվարության: Մեկ սողալով, մեկ կուզեկուզ գնալով՝ վերջապես հայտնվեց ժայռի ներքևում: Վերևից նույնիսկ լսվում էին ադրբեջաներեն խոսքեր, հիմնականում՝ հայհոյանք: Սրապը մի պահ վարանեց՝ ադրբեջանցիները շատ մոտ էին թաքստոցին: Մի քանի վայրկյան ծախսեց՝ նորից գնահատելու իրավիճակը, խավարի թանձրությունն ու թաքստոց ընկնելու առավել հավանական ճանապարհը: Որոշեց փոսից դուրս գալիս չվազել՝ քարերին պատահաբար չդիպչելու և աղմուկ չստեղծելու համար: Սիրտն անսպասելի սկսեց արագ բաբախել, բայց կարողացավ զսպել իրեն ու չվազել: Յուրաքանչյուր քայլից առաջ համոզվելով, որ քարահոս չի առաջացնելու, նա հասավ ժայռակտորին՝ թաքստոցն անվնաս էր: Զգուշորեն սողոսկեց փոսի մեջ, հարմար տեղավորվեց ու ծածկվեց խոտերով: Մոտ կես րոպե ոչինչ չէր տարբերակում, բայց աստիճանաբար սկսեց կռահել, թե ադրբեջանցիներն ինչպես են դիրքավորված: Բարեբախտաբար՝ մոտակայքում ոչ ոք չկար, ադրբեջանցիներն արդեն առաջ էին շարժվել մոտ 10 մետր ու նորից պառկել գետնին: Առաջին իսկ կրակոցով խոցեց նռնականետով զինվորին: Վերջինս գալարվեց ու նռնակն արձակեց իրենից քիչ հեռու՝ հենց գետնի մեջ: Նռնականետը պայթեց նռնակի հետ միասին՝ խուճապ ու իրարանցում առաջացնելով մյուսների շրջանում, ըստ երևույթին՝ էլի վիրավորներ եղան: Սրապը որոշեց, որ կկրակի զգալի ընդմիջումներով, առնվազն գոնե րոպեն մեկ: Շուտով նա կարողացավ տարբերակել գնդացրորդին, ևս մեկ հաջողված կրակոց ու գնդացիրը լռեց: Ավելի հեռվում գտնվող երկրորդ գնդացրորդը ևս ընկավ՝ այս անգամ հայ զինվորների դիմահար կրակից: Մի փոքր առաջ շարժված ադրբեջանցիները, զրկվելով կրակային աջակցությունից, անկանոն սկսեցին ետ սողալ: Սրապի համար նրանք շատ հարմար թիրախ էին, սակայն հասկանում էր, որ կարող է մատնել իրեն: Այդ ժամանակ ադրբեջանական մյուս ջոկատը ևս հայտնվեց բարձունքում, սակայն հայտնվեց հայերի ուժեղ կրակի տակ: Նրանք հենց Սրապի աջ կողմում էին, բավական մոտիկ, ու ինչ որ բան էին բացականչում: Սրապը հասկացավ, որ հորդորում են իրենց ընկերներին՝ չնահանջել: Սակայն այդ ընկերներն արդեն զբաղված էին վիրավորներին ու սպանվածներին դուրս հանելով, ու շուտով համարյա ամբողջությամբ մաքրեցին բարձունքը: Մյուս ադրբեջանական ջոկատներում ևս նահանջի հրամաններ լսվեցին: Չկա ավելի սարսափելի բան, քան գիշերային խավարի ժամանակ անծանոթ տեղանքում նահանջը: Այն արագորեն վերածվեց անկանոն փախուստի, մի քանի րոպեից բարձունքի վրա արդեն ադրբեջանցիներ չկային: Նրանք շտապում էին հեռանալ, քանի դեռ լույսը չի բացվել: Սրապը դանդաղորեն դուրս եկավ թաքստոցից, հենվեց ժայռին ու ևս մի քանի կրակահերթ արձակեց: Հետո հիշեց, որ թիկունքից իր ընկերներն են կրակում, ու կրկին պատսպարվեց թաքստոցում: Այդտեղ էլ նրան գտան մարտական ընկերները՝ կռահելով, թե ով է խուճապ առաջացրել ադրբեջանական առաջապահ ջոկատի շարքերում:
xxxx
«Հակերա»՝ այդպես էր կոչվում ադրբեջանական զինուժի զինված գործողությունը Լաչինի շրջանում 1992 թ. հոկտեմբերին՝ նպատակ ունենալով վերագրավել Լաչինն ու կտրել Հայաստանի ու Արցախի միջև ցամաքային կապը: «Հակերան», ըստ երևույթին, այդ տարածքի հին անվանումներից մեկն էր: Ադրբեջանցիները հարձակվում էին երկու ուղղություններով՝ Լաչինից հարավ ու հյուսիս: Հարձակմանը հետևելու համար հրավիրել էին Միլի մեջլիսի երկու պատգամավորների: Որոշ հատվածներում ադրբեջանցիներին իրոք հաջողեց առաջ գնալ, սակայն թիվ 17 բարձունքը այդպես էլ չկարողացան գրավել, թեև հարձակումը կրկնեցին նաև հաջորդ օրերին: Չորսօրյա պաշտպանական մարտերից հետո հայկական զորքերը ճակատի ողջ երկայնքով հոգնեցրին ու արյունաքամ արեցին ադրբեջանական խմբավորումներին: Այնուհետ ժամանեցին օգնական ուժեր, զորքերը վերախմբավորվեցին ու Շուշիի և Գորիսի կողմից անցան հակահարձակման: Երկու օրվա ընթացքում ադրբեջանական ուժերը ետ մղվեցին 5-10 կմ: Թիվ 17 բարձունքը պաշտպանողները նույնպես հարձակման հրաման ստացան՝ երկար սպասված հերթափոխի ժամանումից հետո: Հրետանային ուժեղ պատրաստությունից հետո հայկական ջոկատը հարձակվեց Քյոքնաքենդ գյուղի ուղղությամբ, Սրապը ևս նրանց շարքում էր: Հարձակումը սկսեց վաղ առավոտյան, երկու ուղղություններով, ընդամենը երկու զրահամեքենայի պաշտպանության ներքո: Սակայն մինչ տղաները կմոտենային Քյոքնաքենդին՝ երկու հայկական ուղղաթիռներ, Լաչինի կողմից թռչելով, ռմբակոծեցին գյուղը, հետո պտույտ գործելով՝ կրկին հարվածեցին ադրբեջանական դիրքերին ու թաքստոցներին: Գյուղում հրդեհներ սկսեցին, պայթեց վառելիքով լցված ցիստեռնը: Հայ մարտիկներն ու զրահամեքենաներն ընդհուպ մոտեցան գյուղին: Ադրբեջանական դիրքերից մոտ կես ժամ ուժեղ կրակ էր տեղում, սակայն աստիճանաբար այն թուլացավ: Ուղղաթիռներն ու հրետանին արել էին իրենց գործը, ադրբեջանական առաջապահ դիրքերի զինվորները զինամթերք չէին ստանում, վիրավորներին ու սպանվածներին նույնիսկ չէին հասցնում հանել: Պարզ էր, որ դիմադրությունը երկար չի տևի, սակայն Սրապը շատ էր ցանկանում առաջինը գյուղ մտնել: Առաջ պոկվեց մյուսներից, ու մինչ նորից կդիրքավորվեր՝ ուսի շրջանում ուժեղ ծակոց զգաց: Հարվածից ընկավ գետնին ու մի երկու րոպե կորցրեց գիտակցությունը: Հետո գիտակցությունը վերականգնվեց, հասկացավ , որ վիրավոր է: Սկսեց շոշափել մարմինը՝ միայն ուսն էր ցավում, դա չխանգարեց, որ մի քանի մետր հեռանա վտանգավոր վայրից: Սկսեց բարձր տնքալ՝ ընկերների ուշադրությունը հրավիրելու համար, սակայն այդ պահին ինչ որ մեկի փափուկ ձեռքերը շոյեցին ճակատը: Սրապին այդ ձեռքերը անդիմադրելիորեն քնքուշ թվացին, ու այնքան ծանոթ:
-Գոհա՞ր, - Սրապը աչքերին չէր հավատում,- չէ՞ որ խոստացել էիր…
-Ոչինչ մի խոսիր, լա՞վ, հետո կպատմեմ, հիմա թուլացի, որ բուշլաթդ հանեմ…
Սրապն իսկապես էլ թուլանում էր, նա գլուխը հենեց աղջկա ձեռքերին և փակեց աչքերը:
xxxxx
Ճմրթված պիջակով աղջիկը մուտք գործեց զինվորական հոսպիտալ: Նա կարկանդակներով տոպրակ չուներ, նրա հոգնած աչքերը հազիվ էին բաց մնում: Թվում էր՝ ոչ թե քայլում է, այլ անհաջող սահում անհարթ սառույցի վրայով: Հարցուփորձով գտավ այն հիվանդասենյակը, որտեղ Սրապն էր: Տղան գրեթե ապաքինվել էր, սպասում էր, թե երբ պետք է դուրս գրեն: Աղջիկը լուռ նստեց մահճակալի գոգին՝ ձեռքը դնելով տղայի ձեռքի վրա: Մոտ մեկ րոպե այդպես լուռ էին:
-Կամուսնանա՞ս ինձ հետ,- վերջապես Սրապը խախտեց լռությունը:
Գոհարի հոգնած աչքերը հարցականով նայեցին տղային:
-Բայց ես մի պայման ունեմ՝ այլևս երբեք մեր պայմանավորվածությունները չպետք է խախտես,- իրենց հարաբերությունների ընթացքում առաջին անգամ Սրապն աղջկա հետ խոսեց պահանջկոտ ու խիստ տոնով:
Գոհարը ժպտաց ու փակեց աչքերը, բայց այս անգամ Սրապին դա նախկինի պես զուսպ չթվաց…
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել