
Վայոց ձորի Ազատեկ համայնքը՝ ինչպես Հայաստանի հարյուրավոր մեռնող գյուղերից մեկը
Վայքից մոտ 7 կմ հեռու, Վայոց ձորի հովտի բարձունքներից մեկին տեղակայված Ազատեկ գյուղ տանող ոլորանները կարծես վերջ չունեն. գնում ու գնում ես, բայց ոլորանները չեն վերջանում: Ամբողջ ճանապարհին միայն ճամփեզրին տնկված երիտասարդ բարդիներն են ու լրագրողներին տանող ավտոբուսը. ճանապարհը՝ զարմանալիորեն նոր բարեկարգ ասֆալտով, ամբողջովին դատարկ է:
Գյուղում, սակայն, մերթ ընդ մերթ մեքենաներ երթևեկում էին: Պարզվեց, այդ օրը թաղում կա, որը զգալի անցուդարձի պատճառ էր դարձել: Սակայն ամենուր կողպեքներով ծանրորեն ագուցված փակ դռներ են ու դատարկ փողոցներ:
Առաջին հանդիպած բաց դռնից երևում է մաշված ժպիտով ու կորացած մեջքով Լիդա տատիկը, որի որդին՝ 32-ամյա Էդգարը արդեն տասը տարի շարունակ աշխատանքի համար գնում է Ռուսաստան: Հարսը՝ Աննան, ասում է, որ ապրելու համար ուրիշ հնար չեն տեսնում, ինքն էլ չի կարող գնալ ամուսնու մոտ:
«Էնտեղ բազա ա ու լիքը տղամարդիկ են, էդքան տղամարդկանց մեջ ո՞նց մնամ,- ասում է նա,-էդքան էլ չի աշխատում, որ կարենա տուն վարձի»:
Աննան ու Էդգարը 8 տարի է ամուսնացած են, ու ութ տարվա մեջ Աննան ամուսնուն տեսնում է միայն ձմռանը, որից հետո ամուսինը նորից մեկնում է:
«Ինքը ջահել խարս ի, ամուսինը ամեն տարի էթալի ա, ջահել ա էլի, ես էլ նեղվես եմ, որ ամուսինը կողքին չի,- տխուր ժպտում է Լիդա տատիկը,-իմ մեջքն էլ ցավալ ի, բայց ես մեծ եմ, թող իրենք լավ լինեն»:
Ազատեկը՝ 567 բնակչությամբ և մոտ 65քմ տարածքով, Վայոց ձորի մարզի ամենափոքր բնակեցված համայնքներից է, մարզի 41 գյուղերից ամենամեծը Մալիշկան է՝ 5000-ից ավել բնակչությամբ, իսկ ամենափոքրը՝ Նոր Ազնաբերդը, որտեղ ապրում են 170 բնակչություն:
Ըստ Համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների կառավարության հայեցակարգի, որի պիլոտային փուլը մեկնարկում է այս տարի, նախատեսված է հարևան Արին, Զեդեա և Փոռ համայնքների հետ միասին Ազատեկը միացնել Վայքի հետ՝ համայնքային կենտրոն սահմանելով Վայքը: Այս դեպքում ստացվում է 5 բնակավայրից կազմված համայնք՝ մոտ 7200 բնակչությամբ և 14300 հա տարածքով:
Ազատեկի բնակիչներին այս մասին չգիտեն, ու օրեցօր մաշվող գյուղի բնակիչներին հետաքրքրում է միայն օրվա հաց վաստակելու խնդիրը, ու թեպետ կյանքը շարունակվում է ու երեխաներ են ծնվում, սակայն ապագան այստեղ կանգնած է, ու մարդիկ ապրում են անորոշությամբ:
Ռամելլան, որ ամուսնու հետ ապրում է իր քեռու որդու տանը՝ իր առաջնեկին սպասել է 6 տարի, սակայն չգիտի, թե վաղն ինչ է լինելու իրենց հետ:
«Վեց տարի տանջվելով ու տառապելով հասել ենք իմ տղային, սակայն նույնիսկ մի փոքրիկ հողակտոր չունենք, որ մշակենք ու մեր ուզած ձևով ապրենք,- հոգոց է հանում նա,- էս տունն էլ տվել են մեզ, որ նայենք ու մի օր հանկարծ փուլ չգա»:
Ռամելլայի ամուսինն էլ Ղարաբաղում է աշխատում: Շինարարության վրա: Ռամելլան ոչինչ չգիտի այդ շինարարության մասին, Ղարաբաղում էլ չի եղել:
«Մեր գյուղից այնտեղ շատ մարդ կա աշխատող: Ամսվա մեջ մոտ 25 օր աշխատում են, մի 5 օր էլ տանն են,- ասում է նա,-Մենք էլ մի կերպ ապրում ենք: Ստեղից էլ դեռ չենք ուզում գնալ: Ո՞ւր գնանք: Մեջք էլ չունենք»:
Ազգային վիճծառայությունը գյուղական համայքների տնտեսության վիճակագրություն չի իրականացնում, սակայն Ազատեկում զարգացած են անասնապահությունը եւ այգեգործությունը: Սեփական տնտեսությունը վարելուց և դրսում աշխատելուց բացի՝ գյուղում այլ աշխատանք չկա:
Խորհրդային տարիներին Վայոց ձորի մարզում տարածված է եղել «խոպանի» ավանդույթը: Սակայն Գլաձոր համայնքի ղեկավար Անդրանիկ Մարտիրոսյանի խոսքով, եթե այն ժամանակ իրենց գյուղից գնում էին 60 հոգի, ապա այժմ գնում են 400-500-ը:
«Հիմա էլ միտում կա, որ ամեն տարի այդ 500 հոգուց 10-ը չի վերադառնում ու հետո էլ տեղափոխում է ընտանիքը»,- ասում է նա:
Թերևս մեծ քաղաքներում տասը հոգու բացակայությունը տեսանելի չլինի, սակայն փոքր բնակչություն ունեցող գյուղերում ամեն մի ընտանիքի բացակայությունն էլ նկատելի է դառնում:
Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանն ասում է, որ ամբողջ աշխարհում նկատվում են փոքր բնակավայրերից դեպի խոշոր բնակավայրեր, քիչ զարգացող երկրներից դեպի զարգացած երկրներ մարդկային հոսքի միտումներ:
«Ես Գերմանիայում մի սեմինարի էի մասնակցում, որտեղ խոսվում էր, որ Գերմանիայի ամենամեծ խնդիրներից մեկը փոքր համայնքներն են,- ասում է նա,- Արխանգելսկի ղեկավարների հետ մեր մասնավոր զրույցներում նրանք նույնպես խորը անհանգստություն էին հայտնում, որ իրենց մոտից երիտասարդությունը գնում է Մոսկվա»:
Ժողովրդագիր, միգրացիոն հարցերով փորձագետ Ռուբեն Եգանյանն ասում է, որ վերջին տարիներին նկատվում է բնակչության առավել ակտիվ տարրի նվազում:
«Ամեն տարի բնակչության մի տոկոսը գնում ու հետ չի վերադառնում,- «Հետքին» ասում է նա,- ընդ որում գնում են ոչ թե բնակչության բոլոր խավերից, այլ ակտիվ աշխատանքային տարիքի մարդիկ, որը բերում է սեռատարիքային կազմի ձևախախտման և խաթարվում են տղամարդկանց ու կանանց հարաբերակցությունը, տարիքային կազմը, ամուսնության, վերարտադրության և ծնելիության գործընթացները»:
Ըստ Ազգային վիճծառայության տվյալների՝ 2009-2012թթ ընթացքում Հայաստանից մեկնած և չվերադարձած միգրանտներից միայն 29000-ը 15 տարեկանից բարձր անձինք են:
Եգանյանն ասում է, որ 1990թ. սկսած մենք ունեցել ենք բնակչության նվազում ի հաշիվ միգրացիայի, սակայն շուտով մենք կունենանք բնակչության նվազում ի հաշիվ բնակչության վերարտադրության, քանի որ մահացածների թիվը ավելի շատ կլինի, քան ծնվողների թիվը, և դա մոտ 4-5 տարվա խնդիր է:
Գյուղերում, հիմնականում մնում են աշխատանքային միգրանտների ընտանիքները՝ կանայք, ծերունիներ, երեխաներ, ինչպես նաև նրանք, ովքեր գնալու տեղ չունեն:
42-ամյա Լալա Կյուրեղյանը ամուսնու և երկու երեխաների հետ ապրում է մի տանը, որտեղ անհնար է պատկերացնել, որ կարելի է ապրել: Այդ տանը երկու երեխաներ են ծնվել: Որից մեկը՝ տան շքամուտքին կանգնած բարձրաձայն լաց էր լինում, մինչև մայրը կմոտենար:
Լալան Վայքից է, ամուսինը՝ 1989թ. Կիրովաբադից եկած փախստական: Նրանք Ազատեկի ծայրահեղ չքավոր ընտանիքներից մեկն են:
«Տունն էլ սկեսրայրիս անունով է, ինքը շուտ մահացել է, հիմա էլ փող չունենք, որ անվանափոխություն անենք, ու դրա համար գազ էլ չենք կարողանում քաշել,- ասում է նա,-մարդս էլ մեկ-մեկ, երբ գործ է լինում՝ կանչում են խոտ հնձելու կամ փոր անելու»:
Օրեր են՝ կմթնեն, անց կկենան: Դեպքին հարմար՝ կասեր Թումանյանը: Այդպես էլ մաշացնում են օրերը: Արդեն 14 տարի: Անճարակ աչքերով գրկել է որդուն ու ասում է, որ ապրում են բարեկամների օգնության հաշվին: Անասուն չեն կարող պահել, քանի որ խոտհարքի տեղ չունեն: Տուն չունեն, խոտհարքի տեղ որտեղից ունենա՞ն:
«Քանի որ ինքը փախստական է (նկատի ունի ամուսինը), մինչև եկել են, գյուղի անասունը բաժանել են ու իրեն չի հասել»,- անկյանք ասում է Լալան:
Միայն փոքր ծիրանի այգի ունեն, որն էլ եթե կարկուտը չի խփում, առևտրականն էլ չի գնում՝ պատճառաբանելով, որ չեչոտ է. «Ստիպված չիր ենք անում կամ էլ հոտում ա»:
Այս տարի Վայոց ձորում ծիրանը 80 տոկոսով ցրտահարվել է: Մարզպետարանը 5 մլն դրամի չափով փոխհատուցման ֆոնդ ունի, սակայն արտոնությունները պետք է կիրառվեն այն տնտեսությունների համար, ովքեր մեծ այգիներ ունեն: Մարզպետ Ղազարյանի խոսքով այժմ այդ հաշվարկներ են անում:
«Մեր մոտ մեծ այգիներ ունեցողերը են «Վեդի ալկոն» կամ այն ընկերությունները, ովքեր այլ բիզնես էլ ունեն, իսկ փոխհատուցումը սոցիալական ուղղվածություն ունի, և այդ ընկերությունները չեն կարող փոխահտուցում ստանալ,- ասում է նա,- սակայն տնամերձ այգիներն էլ հիմնականում դիվերսֆիկացված են, ու եթե ամեն տնտեսությունում մի քանի ծիրանի ծառ է ցրտահարվել, ապա հողի հարկի փոխահատուցում չի նախատեսվում»:
Ղազարյանը մատնանշում է մեկ այլ խնդիր ևս. արտադրվող գյուղմթերքները չեն բավարարում ժամանակակից վերամշակման պահանջներին:
«Օրինակ հյութի արտադրության համար պահանջվում է խնձորի մի տեսակ, որը հիմա ավելի քիչ է արտադրվում, քան այն տեսակները, որոնց այգիները եղել են, մյուսը պատճառները ծավալներն են, ու տնտեսապես հիմնավորված չէ նոր գործարան հիմնելը»,- ասում է նա:
Ըստ հնագիտական հետազոտությունների՝ Ազատեկը Ազատ անվանմաբ գյուղ է, որը Ազադեկ անվանմամբ ընդգրկված է եղել Երևանի նահանգի Շարուր-Դարալագյազի գավառի կազմում: Գյուղի կենտրոնում՝ սովետական արդեն հին կոոպտորգի հարևանությամբ կուչուռած է ս. Ստեփանոս եկեղեցին:
Մեկնաբանել