
Կուտակայինն առանց պարտադիրի՝ թաքնված խութեր
Եվ այսպես, կառավարությունը գտավ մի փոխզիջումային տարբերակ, որով կուտակային համակարգը չի վերացվում, իսկ «Դեմ եմ» շարժումն առարկելու առիթ չունի: ՀՀ Ազգային ժողովը մայիսի 13-ին առաջին ընթերցմամբ ընդունեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխությունները, ըստ որի.
- Ցանկացած ոք կարող է հրաժարվել պարտադիր կուտակային 5% վճարներից, եթե գրավոր դիմում գրի:
- Պետությունը կշարունակի պահել բոլոր աշխատողների անձնական ռեեստրը՝ պետական բյուջեից փոխանցելով 5%-ի չափով գումար (ոչ ավելի 25 հազ. դրամից):
- Գործատուն ազատվում է տույժերից ու տուգանքներից, եթե կուտակային վճարները մինչ այս օրենքի ընդունումը չի իրականացրել:
Ստեղծվել էր մի իրավիճակ, երբ իդեալական որոշումներ հնարավոր չէ ընդունել: Ու այս փոխզիջումն ակնհայտ իդեալական չէ: Սահմանադրական դատարանի ապրիլի 2-ի որոշումը բազմաթիվ տարընթերցումների տեղիք տվեց՝ վեր հանելով նաև սահմանադրական ինստիտուտի թույլ կողմերը մեր երկրում՝ կապված հենց ՍԴ որոշումների մեկնաբանման իրավունքի հետ: Այս պայմաներում պարտադիր կուտակային համակարգը պահելու ցանկացած որոշում կարող է վիճարկվել:
Բայց նոր օրենքը ևս մի շարք ստորջրյա խութեր ունի: Եթե կառավարությունը պահում է կուտակային համակարգը, նշանակում է՝ կենսաթոշակները տրվելու են այդ համակարգով: Այսինքն՝ եթե քաղաքացին ներկա պահին հրաժարվում է 5% փոխանցել իր աշխատավարձից, ապա նրա կենսաթոշակը կհաշվարկվի միայն կառավարության փոխանցած 5%-ի հաշվին, իսկ դրանից հազիվ թե ծերության նորմալ թոշակ ստացվի: Ծերությունից ոչ ոք ապահովագրված չէ, ու ցածր թոշակը ծերության լավագույն ուղեկիցը չէ:
Երկրորդ՝ ամենայն հավանականությամբ ի հայտ կգան աշխատանքային նոր պայմանագրեր, ուր գործատուն պարզապես աշխատողին կպարտադրի մասնակցել կուտակային համակարգին: Միջազգային պրակտիկայում դա նույնիսկ ընդունված ձև է, երբ գործատուն աշխատանքի ընդունելիս որպես պայման նշում է կենսաթոշակային ֆոնդերին մուծումներ անելու պարտավորությունը: Դա հատկապես տարածված է խոշոր կորպորացիաներում: Կասկած չկա, որ հայաստանյան բազմաթիվ ընկերություններ ևս կգնան այդ ճանապարհով, հատկապես նոր աշխատանքի ընդունվողների պարագայում:
Իհարկե, շատ կարևոր է, որ կրքերը հիմա հանդարտվեն, ու այս որոշմամբ կառավարությունը կհասնի դրան: Սակայն պետք է խոստովանել, որ հիմնարար խնդիրը՝ կենսաթոշակային պատշաճ ապահովումը, այս որոշմամբ լուծում չունի:
Մեկնաբանել