
«Արայի» սեփականատիրոջ դիակը՝ մեքենայում. ինքնասպանությո՞ւն
Այսօր ոստիկանության Կոտայքի բաժնում անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Սևան-Երևան ավտոմայրուղուց Գետամեջ տանող հողածածկ ճանապարհին կայանված «ԲՄՎ X5» մակնիշի ավտոմեքենայում դիակ կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայրում իրավապահները հայտնաբերել են «ԲՄՎ X5» մակնիշի 555 ՏՍ 22 համարանիշի ավտոմեքենա, որի մեջ եղել է «Արայ» ՍՊԸ-ի հիմնադիր-սեփականատեր, Երևանի բնակիչ, 31-ամյա Արմեն Արայիկի Պետրոսյանի դիակը` քունքի մասում հրազենային վնասվածքով: Իսկ նրա աջ ձեռքին եղել է «ՏՏ» մակնիշի ատրճանակ՝ մատը ձգանին դրած:
Քննչական մարմինը ավտոմեքենայի աջ նստատեղին դրված կաշվե սև պայուսակի միջից հայտնաբերել է բելգիական արտադրության «Բրաունինգ» տեսակի ատրճանակ` 53 փամփուշտներով, «ՏՏ» մակնիշի ատրճանակի 6 փամփուշտ և մեկ կրակված պարկուճ:
Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժնի տուգանային հրապարակ: Մարզի քննչական բաժնի Աբովյանի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ` ՀՀ Քր. օր.-ի 110 հոդվածի 1-ին մասի (Ինքնասպանության հասցնելը) և 235 հոդվածի 1-ին մասի (Ապօրինի զենք-զինամթերք) հատկանիշներով:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է նաեւ, որ վերջերս վնասազերծված բանդայի կողմից ավազակային հարձակման էր ենթարկել նաև Արմեն Պետրոսյանի սեփական տունը:
Մեկնաբանություններ (28)
Մեկնաբանել