
Վերահսկիչ պալատի աշխատակիցը ստուգումներից հետո դարձել է Շնողի պատվավոր քաղաքացի
Մայիսի 7-ին Վանաձորի ընդհանուր իրավասության դատարանում Հայկազ Քոչինյանի գործով դատական նիստին վերջինիս պաշտպան Արտակ Ոսկանյանը ներկայացրեց ուշագրավ միջնորդություն: Պաշտպանը հայտնեց, որ Վերահսկիչ պալատը 2009թ. վերահսկողություն է իրականացրել Շնողի գյուղապետարանի 2007 և 2008թթ. բյուջետային գործընթացների նկատմամբ:
«Վերահսկիչ պալատը պարզել է Շնողի գյուղապետարանի կողմից 2007թ. բյուջետային միջոցների օգտագործման համապատասխանությունը օրենքին` իրավական ակտերով սահմանված պահանջներին, և խախտումներ չեն եղել»,- դատարանին հայտնեց փաստաբանը:
Իրականում վերահսկիչ պալատի 2009թ. ընթացիկ և տարեկան հաշվետվություններն արձանագրել են լուրջ ապօրինություններ` Շնողի բյուջեի մուտքերի ապահովման, բյուջետային միջոցների օգտագործման, համայնքային սեփականության կառավարման և օգտագործման գործում:
«Ստուգմամբ պարզվել է, որ 2008թ. հողի հարկի գծով փաստացի մուտքագրված 8,454.5 հազար դրամից 1,645.2 հազար դրամը հողի հարկի գանձապետական համապատասխան հաշվին Հայկազ Քոչինյանը մուծել է 2008թ. ընթացքում համայնքի կողմից օտարված հողերի արժեքից, որով խախտվել է «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքը: Շնող համայնքում 2007-2008թթ. գործել են ոգելից խմիչքներ և ծխախոտ վաճառող առևտրի 8 կետեր: Հայկազ Քոչինյանը դրանցից ոչ մեկից հարկ չի գանձել, որի պատճառով համայնքի բյուջեն զրկվել է լրացուցիչ եկամուտներից»,- նշված է Վերհսակիչ պալատի հաշվետվության մեջ: Վերահսկիչ պալատը նաև բացահայտել է, որ ՀՀ կառավարության 2007թ. թիվ 1278-Ն որոշմամբ Շնողի վարչական սահմաններում գտնվող «Թեղուտ» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 185,954 հա հողերի նպատակային նշանակությունը փոխելու հետևանքով «Թեղուտ» ՓԲԸ-ն Շնողի գյուղապետարանին 25.03.2008թ. վճարել է 49,9 մլն դրամ հողերի կադաստրային արժեքների տարբերություն: Կառավարությունն իր 1278-Ն որոշման 23-րդ հոդվածով «առաջարկել է Շնողի գյուղական համայնքի ղեկավարին` ապահովել հողամասերի նպատակային նշանակության փոփոխման առկա կադաստրային արժեքների տարբերության գանձումը», որը Հայկազ Քոչինյանը չի կատարել:
Ըստ Վերահսկիչ պալատի 2009թ. հաշվետվությունների արձանագրությունների` «հաշվարկը կատարվել է սխալ» (չի հայտնվում, թե ում մեղքով) և պարզվել է, որ «Թեղուտ» ՓԲԸ-ն 03.06. 2009թ. դրությամբ Շնող համայնքի բյուջեին պակաս է վճարել 245,4 մլն դրամ: Հիշեցնենք, որ Հայկազ Քոչինյանը «սխալմամբ» տարիներ շարունակ «Թեղուտ» ՓԲԸ-ից չի գանձել նաև վերջինիս անշարժ գույքի հարկերը:
Շնողի գործող գյուղապետ Հովիկ Սահակյանը պատմեց, որ «Վերահսկիչ պալատի 2009թ. այս ստուգումներից հետո Վերահսկիչ պալատի ռևիզոր Վարուժան Անանյանը Հայկազ Քոչինյանի ձեռնադրմամբ դարձել է Շնողի պատվավոր քաղաքացի`շնողցիների համար անհասկանալի ծառայությունների համար»:
Վերահսկիչ պալատի միջամտությամբ վերականգնված 245,4մլն դրամ բյուջեի մուտքերի, Հայկազ Քոչինյանի անարդյունավետ ծախսերի մասին «Հետքը» բազմիցս ահազանգել է, ինչի հիման վրա էլ Լոռու մարզի դատախազությունում հարուցվել են քրեական գործեր:
Վերահսկիչ պալատը նաև արձանագրել է, որ Շնողի գյուղապետարանում շինարարական աշխատանքների կատարման համար նախագծանախահաշվային փաստաթղթեր չեն կազմվել, սակայն չի գրացել այդ դեպքերը: Սրանք փաստաբան Արտակ Ոսկանյանը խախտումներ չի համարել:
Արտակ Ոսկանյանը դատարանին հայտնեց նաև, որ Վերահսկիչ պալատը որևէ խախտում չի արձանագրել նաև 2007թ. մարտի 1-ին Հայկազ Քոչինյանի կողմից Շնողի գյուղապետարանի կարիքների համար «Մերսեդես Բենս» S 500 մակնիշի 026 LM 36 համարանիշի ավտոմեքենան Շնողի համայնքի բյուջետային միջոցների հաշվին ձեռք բերելու գործընթացում: Վերահսկիչ պալատն իր վերահսկողության ընթացքում ընդհանրապես չի անդրադարձել այս պատմությանը: Իսկ թե ինչու չի անդրադարձել, այդ մասին կարող է պարզաբանում տալ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը:
Արտակ Ոսկանյանը կարծում է, որ իր պաշտպանյալն ավտոմեքենան գնելիս թույլ չի տվել նաև «Գնումների մասին» ՀՀ օրենքի որեւէ խախտում: Այդ առնչությամբ նա դատարանին ներկայացրեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի 17.03. 2014թ. միջնորդությունը, որով մարզպետը դատարանին հայտնել էր, որ մինչև 2011թ. համայնքի կարիքների համար ավտոմեքենա ձեռք բերելու ժամանակ նախապես չէր կարող կատարվել ավտոմեքենայի գնահատում:
Արտակ Ոսկանյանը Վերահսկիչ պալատի հաշվետվությունները և Լոռու մարզպետի 17.03.2014թ. գրությունը հիմք ընդունելով`շինծու և ակնհայտ անհիմն որակեց Հայկազ Քոչինյանի կողմից Շնողի գյուղապետարանի կարիքների համար ձեռք բերված «Մերսեդես Բենս» և 2010թ. ձեռք բերված «Վազ 21-214» մակնիշի ավտոմեքենայի դրվագներով Հայկազ Քոչինյանին ՀՀ քր. օրենսգրքի 308 հոդվածի առաջին մասով առաջադրված մեղադրանքները և պահանջեց միջնորդությունը որպես ապացույց կցել քր. գործին:
Կողմերը դատարանից ժամանակ խնդրեցին պաշտպանի 20 էջանոց միջնորդությանը ծանոթանալու համար: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 23-ին:
Մեկնաբանություններ (9)
Մեկնաբանել