
Բախտագուշակ Վարսիկի հաճախորդները հարձակվել են «Հետքի» լրագրողի եւ ակտիվիստների վրա, սպառնացել գտնել ու «սատկացնել»
Այսօր Գավառի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում էր Սարգիս Հակոբյանի՝ կնոջը խոշտանգելու վերաբերյալ դատը: Դատն ավարտվելուց հետո դատարանի բակում ակտիվիստների եւ «Հետքի» լրագրողի վրա հարձակվեցին սոցիալիստական շարժման ղեկավար ներկայացած Ռոբերտ Ահարոնյանն՝ իր թիմով (մանրամասները՝ տեսանյութում):
Նա երկրորդ անգամ է, ինչ Գավառի դատարան է գալիս երեք երիտասարդի, տաքսու վարորդի եւ մի կնոջ ուղեկցությամբ: Վերջինս, ինչպես «Հետքին» հայտնեց տուժող Հասմիկ Խաչատրյանը, բախտագուշակ Վարսիկի հաճախորդներից է եւ ինչով կարողանում, օգնում է նրան:
Ամբաստանյալ Սարգիս Հակոբյանը օրեր առաջ հանդիպել է Հասմիկ Խաչատրյանին եւ խոստացել սպանել նրան՝ նստելուց առաջ: «Եկել էին երեխայի մոտ, որ բացատրագիր գրեին՝ այն մասին, թե ես արդյոք ծեծում եմ երեխային, թե չէ: Աղջիկս ասաց, որ չեմ ծեծել իրեն եւ այդ ամենը սուտ է: Ինքը դրանից կատաղեց, ինձ ասաց, որ ինքը նստելուց չի վախենում, բայց ինձ սպանելու է, հետո նոր նստի»,- պատմում է տուժող Հասմիկ Խաչատրյանը:
Այսօրվա դատական նիստում ցուցմունք տվեց ամբաստանյալ Սարգիս Հակոբյանը, ով չցանկացավ տեսանկարահանվել: Իր ցուցմունքում նա նշեց, թե Հասմիկն ուզել է իրեն թույնել, ինչի համար էլ պատժել է նրան՝ մեկ ապտակով. «Մի օր ջուր ուզեցի, բերեց, տեսա դառն ա, ասեցի էս ի՞նչ ես լցրել ջրի մեջ, վախեցավ, ջուրը վերցրեց, փախավ: Հետո մի օր էլ ներս մտա, տեսա հեռախոսով ա խոսում, ասեցի՝ էդ ում հետ ես խոսում, ասեց՝ մորս: Ասեցի դե տուր հեռախոսդ տեսնեմ, համարը ջնջեց, նոր տվեց: Էդ էլ ու մի քանի բան էլ որ հավաքվել էր, կատաղեցի, մի հատ տվել եմ»,- իր ցուցմունքում նշեց ամբաստանյալը:
Հարցին, թե արդյո՞ք ընդունում է մեղքը, Սարգիս Հակոբյանը պատասխանեց. «Ոչ, ոչ, չեմ ընդունում»: Հակոբյանը խոստովանեց նաեւ, որ ունեցել է ընկերուհի եւ Երեւանում ապրել նրա հետ: Նշենք, որ ամբաստանյալի ընկերուհին նույնպես դիմել էր «Հետքին»՝ նշելով, որ ենթարկվել է խոշտանգումների: Այդ առիթով Սարգիս Հակոբյանի հանդեպ քրեական գործ է հարուցվել, որը կարճվել է՝ տուժողի դիմումի բացակայության պատճառով:
Ամբաստանյալ Հակոբյանն իր ցուցմունքում նշեց նաեւ, որ չի պատկերացնում Հասմիկ Խաչատրյանի հետ համատեղ կյանքի վերականգնումը. «Ուզում ա նստացնել տա ինձ, էրեխեքին վերցնի, գնա եվրոպա՝ գլուխը լցրած: Բացի անբարոյականությունից ինքն ի՞նչ պիտի աշխատի, որ էրեխեքին պահի: Զզվանք էր արտադրում իրենից, գնում էր զուգարան, ձեռքերը չէր լվանում, ես ո՞նց իրա տված հացն ուտեի: Սաղ աղջիկները կերազեն իմ պես մարդ ունենան: Ես ուզում եմ ինքն ինձ հանգիստ թողնի, ես էլ իրան չճանաչեմ»,- իր ցուցմունքն ավարտեց Սարգիս Հակոբյանը:
Մեկնաբանություններ (11)
Մեկնաբանել