
Անտառապետը դժգոհ է «Թեղուտ» ՓԲԸ-ի իրականացրած անտառվերականգնման աշխատանքներից
«Վալլեքս» խմբի ընկերությունների մամլո խոսնակ Վահրամ Ավագյանն ասում է, որ մինչ օրս Շնողի և Թեղուտի վարչական տարածքներում հատվել է 149 հա անտառ, որի փոխհատուցման շրջանակներում իրականացվել են 378,5 հա անտառվերականգնման աշխատանքներ Թեղուտ, Շնող, Օձուն, Արջուտ, Լեռնահովիտ համայնքների վարչական սահմաններում և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Լալվարի և Գուգարքի անտառներում:
Հիշեցնենք, որ ՀՀ բնապահպանության և գյուղատնտեսության նախարարների 2008թ. փետրվարի 12-ի N59-Ա և փետրվարի 21-ի N 34-Ա համատեղ հրամանով ստեղծված ժամանակացույցի համաձայն` 2014թ. հունվարի 1-ի դրությամբ «Թեղուտ» ՓԲԸ-ն Թեղուտի և Շնողի անտառներում պետք է հատեր 205,5 հա անտառ եւ իրականացներ 411 հա անտառվերականգնման աշխատանքներ:
Ըստ Վահրամ Ավագյանին` Թեղուտ և Շնող համայնքերի վարչական տարածքներում առ այսօր կատարվել է 67 հա անտառվերականգնման աշխատանքներ:
Թեղուտի համայնքապետ Ֆրունզե Նորեկյանը հայտնեց, որ 50 հա անտառվերականգնման աշխատանքներ ընկերությունը կատարել է Թեղուտի Փոլադի սարերում, որտեղ ընդհանրապես տնկիների կպչողականություն չի ապահովվել: «Մեր սարերում մեկ ծառի տակին 10 տնկի է դուրս գալիս, Փոլադի սարերում ծառը տնկելուց հետո կարգին չափար չեն արել, անասունները մտել են մեջը, սաղ ոտնատակ տվել»,- ասաց համայնքապետը:
Ապրիլի 30-ին Շնող և Թեղուտ համայնքների գյուղացիների հետ Թեղուտ ՓԲԸ-ի ղեկավարների հանդիպմանը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Լալվար» անտառտնտեսության Շամլուղի տեղամասի անտառապետ Սերգեյ Շախկյանը փորձեց պարզել, թե 67 հա անտառվերականգնման աշխատանքներում քանի՞ տոկոս կպչողականություն են ապահովել: Վահրամ Ավագյանը հայտնեց, որ ընկերության կողմից աշխատանքային նախագծով նախատեսված շեմային կպչողունակությունն ապահովվել է: «Հավանաբար, ձեր հարցի հիմքում ընկած ենթատեքստի ակնարկն այն է, որ Շնողի տարածքում մենք ունեցել ենք մրցույթով հաղթած կազմակերպության ստանձնած պարտավորությունների թերի կատարում կամ չկատարում `շուրջ 17 հա տարածքներում»,- ավելացրեց Վահրամ Ավագյանը: Ըստ նրա` թեև ընկերությունը դատական ատյաններում քննարկում է հարցը, սակայն չսպասելով հանգուցալուծմանը` Շնողի վարչական տարածքում ստանձնել է ևս 17 հա անտառատնկման ծրագիր:
Պատասխանը չգոհացրեց Սերգեյ Շախկյանին: Նա պահանջեց ներկայացնել անտառվերականգնման աշխատանքներում կպչողականության կոնկրետ ցուցանիշ: «Հինգ տոկոսը կպչողականություն չէ, պետք է 80 տոկոսից ավելի կպչողունակություն ունենա»,- ասաց Սերգեյ Շախկյանը:
Մամուլի խոսնակը բացատրեց, թե կնքվող պայմանագրերում յուրաքանչյուր տարի ստուգվում է կպչողականությունը: Շնողցի անտառապետը չհանդարտվեց: «Էդ պայմանագիրը որ կնքել եք, հիշու՞մ եք ինչ ծառատեսակներ եք տնկել»,- հարցրեց նա: Վահրամ Ավագյանը չէր հիշում: Ասաց, որ աշխատանքային նախագծում նշված է թե́ ծառատեսակը, թե́ յուրաքանչյուր երկու ծառի հեռավորությունը:
«Ներողություն, բա որ նշված է, Փոլադի ձորում որ հացի տնկեք, էնտեղ կաճի՞»,- հարցրեց Սերգեյ Շախկյանը:
«Հետքի» հետ զրույցում վերջինս ասաց, որ «Թեղուտ» ՓԲԸ-ի իրականացրած անտառվերականգնման աշխատանքներում ընդհանրապես կպչողականություն չկա: «Ո՞վ չգիտի դա: Տնկված անտառակուլտուրան որպեսզի անտառ ճանաչվի, մինիմում 60-70 տոկոս կպչողականություն պետք է ունենա: «Վալլեքսի» տնկած անտառները 10 տոկոս կպչողականություն էլ չունեն: Վահրամ Ավագյանն անընդհատ ասում է՝ նորմատիվ շեմը ապահովում ենք: Դե ասում չի, թե որն է էդ նորմատիվ շեմը: Ո՞վ է տեսել տենց բան, Շնողի անտառը կտրում են` Օձուն անտառը գցում: Շնողի տարածքում էլ ասավ 17 հա է անտառ գցում, էդ դիմացից Խեչի դոշի հանդամասում են գցել, էդ հիմնավորապես վերացել է, 17 հա են ասում, 20 հա գցել են Փոլադի սարի տակին, Սարիբեկի թալի վերևներում, էդ էլ չկա»:
Անտառվերականգնման աշխատանքներից դժոգոհեց նաեւ Շնողի համայնքապետ Հովիկ Սահակյանը: Վերջինիս կարծիքով` «Թեղուտ» ՓԲԸ-ի անտառվերականգնման աշխատանքները հավուր պատշաճի չեն վերահսկվել ՀՀ բնապահպանության և գյուղատնտեսության նախարարությունների կողմից:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել