
Գերմանիայի դեսպանի հայտարարությունը Եվրամիության դիրքորոշման փոփոխությունը չէ. Լևոն Զուրաբյան
Հայաստանում Գերմանիայի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը օրերս հայտարարել էր, որ Հայաստանը դեռևս կարող է Եվրամիության հետ ստորագրել ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը, նույնիսկ Մաքսային միություն մուտք գործելուց հետո:
«Հետքը» ՀԱԿ կուսակցության փոխնախագահ, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանից հետաքրքրվեց, թե արդյոք Հայաստանը կօգտագործի՞ նման հնարավորությունը: Ի պատասխան՝ Լ. Զուրաբյանը նշեց, թե ինքը ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը ստորագրելու նախադրյալ այս պահին չի տեսնում:
«Սա բազմիցս չարչրկված թեմա է: Ժամանակին Եվրամիությունը աներկբա կերպով հայտարարեց, որ քաղաքական մասը ստորագրել Մաքսային միությանն անդամակցելու դեպքում հնարավոր չէ: Ես դեռ չեմ տեսնում որևէ նախադրյալ, հիմք՝ կարծելու, թե Եվրամիության այդ որոշումը փոխվել է: Հիմա ես չգիտեմ, թե Գերմանիայի դեսպանը ի՞նչ է հայտարարում, բայց այս պահին չկա հիմք նման փոփոխության համար»,- նշեց նա:
Նա հավելեց, որ ինքը Եվրամիության կողմից հնչեցրած նախկին դիրքորոշման փոփոխություն հիմա չի տեսնում, իսկ նրանք, ովքեր Գերմանիայի դեսպանի հայտարարությունը կհամարեն այդպիսին՝ «թող համարեն»:
Հիշեցնենք, որ դեսպանը նաև հայտարարել էր, թե երկու երկրների համար քաղաքական ու տնտեսական մասերն առանձին են, ուստի իրենք շատ կցանկանային վերականգնել Հայաստանի հետ բանակցությունները: «Նոր փաստաթուղթ ստորագրելը մեր ցանկությունն է գերմանական կողմից և, կարծում եմ, նաև եվրոպական կողմից»,- ասել էր դեսպանը:
Մեկնաբանել