
Հայաստանում ուրան որոնող ընկերությունը անհիմն վնասներ է ցույց տվել
«Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ն 2009-12 թ.թ. Հայաստանում, մասնավորապես՝ Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղի մոտակայքում (Քաջարանից ոչ հեռու) ուրանի պաշարների ուսոմնասիրություն էր կատարում:
Ընկերության հկմնադիրներն էին ՀՀ կառավարությունը և ռուսական «Ատոմռեդմետզոլոտո» ընկերությունը: 2012 թ. որոնողական աշխատանքները դադարեցվեցին, մասամբ՝ տեղի բնակչության և բնապահպանական կազմակերպությունների ակտիվ հակազդեցության պատճառով:
«Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ի ներկայացրած հաշվետվություններով՝ ընկերությունը 2010-12 թթ. աշխատել է զգալի վնասներով: Մասնավորապես՝ 2010թ ունեցել է 46.1 մլն դրամի զուտ վնաս, 2011թ արդյունքներով`87.4 մլն դրամի զուտ վնաս, իսկ 2012թ արդյունքներով` 122.1 մլն. դրամի զուտ վնաս: 2012թ դեկտեմբերի 31-ի դրությամբ ընկերության կուտակված վնասը կազմել է 255.7 մլն դրամ (մոտ 650 հազ. դոլար):
Սակայն ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչության ստուգումները ցույց են տվել, որ վնասների մի մասն անհիմն է, ու առաջացել է սխալ հաշվապահական ձևակերպումների պատճառով:
Այսպես՝ ընկերության կանոնադրական կապիտալի 50%-ի բաժնետեր` «Ատոմռեդմետզոլոտո» ԲԲԸ-ից ներդրումային ծրագրերի (երկրաբանական հետախուզական եւ գնահատման աշխատանքների կատարում) իրականացման համար ստացած փոխառության գծով վճարված տոկոսները եւ տույժերը (ծախսերը) ակտիվի արժեքին ավելացնելու փոխարեն ձևակերպել է որպես ֆինանսական ծախս: Բացի այդ՝ ընկերությունը հանդիսանալով ավելացված արժեքի հարկ վճարող, մատուցված ծառայությունների արժեքի մեջ ներառված ԱԱՀ գումարները հաշվանցելու փոխարեն ձևակերպել է վարչական ծախսերով:
Այս անճշտությունների արդյունքում 2010-12 թ.թ. ավել է ցույց տրվել մոտ 26 մլն դրամի վնաս;
Ստուգմամբ պարզվել է նաև, որ ընկերությունը կատարել է գործուղման և ներկայացուցչական ծախսեր՝ առանց փաստաթղթային հիմքերի: 2010-12 թ.թ. այդպիսի 3 մլն դրամի ծախս է իրականացվել:
Մեկնաբանել