
Հակակարկտային ծառայությունը բյուջեից փող է ստանում, բայց չգիտի ինչ անել
«Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայությունը» (հակակարկտային ծառայություն) պետական բյուջեից ավելորդ գումարներ է ստանում, որոնք ծախսվում են այլ նպատակներով: Այդ մասին նշված է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչության հաշվետվության մեջ:
Ընդհանուր առմամբ՝ 2010-2012թթ. բյուջետային գումարներից չի ծախսվել 146 մլն դրամ, որից 122 մլն դրամն ուղղվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության վարչական շենքի հիմնանորոգմանը, իսկ 24 մլն դրամը մնացել է այդ ՊՈԱԿ-ի հաշվարկային հաշվում:
Հիշեցնենք, որ «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ը ենթակա է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը և պատասխանատու է հակակարկտային կայանների գործարկման և աշխատանքի համար: Սակայն 2013 թ. գարնանային կարկտահարությունը ցույց տվեց, որ հակակարկտային համակարգը թերի է, ի զորու չէ արդյունաավետ պայքարել մթնոլորտային ուժեղ երևույթների դեմ, իսկ կառավարությունը մոտ 600 մլն լրացուցիչ գումար հատկացրեց՝ նոր կայանների տեղակայման համար: Սակայն պարզվում է՝ այդ ծառայությունն իրականում փոդի կարիք չի ունեցել:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և ՊՈԱԿ-ի միջև կնքված պայմանագրերով սահմանվել է, որ ՊՈԱԿ-ը պարտավոր է պայմանագրի շրջանակներում ստացված ֆինանսական միջոցներն օգտագործել միայն «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ծրագրի աշխատանքների իրականացման համար, սակայն, անտեսելով նշված պահանջը, ՊՈԱԿ-ի կողմից 2010-2011թթ կատարվել են ծախսեր, որոնք կապ չունեն իրենց անմիջական գործառույթների հետ: Մասնավորապես, 2010թ.-2011թթ. ընթացքում, որպես ուսման վարձ, տարբեր ուսումնական հաստատությունների 4 դեպքով փոխանցվել է 702 հազ. դրամ:
Բացահայտվել են նաև գործուղման ծախսերի դիմաց ավել փոխհատուցումների փաստեր, անբավարար է հսկողությունը ապրանքանյութական արժեքների պահպանման նկատմամբ: Ընտրանքային կարգով միայն երկու նյութական պատասխանատու անձանց մոտ կատարված շինանյութերի գույքագրումներով արձանագրվել է 218.9 հազ. դրամի պակասորդ և 67.3 հազ. դրամի ավելցուկ:
Այս եզրակացությունից հետո զարմանալի չի թվում, թե ինչու Հայաստանում կարկուտն այդպես անարգել ծեծում է գյուղացիական բերքը՝ գյուղացուն զրկելով 1 տարվա ապրուստից:
Մեկնաբանել