
Գալուստ Սահակյան. «Բնավորությունս փոխելու եմ, ավելի դաժան եմ դառնալու, լրագրողների երեսին չեմ նայելու»
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ԱԺ նախագահի թեկնածու Գալուստ Սահակյանը բազմիցս հայտարարել է, որ իր պաշտոնը խորհրդարանում յուրահատուկ է: «Իմ պաշտոնը Գալուստ Սահակյան պաշտոնն է»,- ասել է նա: «Հետք»-ի հարցին, թե ի՞նչ է լինելու իր պաշտոնի հետ, արդյոք հրաժարվելու է այդ պաշտոնից, Սահակյանը պատասխանեց. «Ես երբեք որևէ անգամ իմ դերակատարման համար ուղղորդող չեմ եղել: Արդեն դա վաղեմության ժամկետ ունի, այդ պաշտոնը անձեռնմխելի պաշտոն է, ոչ մեկ իրավունք չունի այդ պաշտոնում լինել»:
Հարցին, թե արդյոք ԱԺ նախագահ դառնալուց հետո փոխելո՞ւ եք Ձեր իմիջը, նոր կոստյումներ եք գնելո՞ւ, Սահակյանը պատասխանեց.«Ես տասը տարվա կոստյում էլ ունեմ, որովհետև շատ նրբանկատ եմ հագուստի նկատմամբ: Բնավորությունս փոխելու եմ, ավելի դաժան եմ դառնալու, լրագրողների երեսին չեմ նայելու...»:
Մեր հարցին, թե ինչու էր հերքում տարածված լուրերը, որ ինքը նշանակվելու է ԱԺ նախագահի պաշտոնում, ապա Գալուստ Սահակյանն ասաց. «Որովհետև խնդիրը չէր քննարկվել»: Նա նշեց, թե ԱԺ-ն ղեկավարելու պաշտոն է ստացել շաբաթ օրը, երբ ՀՀԿ գումարեց ԳՄ և խորհրդի նիստ:
«Ես երբեք առաջարկություններ չեմ ստացել, չեմ ձգտել առաջարկություններ ստանալ: Իմ դերակատարումը որոշակի է դարձել իմ աշխատանքի հետևանքով: Կուսակցությունը առաջադրել է, ես խոսել եմ, ընդունվել է մասնակիցների կողմից, ընդունվել է առաջարկը»,- նշեց նա:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք հնարավոր է ԱԺ նախագահ դառնալու հանգամանքը լինի 2018թվականի նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու առաջադրվելու նախադրյալ: «Ինձ ուրիշնմերի տեղ մի դրեք»,- պատասխանեց նա: Հարցին, թե վարչապետ դառնալու հավակնություններ ունի, պատասխանեց, որ որևէ բանի հավակնություններ չունի:
Հարցին, թե որտեղ է բնակվելու՝ Պռոշյան ամառանոցում, նա պատասխանեց, որ եթե պարտադիր չլինի բնակվել այնտեղ, ինքը հակված չի լինի թողնել իր բնակարանը:
«Հետք»-ի հարցին, թե ում է պատկերացնում ՀՀԿ խմբակցության ղեկավարի դերում, Սահակյանն ասաց, թե շատերը կարող են աշխատել որպես խմբակցության ղեկավար: Մեր հարցին, թե հնարավոր է` շարունակի ղեկավարել խմբակցությունը, նա նշեց. «Այսպես թե այնպես ես նաև կուսակցության փոխնախագահն եմ ու մասնակից եմ լինելու խմբակլցության աշխատանքներին, օգնելու եմ: Բայց դա չի նշանակում, որ ես խմբակցության ղեկավար անվանումը պետք է ունենամ, որովհետև եթե ընտրվեմ, ես ոչ միայն ՀՀԿ խմբակցության նախագահն եմ, այլև ամբողջ խորհրդարանի»:
Նա նշեց՝ ինքնավստահություն չունի, բայց կուսակցությունում տեղի ունեցած քննարկումների արդյունքում վստահություն է ձեռք բերել՝ կընտրվի ԱԺ նախագահի պաշտոնում: «Միևնույն ժամանակ ես կարծում եմ, որ ինձ անհրաժեշտ է ամբողջ խորհրդարանի աջակցությունը»,- նշեց նա՝ ավելացնելով, որ վատ կզգա իրեն, եթե մյուս խնբակցությունները չմասնակցեն քվեարկությանը: «Վատ կզգամ, որ խնդիրներ է առաջացել, դա իհարկե կապ չի ունենա իմ ընտրվելու հետ, բայց իմ աշխատանքն ավելի կդժվարանա: Ես չեմ կարծում, որ իմ անձի նկատմմաբ նման վերաբերմունք կլինի»,- ասաց Գ. Սահակյանը:
Հետաքրքրվեցինք, թե արդյոք Հովիկ Աբրահամյանի պես քննարկումների պատրաստ է քառյակի խմբակցությունների հետ, թե այլ՝ ավելի կոշտ դիրքորոշում է որդեգրելու ոչ իշխանական ուժերի հարցում, Գ. Սահակյանն նշեց, թե ցանկացած խնդրի, ցանկացած հարցի պարագայում ինքը ոչ թե քննարկում է սկսելու մեկ ամիս առաջ, այլ ավելի վաղ: «Յուրաքանչյուր առաջարկություն ես կաշխատեմ իմ դերակատարումը տեսնել այդտեղ, որ պատռգամավոր, քաղաքական թիմ՝ հնարավորություն ունենա մանրամասնորեն քննարկել»,- նշեց նա:
Մեր հարցին, թե արդյոք մյուս պաշտոնյաների պես դառնալու է անհասանելի, չի պատասխանելու լրագրողների զանգերին, ապա Սահակյանը նշեց, թե դա կապված կլինի իր օրակարգից:
Մեկնաբանել