
Դատարանի հարմարավետ շենքը կա, դատավորը չկա
Ալավերդին ժամանակակից պահանջներին համապատասխան վերանորոգված դատարանի շենք, կարգադրիչների ու քարտուղարության բավարար անձնակազմ ունի, սակայն արդեն մեկ տարի է՝ քաղաքացիական գործերով դատավոր չունի:
Վերջինիս պատճառով ոչ միայն Ալավերդու, այլև Թումանյանի տարածաշրջանի 30 համայնքների բնակիչներն իրենց քաղաքացիական հայցերի դատական լուծումները ստանալու համար դեգերում են Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձորի, Ստեփանավանի, Սպիտակի և Տաշիրի նստավայրերի դատարաններում:
Ալավերդու նստավայրի քրեական գործերի մեծ մասի դատքննությունն էլ տեղի է ունենում Վանաձորում: Դրա հետևանքով նստավայրի դատարանի աշխատակազմը գրեթե անգործության է մատնված:
2013թ. մայիսի 13-ին 6 ամսով՝ մինչև 2013թ նոյեմբերի 13-ը, Ալավերդու նստավայրի քաղաքացիական գործերով նախկին դատավոր Արթուր Աթաբեկյանին գործուղել են Երևան: Դատավոր Արթուր Աթաբեկյանն իր գործուղումն ավարտելուց հետո այդպես էլ Ալավերդու նստավայրի դատարան չի վերադարձել, նոր դատավոր էլ չեն ուղարկել:
Սկզբում քաղհայցերը քննելու համար Ալավերդու նստավայրի դատարան են եկել Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի կամ Վանաձորի նստավայրերի դատավորները: «Մենք մտածեցինք, թե մեզ համար ինչ տարբերություն, կարևորը այն է, որ դատերն ընթանում էին: Հետո դա էլ վերացավ»,-ասում է փաստաբան Ռոման Կոնինյանը:
«Ներկայումս տարածաշրջանի շատ քաղաքացիներ դատարան քաղաքացիական հայցեր չեն ներկայացնում, որովհետև բացի փաստաբանական ծառայության գումարը, նրանք պետք է կրեն նաև բազմաթիվ ծախսեր, այդ թվում նաև ճանապարհածախս`գործի քննությունը այլ քաղաքում ընթանալու պատճառով»,-ասում է փաստաբան Ալեքսանդր Ծատինյանը:
Փաստաբան Ռոման Կոնինյանը հիշում է, որ Ալավերդու նստավայրի դատարանը, երբ քաղաքացիական գործերով զբաղվող դատավոր ուներ, օրվա ընթացքում 7-8 քաղհայցով դատական նիստ էր լինում: «Հիմա իմ վարույթում մոտ 40 քաղաքացիական գործեր կան, որոնք լսվում են Տաշիրի, Սպիտակի և մարզի մյուս քաղաքների նստավայրերի դատարաններում»,-բացատրում է փաստաբանը:
Ալեքսանդր Ծատինյանն էլ հիշում է, որ նախկինում շաբաթվա ընթացքում իր փաստաբանական ծառայությունից օգտվել է 7 քաղաքացի, հիմա դիմում է 1-2 քաղաքացի: Ըստ վերջինիս՝ ալավերդցիների մեկ ամուսնալուծության կամ ալիմենտի բռնագանձման գործի քննությունը Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի այլ նստավայրերում տևում է շուրջ մեկ տարի: Քաղհայցերը մարզի մյուս նստավայրերի դատարանների դատավորների վրա բաշխելը լուրջ դժվարություններ է ստեղծում նաև փաստաբանների աշխատանքում: Վերջիններիս համար ֆիզիկապես անհնարին է լինում նույն օրը մասնակցել Վանաձորի, Սպիտակի և Տաշիրի նստավայրերում նշանակված նիստին: «Ամբողջ օրը ճանապարհներին ենք լինում»,- դժգոհում է Ռ.Կոնինյանը:
![]() |
![]() |
Ռոման Կոնինյան | Ալեքսանդր Ծատինյան |
Վերջինս ապրիլի 25-ին երկու գործ է ունեցել Սպիտակում եւ Տաշիրում: Փաստաբանը պատմեց, որ հայցվորներից մեկը 80 տարեկան մի կին` ծննդյան թվի գրանցման գործով, պաշտպանին ասել է, որ 5 հազար դրամ չունի փաստաբանի Տաշիր գնալու ճանապարհածախսը վճարելու համար և վերջ: Երկրորդը` երկու երեխաների հայրության ճանաչման գործ է եղել: Երեխաների մայրը`5 հազար դրամ ճանապարհածախս է տվել փաստաբանին և խնդրել է այնպես անել, որ գործը մեկ դատական նիստով ավարտվի, որովհետև այլևս հնարավորություն չունի ճանապարհածախս վճարելու:
Ռ Կոնինյանը նաև նկատել է, որ մյուս նստավայրերի դատավորները ծանրաբեռնվածության պատճառով չեն կարողանում ապահովել քաղհայցերի բազմակողմանի և օբյեկտիվ քննություններ, այդ թվում՝ պատշաճ հետազոտել ապացույցները: Դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը հայտնեց, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Ալավերդու նստավայրում քաղաքացիական գործերով դատավորի հաստիք կա, սակայն նստավայրում դատավոր կնշանակվի 2015թ.-ի հունվար կամ փետրվար ամիսներին:
«Դիմորդները, ովքեր ուզում են դատավոր դառնալ մրցույթից հետո, արդեն հայտնի են, նրանք ներկայումս 10-ամսյա վերապատրաստում են անցնում ակադեմիայում: Վերապատրաստումն ավարտելուց հետո Ալավերդու նստավայրում կնշանակվի քաղաքացիական գործերով դատավոր»,- ասաց Արսեն Բաբայանը:
«Այդ դեպքում գոնե մեր քաղհայցերը քննող դատավորները թող գան Ալավերդու նստավայրի դատարան, ոչ թե սոցիալապես անապահով բնակիչներն ու փաստաբանները 80 կմ ճանապարհ հատեն դատավորներին հասնելու համար»,- ասում է Փաստաբան Ռոման Կոնինյանը:
Մեկնաբանել